Մարդն ու իր օգուտը

Մարդն ու իր օգուտը

Որքան էլ քարոզենք, որ արտագաղթը վատ բան է, որ մարդը պետք է իր հայրենիքում ապրի, միեւնույն է՝ մարդն առաջնորդվում է ոչ թե քարոզներով ու հայրենասիրական զգացումներով, այլ պարզ կենցաղային առաջնահերթություններով։



Եվ դա վերաբերում է ոչ միայն ապրելու վայրի ընտրությանը, այլեւ ամեն ինչին՝ ապրանքների, ծառայությունների, հանգստավայրի ընտրությանը։ Կարելի է հսկայական քարոզչական արշավներ անել՝ քարոզելով, որ մարդիկ ոչ թե Դուբայ մեկնեն Ամանորին, այլ՝ Ջերմուկ, իսկ ամռանը ոչ թե Բաթումիում հանգստանան, այլ՝ Սեւանի ափին։ Սակայն մարդը, ի վերջո, ընտրելու է այն, ինչ ձեռնտու է իրեն՝ հարմար, հաճելի, քիչ ծախսատար։ Տնտեսական ազատ մրցակցությունը հենց դա է։ Որ ինչքան էլ վրացական ծովափ մեկնելը երկար է տեւում, բայց մեր հանգստացողը նախընտրում է այդ 12 ժամվա տառապանքը, քանի որ մեզանում առաջարկվող հանգիստը զիջում է վրացականին։



Հիմա նոր երեւույթներ էլ են սկսել ի հայտ գալ։ Օրերս տեղեկացա, որ ինչ-որ մարդիկ սկսել են հաճախակի մեկնել Թբիլիսի՝ պարզապես առեւտուր անելու։ Պարզվում է՝ մեքենայի վառելիքի ծախսն անգամ ներառյալ, Թբիլիսիից առեւտուր անելն ավելի շահավետ է, քան երեւանյան խանութներից ապրանքներ գնելը։ Եվ ոմանք ոչ միայն իրենց անհատական սպառման համար են մեկնում առեւտուր անելու, այլեւ՝ հարեւանների։ Որոշ գյուղերից, ասում են, մարդիկ մեկնում են Վրաստան՝ լվացող նյութեր, մանկական «փամփերսներ», այլ կենցաղային իրեր գնելու, եւ դրանք բերելով, գյուղերում վերավաճառում են՝ իրենց «ճամփի ծախսը հանելով» եւ հարեւաններին էլ մի քանի հազար դրամի օգուտ տալով։ Իսկ սա նշանակում է, որ առեւտուրը 90-ականների «չելնոկության» ժամանակներին է վերադարձել։ Մյուս կողմից՝ սա նաեւ պրոֆեսիոնալ առեւտրականների պարտությունն է։