Սերժ Սարգսյանի կոչը՝ մոռանալ, այլ ենթատեքստ ունի. կարեւորը հետեւություններ անելն է

Սերժ Սարգսյանի կոչը՝ մոռանալ, այլ ենթատեքստ ունի. կարեւորը հետեւություններ անելն է

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը երեկ Ազատության հրապարակում ներկա էր 15 լրատվամիջոցների ակցիային՝ հանուն խոսքի ազատության։ Ֆարմանյանը, ի դեպ, այն միակ իշխանական պատգամավորն է, որն այցելեց հիվանդանոց՝ տեսակցելու ոստիկանական բռնություններից տուժած լրագրողներին, որոնք վնասվածքներով հայտնվել էին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում։



«Ես կիսում եմ նախաձեռնության հեղինակների մտահոգությունները՝ կապված լրագրողների հանդեպ բռնությունների անընդունելության եւ նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հետ։ Եվ ավելին՝ կարծում եմ, որ մամուլի եւ խոսքի ազատությունը մեր երկրում այն բացառիկ ձեռքբերումներից է, որ անկախության այս 25 տարիների ընթացքում մենք կարողացել ենք ունենալ, եւ ցանկացած մարտահրավեր, խնդիր, որ այս ուղղությամբ առաջ շարժվում է, դա պետք է դատապարտել, դա պետք է կանխել, դրա հետագա զարգացումը պետք է բացառել»,-մեզ հետ զրույցում ասաց Ֆարմանյանը։ Նրա խոսքով՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ իրավիճակում ինչ գործողություն է իրականացվում, բռնության հեղինակները պետք է բացահայտվեն, եւ մեղավորները պատասխանատվություն կրեն։



-Այդ բացառիկ ձեռքբերումը՝ խոսքի ազատությունը, սակայն, իշխանությունների կողմից պարբերաբար ճնշվում, ոտնահարվում է, սա ինչպե՞ս հասկանանք։



-Ես կարծում եմ՝ առաջին հերթին որեւէ իշխանություն ի զորու չէ հետ պտտելու այն անիվը, երբ մենք խոսում ենք խոսքի ազատության եւ լրատվամիջոցների ազատության մասին, որ Հայաստանում այսօր գոյություն ունի։ Եվ դա բարեբախտություն է։ Երկրորդ․ իշխանությունն իր հերթին պետք է հետեւություններ անի այն սխալ գործելակերպից, բոլոր այն սխալ մեթոդներից, որոնք ժամանակ առ ժամանակ մեր երկրում կիրառվում են։ Տվյալ պարագայում ես կարծում եմ, որ տեղի ունեցած այդ անցանկալի իրադարձություններում բոլոր մեղավորները քննությամբ պետք է պարզվեն եւ պատասխանատվության ենթարկվեն։



-Անցյալ տարի այս օրերին «Էլեկտրիկ Երեւանի» ակցիաների ժամանակ նորից բռնություններ գործադրվեցին լրագրողների նկատմամբ, ո՞րն էր իշխանությունների արած հետեւությունը, երբ այս տարի ավելի կոշտ միջոցներով գնաց այդ բռնություններին։



-Ես չեմ ուզում մտնել քննության ընթացքի, դրա լրիվության օբյեկտիվության, բազմակողմանիության, առկայության կամ դրա բացակայության խնդիրների մեջ, փաստը մնում է փաստ, եւ ես ասում եմ իմ կարծիքը, որ բռնությունը, որպես քաղաքական պայքարի միջոց, անընդունելի է, եւ դա էական չէ՝ ում է վերաբերում։ Երկրորդ. լրագրողների դեմ բռնության դեպքերն ուղղակի հակասում են այն արժեքին, այն ճանապարհին, որով Հայաստանն ընթանում է։ Եվ, անկախ նրանից, թե ով է իշխանությունը, սա մեր երկրի զարգացման, ապագայի տեսլականից վնասաբեր է, անընդունելի է, որոնք պետք է դատապարտել։



-Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք էլ էին լրագրողների նկատմամբ բռնություններ իրականացվում, Սերժ Սարգսյանը դրանից դասեր չքաղե՞ց, որ հիմա էլ իր իշխանության օրոք են նման երեւույթներ տեղի ունենում։



-Ես չէի ցանկանա անցկացնել համեմատություններ, որովհետեւ գոյություն ունեն մասնագիտական կազմակերպություններ, որոնք խոսքի ազատության վերաբերյալ պարբերաբար կազմում են նման ինդեքսներ եւ համեմատում են աշխարհում այդ իրավիճակը տարբեր երկրներում։ Ես կարող եմ ասել, որ նախագահ Սարգսյանի կառավարման ընթացքում, ամբողջության մեջ, խոսքի եւ լրատվամիջոցների ազատության ուղղությամբ մենք, իմ կարծիքով, ունենք էական ձեռքբերումներ, որոնք իսկապես երկրի համար կարեւոր են։ Բայց բոլոր այն թերությունները, որոնց մասին նաեւ նախաձեռնության հեղինակները մտահոգություն են հայտնում, ես կիսում եմ այդ մտահոգությունները։



-Դուք լրագրողների նկատմամբ իրականացված այս բռնությունները կմոռանա՞ք՝ անսալով Սերժ Սարգսյանի կոչին։



-Ես կարծում եմ, որ նախագահ Սարգսյանի ասածն այլ ենթատեքստ ունի։ Խնդիրը ոչ թե այն մասին է՝ մոռանալ եւ հետեւություններ չանել, այլ լրիվ այլ նպատակ էր հետապնդում՝ իմ տպավորությամբ։ Իհարկե, հետեւություններ պետք է արվեն, եւ լավագույն հետեւությունը համակողմանի, անաչառ եւ ամբողջական հետաքննությունն է, մեղավորներին ի հայտ բերելն ու համարժեք պատժի ենթարկելը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ