Մենք աշխատում ենք ձեզ համար

Մենք աշխատում ենք ձեզ համար

Երեկ, ժամը 17-ին Ազատության հրապարակը գրավել էին լրագրողները։ Այս անգամ նրանք լուսաբանում էին իրենց իսկ ակցիան՝ ուղղված խոսքի ազատության պաշտպանությանը։ Միմյանցից հարցազրույցներ էին վերցնում, հայտարարության տակ ստորագրում, զրուցում։ Ներկաների բավականին անսովոր կազմ էր հավաքվել՝ իշխանական կամ, ինչպես իրենք են ասում, պետականամետ լրատվամիջոցներից մինչեւ ամենալուսանցքային եւ ամենաընդդիմադիր։ Այսպիսի համերաշխություն մեր լրատվադաշտում հազվադեպ է լինում։ Լրագրողների դեմ կիրառված բռնությունները պետք է բացառվեն, մեղավորները պետք է պատժվեն, իշխանական հակաքարոզչությունը մամուլի եւ լրագրողների դեմ պետք է դադարեցվի․ ահա այն կարգախոսները, որոնք հնչում էին հավաքված խմբագիրների եւ լրագրողների շուրթերից։ Ամեն ինչ շատ զուսպ էր, գրագետ, հասուն եւ սոլիդ։ Միայն մի քաղաքացու բացականչություն ակցիայի ժամանակ խախտեց հավաքվածների միասնականությունը․ մարդն ընդվզում էր՝ այսինքն, մեզ կարելի է ծեծել, լրագրողներին՝ չէ՞։ Չգիտեմ՝ գործընկերներս հասցրի՞ն բացատրել նրան, որ մեր ակցիան ուղղված չէ «լրագրողների չծեծվելու, բայց քաղաքացիների ծեծվելու» սկզբունքի ներդրմանը։ Մենք՝ լրագրողներս, մեր աշխատանքի ընթացքում հենց քաղաքացիների չծեծվելու իրավունքն ենք պաշտպանում։ Հաճախ հենց մեր ներկայությամբ սթափեցնելով բռնություն կիրառողներին եւ երբեմն էլ մեր վրա վերցնելով քաղաքացիներին ուղղված հարվածները։ Բայց մեր ներկայությունն «առաջին գծում» ուղղված է հատկապես հասարակությանը լիարժեք տեղեկատվություն հասցնելու, նրա ինքնապաշտպանական մեխանիզմներն աշխատեցնելու նպատակին։ Եվ եթե լրագրողը չկարողանա անարգել, առանց բռնությունների ենթարկվելու վտանգի աշխատել, հասարակությունը կզրկվի տեղեկացված լինելու հնարավորությունից։