Զուգարանի, կաշառքի եւ քաղաքապետարանի չինովնիկի մասին

Զուգարանի, կաշառքի եւ քաղաքապետարանի չինովնիկի մասին

Երեւանի կորած-մոլորած անկյուններից մեկում մի փոքրիկ անօրինական շինության՝ ավտոտնակի առաջ բերած պատի, ապօրինի կառուցած աստիճանի, մայթի մի հատվածի անօրինական կառուցապատման եւ այլ օրինախախտումների մասին լայն հանրությունը, որպես կանոն, չգիտի։ Քաղաքացիներից քչերն են բողոքում՝ համարելով, որ, միեւնույն է, արդյունք չկա, վերահսկող մարմիններն աչք են փակում, չինովնիկներն էլ՝ քաղաքապետարանի պաշտոնյաները, գլուխները կախ փող աշխատում։ Տվյալ դեպքում խոսքը ոչ թե ավտոտնակի, այլ սանհանգույցի մասին է, կարճ ասած՝ զուգարանի, որը գտնվում է Արարատյան 64/10 տան՝ Գայանե Շահբազյանի եւ նրա հանգուցյալ ամուսնու եղբորը՝ ազատամարտիկ Եղիա Եղոյանին պատկանող բակում։ Դարպասը մեկն է, բակը՝ համատեղ։ Հարեւանները հաշտ չեն ապրում։ Ազատամարտիկը, ըստ Գայանեի, բակն իրենով է անում, օգտվելով իր արտոնություններից եւ, որպես կոնտուզիա տարած, «գժի թուղթ» ունենալու հանգամանքից։ «Նրա կինն անընդհատ երեխաներ է ունենում, բակն իրեն չի հերիքում»,- ասում է Գայանեն։ Նրա եւ միակ դստեր կյանքը վերածվել է պատերազմական գործողությունների։ Այդ գործողությունները կռվով, ծեծով-ջարդով են ուղեկցվում՝ ըստ Գայանեի։ «Նա երկու անգամ մարդ է ծեծել, մի անգամ էլ կացինն առել է, եկել է մեզ վրա»,- պատմում է կինը։ Այս ողբերգության վերջին արարն այն էր, որ զուգարանը, որը գտնվում է Գայանե Շահբազյանի դռան առաջ, առանց իր համաձայնությունը հարցնելու, Եղոյանը վերածել է խորդանոցի։ Իհարկե՝ Երեւանի քաղաքապետարանի թույլտվությամբ։ Գայանեն համոզված է, որ իր հարեւանը կաշառք է խաղացրել, իսկ երբ ինքը բողոքում է, դիմումներ է հղում մարմիններին, տեգրոջ կինն անպայման բակում սկանդալներ է սարքում՝ կռիվ-ղալմաղալ, տհաճ տեսարաններ, ոստիկանների մասնակցությամբ։ «Նա բռնի ուժով բռնագրավել է բակը, անընդհատ երեխա է բերում, հիմա էլ էդ «կլադովկեն» ա սարքել իմ դռան դեմը»,- ասում է Գայանեն։



Վստահեցնում է, որ Եղոյանին առաջարկել է տեղափոխել «կլադովկան», բայց վերջինս չի ենթարկվում՝ պատասխանելով․ «Չէ, տարածքս կփոքրանա»։ Գայանեն դատարան է դիմելու՝ պահանջելով չեղյալ համարել կառույցի թույլտվության որոշումը, քանդել տալ «կլադովկան», իսկ առայժմ, նոր մարտերի նախօրեին, կոչ է անում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որ նա կարգի հրավիրի «այս կարգի մարդկանց, որոնք մնում են անպատժելի ու խմում են անմեղ մարդկանց արյունը։ Հասկանո՞ւմ եք կոռուպցիան ինչ է։ Ուզում ես քեզ ճղի, բան չի փոխվում»,- ասում է կինը եւ լաց է լինում։ Եղիա Եղոյանը իմանալով, որ եղբոր այրին դիմել է թերթին, ասաց․ «Ղալաթ է արել, նա հոգեկան խնդիրներ ունի, ես Մարտական խաչի 3-րդ աստիճան ունեմ, ազատամարտի հաշմանդամ եմ, ԵԿՄ վարչության անդամ, ազգի հերոս եմ փաստաթղթերով, 5 երեխայի տեր։ Իսկ հանրությունից քշված մարդ է, իմ եղբայրը մահացավ, մենք նրան խղճացինք, տեղ տվեցինք, բայց նա ապերախտ է»։ Ինչո՞ւ է ընդհանուր բակում շինարարություն սկսել առանց Գայանեի համաձայնության։ «Նա ո՞վ է, որ համաձայնություն տա, սա իմ հարական տունն է»։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ