Ֆրանցիսկոս Պապի այցը կարելի է համարել պատմական

Ֆրանցիսկոս Պապի այցը կարելի է համարել պատմական

Արդեն հայտնի է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Ա Պապի Հայաստան այցի օրակարգը: Քրիստոնեական ամենամեծ Եկեղեցու` մեկ միլիարդ հավատացյալ ունեցող Հռոմի Կաթոլիկ եկեղեցու գահակալի այցը Հայաստան, բնականաբար, կրկին մեր երկրի վրա կհրավիրի համաշխարհային հանրության ուշադրությունը: Սա կարելի է համարել պատմական այց, հատկապես՝ ներկայիս ռեգիոնալ բավական բարդ իրավիճակում: Վերջին անգամ Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալը Հայաստան այցելել էր երկու հազար մեկին` քրիստոնեության հազարյոթհարյուրամյակի միջոցառումների ժամանակ: Այն ժամանակ Կաթոլիկ եկեղեցին գլխավորում էր ազգությամբ լեհ Հովհաննես Պողոս Երկրորդը:



Հռոմի Կաթոլիկ եկեղեցու եւ Հայ Առաքելական եկեղեցու հարաբերություններն ունեն ավելի քան ութ հարյուր տարվա պատմություն: Առաջին շփումները կրոնական-եկեղեցական մակարդակում սկսվել են Կիլիկյան շրջանում, Խաչակրաց արշավանքների ժամանակներում, երբ Արեւելյան Միջերկրածովյան ափամերձ հատվածում ձեւավորվեցին խաչակրած պետությունները մի կողմից, իսկ կիլիկիահայությունն էլ իր պետությունն էր կերտում մյուս կողմից: Մինչ այդ Բյուզանդական եկեղեցու հետ հարաբերությունների բավական լուրջ փորձառություն ունեցող Հայ եկեղեցին սկսում է առաջին շփումները Հռոմի եկեղեցու հետ: Միջնադարի ողջ ընթացքում եւ նաեւ հետագա դարաշրջաններում այդ հարաբերությունները փոփոխական տրամադրություններով շարունակվել են եւ ունեցել ինչպես դրական, այնպես էլ բացասական գծեր:



Հռոմի Կաթոլիկ եկեղեցին, սակայն, ավանդական քրիստոնյա աշխարհի համար, կարելի է ասել, բացվեց Վատիկանի երկրորդ տիեզերաժողովից հետո, երբ վերանայվեցին որոշ դոգմաներ, եւ Եկեղեցին ավելի լայնախոհ եւ բաց դիրք գրավեց մյուսների հանդեպ: Ի դեպ, այս ժողովի աշխատանքներում իր անգնահատելի դերակատարությունն է ունեցել նաեւ հայազգի կարդինալ Գրիգոր Պետրոս Աղաջանյանը: Արդեն Խորհրդային Միության փլուզումից հետո Կաթոլիկ եկեղեցու կազմում գտնվող Հայ Կաթողիկե եկեղեցին իր Հայաստանի, Վրաստանի եւ Արեւելյան Եվրոպայի թեմով հաստատվեց Հայաստանի Հանրապետությունում (առաջնորդանիստը` Գյումրիի Սրբոց Նահատակաց մայր եկեղեցի): Հայաստանում այսօր, բացի հայ կաթողիկե համայնքներից, գործում են նաեւ Մխիթարյան միաբանության կենտրոնը, Անարատ Հղության Հայ քույրերի միաբանությունն իր «Տիրամայր Հայաստանի» կենտրոնով, «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը Աշոցքում, «Ռադիո Մարիամ-Հայաստան» ռադիոկայանը, «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն եւ այլ կառույցներ:



Ուշագրավ է այն հանգամանքը, որ Սրբազան Քահանայապետը այցելելու է Գյումրի եւ նաեւ Պատարագ է մատուցելու Գյումրիում, ինչը կարելի է համարել երկրորդ դրական ժեստը անցյալ տարի ապրիլին Սուրբ Պետրոսի Մայր Տաճարում մատուցված Պատարագից հետո՝ հընթացս որի հայազգի մեծանուն Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց որպես Կաթոլիկ Եկեղեցու վարդապետ (այսինքն` վերջինիս ուսուցումները մտնում են կաթոլիկ եկեղեցու դոգմաների մեջ եւ ենթակա են պարտադիր ուսուցման բոլոր կաթոլիկ կրթարաններում), եւ նաեւ հիշատակեց «Հայոց Ցեղասպանություն» եզրույթն իր քարոզի ընթացքում:



Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ