Ալիեւի թշվառությունը

Ալիեւի թշվառությունը

Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարը հայտարարել է, որ մտադիր է բանակցություններ սկսել զարգացած երկրների հետ՝ բալիստիկ հրթիռների սեփական արտադրության տեխնոլոգիաներ ձեռք բերելու նպատակով: Նույն օրը հանդիպել են Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները: Մինչեւ տարեվերջ Թուրքիան ավարտին է հասցնում Ադրբեջանին համազարկային կրակի ռեակտիվ կայանքների մատակարարման գործարքը, որ, սակայն, կնքվել է 2013թ.-ին:



Ադրբեջանի Միլլի մեջլիսի ֆիանսաբյուջետային կոմիտեի նախագահ Զիադ Սամեդզադեն, սակայն, դժվարանում է ասել, թե որքան է լինելու գալիք տարվա պետական բյուջեն: Նրա կանխատեսմամբ՝ «մի շարք ներդրումային նախագծեր չեն ֆինանասավորվի, որպեսզի սոցիալական հատկացումներն իրականացվեն»: Սամեդզադեն հայտնել է, որ բյուջեում մեկ բարել նավթի գին է սահմանվում 40 դոլարը:



Ադրբեջանցի խորհրդարանականը փոքրիկ խորամանկություն է արել՝ հնչեցնելով, որ պետական բյուջեն, հավանաբար, կկազմի 17-18 մլրդ. մանաթ: Դա ընթացիկ տարվա բյուջեի ծախսային մասն է: Խնդիրը, սակայն, այն է, որ անցյալ տարեսկզբից ի վեր ադրբեջանական մանաթը սրընթաց արժեզրկվում է: Փորձագետների կարծիքով, ԱՄՆ 1դոլարն իրականում արժե 3 մանաթ: Ադրբեջանի ԿԲ սահմանել է 1 դոլարի 1,679մանաթ փոխարժեք:



Այսպիսով, եթե գալիք տարվա ադրբեջանական բյուջեն ընդամենը 16-17 մլրդ մանաթ է, ապա դոլարային արտահայտությամբ այն եռակի պակաս է: Այսինքն, իրականում Ադրբեջանը կարող է ունենալ առավելագույնը 6-7 մլրդ դոլարի պետական բյուջե, եթե նավթի համաշխարհային գները կտրուկ չբարձրանան: Իսկ այդպիսի համարձակ կանխատեսում ոչ ոք չի անում:



Այս իրավիճակում ի՞նչ խոսք կարող է լինել բալիստիկ հրթիռների սեփական արտադրություն կազմակերպելու մասին: Ակնհայտ է, որ ռազմական արդյունաբերության նախարարն ընդամենը հանրային տրամադրությունները հանգստացնելու նպատակ է հետապնդել: Ադրբեջանում խիստ անհանգստացած են Հայաստանում «Իսկանդեր» հրթիռների առկայությամբ:



Ամենայն հավանականությամբ, խոսքը թուրքական նախագծի մասին է: Բայց Թուրքիայի համար սեփական բալիստիկ հրթիռների արտադրությունը շատ հեռավոր ապագայի նպատակադրվածություն է: Հայտնի չէ՝ գաղափարն իրականություն կդառնա՞: Նույնիսկ չի բացառված, որ նման հայտարարություն Թուրքիան արել է զուտ քարոզչական նպատակներով:



Ադրբեջանի դեպքում խնդիրն ավելի անհասանելի է: Առաջին հերթին՝ ֆինանսական միջոցների խորացող սղության պատճառով: Ալիեւի թշվառությունը հայտնի է ամողջ աշխարհին: Եւ հազիվ թե գտնվի ռազմարդյունաբերության ոլորտում բարձր տեխնոլոգիաների տիրապետող երկիր, որը ցանկություն կունենա սնանկացող պետության հետ քննարկել բալիստիկ հրթիռների արտադրության շատ հավակնոտ ծրագիր:



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ