Արմեն Մարտիրոսյանը կանգնել է ժողովրդի եւ ոստիկանության արանքում (լուսանկարներ, տեսանյութ)

Արմեն Մարտիրոսյանը կանգնել է ժողովրդի եւ ոստիկանության արանքում (լուսանկարներ, տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ձերբակալվել է հուլիսի 29-ին, այժմ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում է։ Ավագանու «Բարեւ, Երեւան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով։ Արմեն Մարտիրոսյանի մայրը՝ Լուսյա Պետրոսյանը, հրաժարվում է խոսել որդու գործունեության մասին: Միայն ասում է, որ անցած օրերի ընթացքում ինքը մի քանի տարով ծերացել է։ Կինը՝ Սաթենիկ Ալթունյանն ասում է, որ Արմենի երեխաների մոտ նախընտրում են չխոսել այդ թեմայով։ Աղջիկներից Սոնան եւ Անահիտը 11 եւ 10 տարեկան են, իսկ փոքրը՝ Արմենուհին, 1,4 տարեկան եւ մեր զրույցի ողջ ընթացքում վազվզում էր տնով մեկ։



Արմեն Մարտիրոսյանի եղբայրը՝ Արշակ Մարտիրոսյանը, լավ ճանաչելով իր եղբորը, նրա խառնվածքը, մեզ հետ զրույցում ասում է, որ բացառվում է, որ նա տնից ինտերնետով հետեւեր իրադարձություններին եւ չհայտնվեր դրանց կիզակետում։ «Ինքը՝ որպես Երեւանի ավագանի, որպես ազնվագույն մարդ, չէր կարող անտարբեր մնալ, մաս չկազմել պայքարող ժողովրդին, տանը նստեր եւ հետեւեր, թե հայը հային ոնց է սպանելու, ով ում է ծեծելու-ջարդելու։ Ինքը բոլոր հանրային միջոցառումների ժամանակ, ժողովրդի ըմբոստության պահերին կանգնել է ժողովրդի եւ ոստիկանության արանքում։ Եվ, սկսած Մարտի 1-ից, ինքը միշտ հարվածն իր վրա է վերցրել։ Սա նորություն չէր մեզ համար։ Ինքը չի կարող իր ժողովրդից հեռու մնալ եւ թողնել, որ հարվածը հասնի ժողովրդին։ Մենք էս ամեն ինչին, իհարկե, պատրաստ էինք, որովհետեւ Արմենը չի կարող ժողովրդից անմասն մնալ, ինքն էդ տեսակ մարդ է։ Ինքը կանգնում է ժողովրդի կողքին եւ չի թողնում, որ հարվածը գա նրա վրա»,- ասում է Արշակը։



Արմենի քրոջը՝ Աննա Մարտիրոսյանին մտահոգում է, որ տեսակցությունների եւ հեռախոսազանգերի վրա արգելք է դրված։ «Պատճառաբանել են, որ ինքն այնպիսի տեղ է գտնվում, որ մուտքն արգելվում է։ Մենք 72 ժամ կալանքի ժամանակ չենք տեսակցել, երբ բերեցին դատարան, այն ժամանակ տեսանք։ Կալանքի որոշումը կայացնելու պատճառն էլ եղել է այն, որ իբր չխոչընդոտի հետաքննությանը։ 72 ժամը երբ լրացել է, Արմենը եկել է տուն, երեխաներին ցտեսություն է ասել, իրերը վերցրել է եւ գնացել դատարան։ Այսինքն՝ եթե մարդու մտքին տեղ լիներ փախչելու, ապա այդ ժամանակը կարող էր օգտագործել։ Բայց Արմենի մտքով չէր անցնում, եւ մենք անգամ լրագրողներին տեղյակ չպահեցինք, որ այդ պահին Արմենի դատն է։ Ո՛չ խոչընդոտելու միտում կար, ո՛չ փախչելու։ Ո՞ւր պիտի փախչեր կամ ինչի՞ց։ Կալանավորումն էլ, ամեն ինչն էլ հասկանալի է, մենք գիտենք, թե ինչ երկրում ենք ապրում։ Կարծում եմ՝ ես չէ, որ այդ ամենը պետք է բացատրեմ լրագրողներին։ Եթե իրենք հարվածներ են ստանում, եւ հետո, ի պատասխան, իրենց ասում են՝ մոռացեք այդ մասին, կարծում եմ՝ իրավական դաշտի մասին խոսելը մեր երկրում ավելորդ է. բոլորն էլ գիտեն, թե Արմենին ինչի համար են ձերբակալել»,- ասում է Աննա Մարտիրոսյանը։
Արմեն Մարտիրոսյանի հարազատները վրդովված են երկրում տիրող անարդարություններից։ Նրանք մտածում են ոչ միայն Արմենի մասին, այլեւ մյուս կալանավորվածների՝ Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Սանասարյանի, որին ծեծել էին։



Աննան ասում է, թե Հովսեփ Խուրշուդյանի տարեց ծնողների համար էլ է անհասկանալի, թե ինչու են կալանավորել իրենց որդուն, ինչ է արել նա, եւ ինչպես պետք է պայքարեն՝ իրենց որդու ազատությանը հասնելու համար։ Աննան ասում է, որ ինքն ամեն անգամ ամոթի զգացում է ունենում, երբ քաղաքական հայացքների համար կալանավորվածների գործերն ուղարկվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ ՀՀ-ի, եւ մեր կառավարությունն ստիպված է լինում վճարել այդ անհեթեթ վճիռների համար։
Իսկ Արմեն Մարտիրոսյանի կրտսեր դուստրը՝ Արմենուհին, իր առաջին թոթովանքներն է անում։ Ավագները՝ Սոնան ու Անահիտն էլ շատ են ցավում, որ հայրը զրկված է նրա թոթովանքները լսելու հաճույքից։



Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ