Բոլորը քնած էին, վարորդը՝ նույնպես. վթարի մանրամասները՝ ամփոփ

Բոլորը քնած էին, վարորդը՝ նույնպես. վթարի մանրամասները՝ ամփոփ

Ի՞նչ եղավ



Թվում էր, թե «ուրբաթ 13»-ը բարեհաջող ճանապարհել ենք, մեկ էլ հաջորդ առավոտ տեղեկանում ենք՝ տեղական ժամանակով 05.30-ին Վլադիկավկազ-Բեսլան ավտոճանապարհին մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է բեռնատար ավտոմեքենային: Կայծակնային արագությամբ լուրերը սկսեցին տարածվել։ Ֆեյսբուք սոցցանցում ակտիվորեն սկսեցին քննարկել ավտովթարի հնարավոր և անհնարին բոլոր վարկածները։ Եղան օգտատերեր, ովքեր եզրակացրին՝ դիտավորություն է, մյուսները հակադարձեցին՝ ՀԱՊԿ-ի հետ է կապված և այլն։ 



Տուժածների ընդհանուր թիվը



Հանրության մեկնաբանություններին հաջորդեցին պաշտոնականները։ ՀՀ ԱԻՆ-ը ներկայացրեց վթարի հետևանքով զոհվածներից երկուսի անունները՝ 1970թ. ծնված Արևիկ Հունանյան և 1954 թ. ծնված Յուրա Պողոսյան: Սրան հաջորդեց վիրավորների անունների հրապարակումը, ընդհանուր հաշվով՝ 27 վիրավոր, որոնցից 19-ը հոսպիտալացվել էին, իսկ ավելի ուշ հիվանդանոցից բուժօգնություն ստացել և դուրս էին գրվել 16-ը։ Ավտոբուսում, ըստ հրապարակված տվյալների, եղել էին 52 ուղևորներ։



Ավելի ուշ ՀՀ վարչապետը  նամակով դիմել էր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին` ՌԴ ԱԻՆ օգնությամբ մարդասիրական ավիափոխադրում իրականացնելու համար: Պատասխանը չուշացավ։



Տուժածներից ովքե՞ր եկան և ովքե՞ր դիմավորեցին



Հայաստանի ժամանակով 19։01 ՌԴ ԱԻՆ օդանավը վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայան, որը Հայաստան տեղափոխեց վթարի հետևանքով վիրավորված 27 քաղաքացիների, ինչպես նաև զոհված Յուրա Պողոսյանի դին:



Տուժածներին դիմավորելու էին եկել հարազատները, պաշտոնական մի շարք անձինք, ինչպես նաև ԶԼՄ ներկայացուցիչներ, ստեղծվել էր ԱԻՆ բժշկական, հոգեբանական և տեղեկատվական ծառայությունների արձագանքման կետեր, և ժամանող ՀՀ քաղաքացիներին տեղում ցուցաբերվում էր համապատասխան օգնություն:



Ավտովթարի նախնական վարկածը



Լրագրողների հետ զրույցում ՀՀ տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը, խոսելով վթարի պատճառների մասին, նշեց, որ այն վերջնական չէ, քննությունը ցույց կտա, իսկ նախնական տվյալներով՝ վարորդը քնել է ղեկին, իսկ մեքենայի անսարքության հետ կապված, կարծես թե, խնդիրներ չեն եղել։



Տուժածները՝ վթարի մասին



Տուժածներից Մարգարիտա Ղարիբյանը, նշեց, որ ինքը քնած է եղել, արթնացել է ու նկատել, որ շտապօգնության մեքենայում է։



Աշիկ Մարգարյանը, ով բնակվում է Շիրակի մարզում, ասաց, որ առաջին և վերջին դեպքն է, որ ավտոբուսով է երթևեկելու, մեկնել էր արտագնա աշխատանքի։ Նա իր խոսքում նշեց, որ վարորդները չեն կարողանում քնել, հնարավոր չէ նման պայմաններում, նույնիսկ եթե փոխարինում են միմյանց․ «2 վարորդ են եղել, հերթով քշում էին։ Ես հիմա չեմ կարող ասել՝ քնել են, թե վատ է մեկը զգացել իրեն, մարդ է, ինչ իմանամ։ Ես քնած եմ եղել»։



Ալավերդի քաղաքի բնակիչ 20-ամյա Հրայր Բեկջանյանը, ով ապրիլյան պատերազմի մասնակիցներից է, ծառայությունը ավարտելուց հետո մեկնել էր ՌԴ, պատմեց դեպքից մանրամասներ․ «Գիշերվա ժամը 4-ի մոտերն էր, բոլորս քնած ենք եղել։ Հարվածը զգացի, հետո արդեն թոզ, բան, ավտոբուսի մեջ ոչ մի բան չէր երևում, ձեռ տվեցի, տեսա արյուն ա սաղ։ Լուսամուտները ջարդեցինք, դուրս եկանք, մնացածին էլ օգնեցինք, հանեցինք մինչև շտապօգնությունը եկավ»։



Ալավերդի քաղաքի ևս մի բնակիչ, ով հարազատների հետ հյուր էր գնացել, պատմում է․ «Շատ ահավոր էր, չեմ կարա նկարագրեմ, որովհետև դա նկարագրելու չէր։ Մենք 4 հոգով էինք։ Առաջին անգամն ա՝ օգտվում էինք էս ավտոբուսներից։ Տոմսի փողը մենք անմիջապես տվել ենք վարորդին․ 2000 ռուբլի»։



Վթարի հետեւանքով տուժել են ԼՂՀ ՆԳ փոխնախարարի ծնողները: «Լեռնային Ղարաբաղի ՆԳ փոխնախարարի մայրը ներկայում Վլադիկավկազի Հանրապետական կլինիկական հիվանդանոցում է, նա թեթեւ վնասվածքներ է ստացել: Փոխնախարարի հայրը նույնպես ավտոբուսում է եղել եւ ներկայում ժամանակավոր տեղակայման կետում է»,- այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել էր Հյուսիսային Օսիայի Պրավոբերեժնի շրջանի ղեկավարի տեղակալ Վալերի Կառլովը:



Օդանավակայանից տուժածները հատուկ մեքենաներով տեղափոխվեցին իրենց բնակավայրեր, իսկ բժշկական օգնության անհրաժեշտություն ունեցող ուղևորները շտապ օգնության մեքենաներով տեղափոխվեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։



Քանի՞սն են շարունակում մնալ հիվանդանոցում



Ըստ ՀՀ ԱԻՆ հրապարակած ցուցակի՝ Վլադիկավկազի հիվանդանոցում շարունակում է մնալ ՀՀ 4 քաղաքացի: Տարբեր կարգի վնասվածքներով երկու քաղաքացի՝ Հարությունյան Ժ.Մ.-ն (ծնված՝ 1949թ.) եւ Պողոսյան Ս.Ս.-ն (ծնված՝ 1990թ.) գտնվում են Վլադիկավկազի հանրապետական կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը գնահատվում է ծանր:



Եվս երկու քաղաքացի՝ Բաղդասարյան Հ.Կ.-ն (ծնված՝ 1949թ.) եւ Սալենյան Ա.Ա.-ն (ծնված՝ 1978թ.) գտնվում են քաղաքի «Շտապօգնության» կլինիկական հիվանդանոցում: Նրանց վիճակը համապատասխանաբար գնահատվում է ծանր եւ միջին ծանրության:



Ռուսական կողմի վիրավորների մասին



«Միր 24» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մոսկվա-Երեւան ուղերթի ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել են 17-ամյա կարատեիստն ու նրա մարզիչը, երկուսն էլ Դոնի Ռոստովի երկրամասից։



Ո՞վ էր վթարված ավտոբուսի վարորդը



Նշենք, որ Բեսլանի մոտակայքում վթարված ավտոբուսի զոհված վարորդը՝ Յուրա Պողոսյանը 1954 թվականի ծնված էր։ Նա վարում էր իր որդու՝ Կարեն Պողոսյանին պատկանող մեքենան։ Ընտանիքը Տավուշի մարզի Տավուշ համայնքից էր, որի հին անվանումն է Թովուզ։ Յուրա Պողոսյանը կնոջ՝ Աստղիկ Պողոսյանի և երկու որդիներ հետ բնակվում է Երևանում, Դավթաշեն թաղամասում, սակայն հաճախ էին գնում գյուղ։ «Այստեղ տուն –տեղ ունեին, լավ, խելոք ընտանիք են, աշխատող մարդիկ», - պատմում է Տավուշի գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը։ Վերջինս վստահեցնում է, որ ավտուբուսը նորմալ վիճակում է եղել։ «Անսարք չի եղել ավտոբուսը։ Շատ նորմալ վիճակում էր, ինքը փորձառու վարորդ էր, 90-ականներից նույն գործին էր։ Դեպք է, պատահել է»։



Հարուցվել է քրգործ



Հավելենք, որ ՌԴ ՆԳՆ քննչական վարչության՝ Հյուսիսային Օսեթիայի Հանրապետության ստորաբաժանման վարույթում հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի մարդու մահ)։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։



Վով Մուշեղյան