Հարբած քաղաքացին խախտել է Երևան-Գյումրի գնացքի գրաֆիկը

Հարբած քաղաքացին խախտել է Երևան-Գյումրի գնացքի գրաֆիկը

Այսօր` երեկոյան, Երևանից Գյումրի ժամանող գնացքը մոտ 20 րոպե ուշացումով է Գյումրի կայարան հասել: Գնացքն իր անխախտ գրաֆիկ ունի, եւ Գյումրիում պետք է լիներ 21:35-ին, մինչդեռ կայարան է հասել 22:00-ի սահմաններում, ինչը ուղևորներին սպասող քաղաքացիներին անհանգստացրել է եւ տագնապի մեջ պահել: Գնացքի ժամանումից հետո ուղևորուհիներից մեկը մեզ պատմեց, որ Արագած- Անի հատվածում մի հարբած տղամարդ ընկել է գնացքի տակ, որի պատճառով սլաքավարն ստիպված է եղել կանգնեցնել գնացքը : Մեր զրուցակցի փոխանցմամբ տղամարդը բարեբախտաբար կատարվածից չի տուժել: Նրան առաջին օգնություն են ցուցաբերել գնացքի ուղևորները, որի ընթացքում նա խոստովանել է, որ երբ ձգվել է դեպի գնացքը, չի կարողացել ըմբռնել, թե ինչ է իր հետ կատարվում:



Ի դեպ, քիչ առաջ տեղեկություն ստացանք, թե տղամարդը կոտրել է գլուխը, տեղափոխել են հիվանդանոց` վիրահատության: Գյումրի բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Նարեկ Կիրակոսյանը մեզ հաղորդեց, որ այս պահի դրությամբ բժշկական կենտրոն նման քաղաքացի չի ընդունվել: «Եթե բերեն, անպայման կտեղեկացնեմ» ,-խոստացավ մամուլի պատասխանատուն:  Իսկ ահա դեպքի ականատես մեր զրուցակիցը վստահեցրեց, որ հարբած քաղաքացին այդքան էլ չէր տուժել, հնարավոր է ընդամենը վնասվածք է ստացել:



Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել Արագած-Անի հատվածում, որտեղ միայն բուժամբուլաստուրա է գործում:



Արևիկ Հակոբյան, Գյումրի