«Հայոց վահանը» Քեսաբում 6 հազար 700 հայերի է փրկել

«Հայոց վահանը» Քեսաբում 6 հազար 700 հայերի է փրկել

Արթուր Վարդանյանի եւ նրա ղեկավարած խմբի գործով կալանավորված ազատամարտիկները, որոնց հետ Հայաստանում հանդիպել է Արթուր Վարդանյանը, իրենց ցուցմունքներում, որպես կանոն, նշել են, որ լավ չեն ճանաչել Արթուր Վարդանյանին կամ մեկ-երկու անգամ են նրան տեսել։ Վահան Շիրխանյանը, օրինակ, որը կաթոլիկ եկեղեցու հետեւորդ է, քննիչներին հայտնել է, որ Արթուրի հետ ծանոթացել է եկեղեցու հոգեւորականի միջոցով եւ մեկ ամսում ընդամենը երկու անգամ է նրան տեսել։ Գառնիկ Մարգարյանը նույնպես ժխտել է իր կապն Արթուր Վարդանյանի հետ՝ հայտնելով, որ Եղվարդի իր առանձնատանն է ծանոթացել եւ նույնիսկ կտրուկ խոսակցություն է ունեցել նրա հետ, կշտամբելով «հեղափոխական» ելույթի համար, իսկ Վովա Առաքելյանը հայհոյանքներով նրան դուրս է վռնդել։



Սփյուռքում Արթուր Վարդանյանի եւ նրա խմբի հանդեպ վերաբերմունքն այլ է։ Նրան համարում են Քեսաբում ԴԱԻՇ-ի դեմ պայքարող հերոսներից մեկը, որին հայաստանյան իշխանություններն անարդար ձեւով բանտ նետեցին։ Ինչպես հիշում ենք, 2015-ի ամռանը, խմբի բացահայտումից մի քանի ամիս առաջ, Արթուր Վարդանյանը Հայաստանում գրանցել էր «Հայոց վահան» կազմակերպությունը, իսկ նոյեմբերին այս կազմակերպության խորհրդանիշներն ու դրոշներն ԱԱԾ-ն գտել էր Նորք-Մարաշի առանձնատանը, խմբի վնասազերծման ժամանակ։ Այս կազմակերպության մասին հայտնի էր նաեւ, որ այն Քեսաբում զինված դիմադրություն է ցույց տվել վարձկան ահաբեկիչներին, սակայն ապացույցներ չկան։



Օրերս մեզ հաջողվեց կապ հաստատել «Հայոց վահան» կազմակերպության անդամ, լիբանանահայ Անի Ազատունու հետ, որն Արթուր Վարդանյանին օգնել է հիմնել այս կազմակերպությունը։ Նա «Հրապարակի» ընթերցողներից է եւ Լիբանանից հետեւում է մեր հրապարակումներին։ Այս կինն իր իրական անունը չի հայտնում, քանի որ վստահ է, որ այն պահից սկսած, երբ համացանցում հայտնվեն իր անունն ու ազգանունը, ինքը «ԴԱԻՇ» ծայրահեղական ահաբեկչական խմբավորման տեսադաշտում կհայտնվի։ «Մեզ ISIS-ի կամ սիրիական պետության աչքին չգցեք։ Մենք շատ գաղտնի ենք պահում էս բոլորը»,- ասում է Անի Ազատունին։ Նա նաեւ հայտնեց, որ ունի լուսանկարներ եւ սիրիացի բարձրաստիճան զինվորականների վկայություններ, որոնք փաստում են, որ Արթուր Վարդանյանը մեծ գործ է արել Քեսաբի բնակչությանն ահաբեկիչներից պաշտպանելու հարցում։ ««Հայոց վահան» անունը սիրիական պետությունն է տվել տղաներին։ Մեր կազմակերպությունն օրինավոր գրանցում ունի Եվրոպայում ու Հայաստանում, եւ Արթուրը, եւ մենք մեծ գործ ենք կատարել Սիրիայում բնակչության պաշտպանության համար»։ Ըստ Անի Ազատունու, իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը, թե Արթուր Վարդանյանը մեծ գումարներ է հավաքել Սփյուռքի տարբեր գործիչներից։ «Արթուրը նյութապաշտ չէ, եւ նրա համար կարեւորը գործն էր, ինչպես նաեւ Քեսաբի այլ հայ տղաների համար։ Մենք գործել ենք սեփական գումարներով եւ սիրիական պետության չնչին աջակցությամբ։ Արթուրը հերոս է, եւ ես պատրաստ եմ մի 40 հոգի բերել Հայաստան, որոնք կվկայեն, որ դա հենց այդպես է։ Հերիք է այդ տղային այս վիճակում պահեք»,- սկայպով մեզ հայտնում է տիկին Ազատունին։



- Տիկին Ազատունի, ի՞նչ գործ է արել, ի վերջո, «Հայոց վահանը» Քեսաբում՝ հայերի համար։ Մենք հստակ որեւէ տեղեկություն չունենք։



- Մենք 6 հազար 700 հայ տուն ենք ուղարկել՝ Քեսաբի ազատագրմանը Սիրիայի բանակի հետ մասնակցելով։ Ականազերծել ենք գյուղացիների հողամասերը։ Այն ծերերին էլ, որոնք չեն կարողացել փախչել, հավաքել էինք, տարել էինք Թուրքիա։ Հազար միջնորդություններով, գերիներ հանձնելով, վերադարձնել տվինք։ Որ տեսնեիք դրանց վիճակը... վստահ՝ կլացեիք։ Կամ տեսնեիք, թե ինչպես էր այդ խեղճ ժողովուրդը գետնին նստած Լաթաքիո եկեղեցու բակում, ...էլի չէիք դիմանա։ Իսկ ոմանք հայտարարեցին, որ Արթուրը չի մասնակցել Քեսաբի հարցին։



- Իսկ Քեսաբից փախածներն ինչքա՞ն էին։



- Զարմանալի բան, փախած հայերի թիվը 6 հազար 700 հոգի էր։



- Այսինքն՝ բոլորը վերադարձա՞ն։



- Այո։ Հիմա հալեպահայերն էլ մեծ թվով այնտեղ են։



- Հայաստանում շատ են հալեպահայերը։ Հիմա էլի ինչ-որ աշխատանք կատարո՞ւմ եք։



- Քամըշլիում՝ այո։



- Այնտեղ ահաբեկիչները հատկապես ակտիվ են։



- Այո։ Օգնում ենք, որ հայերը կարողանան իրենց պաշտպանել։ Բայց եկեք՝ մի գրեք այս մասին, թողեք լուռումունջ աշխատենք։ Ինչն ավարտվել է, կարելի է գրել՝ Քեսաբը։ Աշխատանքներ կան, որոնց մասին հայտնելու իրավունք չունեմ։



- Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարությունն ուզում էր, ի պաշտպանություն Արթուր Վարդանյանի, հեռուստակամուրջ կազմակերպել, բայց չստացվեց։ Տեղյա՞կ եք։



- Ոչ։ Դա այլ կազմակերպություն է, բայց մենք պատրաստ ենք օգնել բոլորին։ Արթուրը սիրված է շատ, առյուծասիրտ։ Մի քիչ էլ համարձակ։ Երեսին ասում էր մարդկանց սխալները, արյունը եռում է։ Սիրիացի գեներալներին զարմացնում էր շատ։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ