Ֆեյսբուքից ինքնաջնջվելու ժամանակը

Ֆեյսբուքից ինքնաջնջվելու ժամանակը

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակը հերքել է լուրերը նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին: «Երեկ ողջ օրը լծված եմ եղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականի մասին լուրերը հերքելով: Բայց արի ու տես, որ լրատվամիջոցների որոշ շրջանակ չի հանգստանում եւ մեկը մյուսի հետեւից ավելի «կատարելագործված» ստեր է տարածում»,- տրտնջացել է նա։ Բայց՝ «որքան էլ Արսեն Թորոսյանի շրջապատը ջանում է լուրեր տարածել, թե նա մնալու է՝ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից, մեր աղբյուրներն ասում են, որ այդպես չէ։ Ավելին՝ 2 օր առաջ Թորոսյանը դիմում է գրել՝ աշխատանքից ազատվելու, սակայն Փաշինյանը խիստ զայրացել է, պատռել է դիմումը եւ ասել, թե՝ դու չես որոշում՝ երբ գնաս, ես եմ որոշում»,- համառում են մամուլի «դավադիր» շրջանակները, եւ դա ամենեւին զարմանալի չէ։

Նախարարի հրաժարականի պահանջը վաղուց հասունացած է, ուստի դրա շուրջ, բնականաբար, նաեւ օդում կախված լուրեր են շրջանառվում, ավելին՝ ժողովրդական բանահյուսություն է ծաղկում՝ գովեստի, պարսավի, անեկդոտի, նույնիսկ հայհոյանքի ժանրում։ Բոլոր ստերին, օդում կախված լուրերին, ասեկոսեներին կարելի էր վերջ դնել ոչ թե հրաժարականի մերկապարանոց հերքումով (ինչը ցանկացած խոսնակի սուրբ պարտականությունն է), այլ հասարակ մի բացատրությամբ, թե ինչո՛ւ է նախարար Թորոսյանը ջնջվել Ֆեյսբուքից։ Չէ՞ որ Ֆեյսբուքն արհեստական շնչառության այն սարքն է, որով նախարարն իր գործընկերների հետ՝ ընդհուպ (եւ մանավանդ) վարչապետ, կապված է կյանքին։ Ֆեյսբուքը թթվածին է, որով նրանք շնչում են արդեն քանի տարի։ Հետեւաբար, վերջին օրերի սենսացիան ոչ թե նախարարի հրաժարականն է, այլ՝ Ֆեյսբուքից ջնջվելը, իբրեւ վիրտուալ գոյություն՝ իր մահկանացուն «կնքելը», առավել եւս՝ եթե դա կատարվել է ինքնասպանության՝ ինքնաջնջվելու եղանակով։ Բա հանրությունը չիմանա՞, թե մարդն ինչու կամ ինչից է «վախճանվել»։