Մոլորակի աղմկահարույց քաղաքական սպանություններն ու մահափորձերը

Մոլորակի աղմկահարույց քաղաքական սպանություններն ու մահափորձերը

Անցած հարյուրամյակի ընթացքում համաշխարհային օրակարգը բազմիցս ցնցվել է քաղաքական սպանությունների և մահափորձերի մասին հաղորդագրություններով: Որպես կանոն, այդ հանցագործությունները խորապես ազդել են երկրների և նույնիսկ տարածաշրջանների ապագայի վրա։

Այդօրինակ աղմկահարույց սպանություններից մեկը տեղի ունեցավ 2022 թվականի հուլիսի 8-ին՝ Ճապոնիայում, որտեղ հրազենային վնասվածքից մահացավ Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեն։ Հիշեցնենք, որ Աբեի դեմ մահափորձը տեղի է ունեցել կեսօրին մոտ, երբ քաղաքական գործիչը ելույթ էր ունենում Նարա քաղաքում՝ վերին պալատի ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավի շրջանակներում։ Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, սակայն, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, քաղաքական գործչի կյանքն ավարտվել է 67 տարեկանում։

Ճապոնիայի նախկին վարչապետի հետ տեղի ունեցածը կրկին ուշադրություն է հրավիրել տարիների ընթացքում քաղաքական առաջնորդների աղմկահարույց սպանությունների վրա: Ներկայացվող շարքում, բացառությամբ Ջոն Քենեդիի, հիշատկված պատմությունները կապված են տարբեր երկրների ներկա և նախկին վարչապետների անվան հետ։

Ջոն Ֆիցջերալդ Քենեդի

ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանությունն այս շարքի, թերևս, ամենահնչեղ պատմությունն է, որը համարվում է քաղաքական մոտիվներով սպանություն։ Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել 1963 թվականի նոյեմբերի 22-ին, տեղի ժամանակով ժամը 12։30-ին, ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում։ Քենեդին մահացու վիրավորում է ստացել դիպուկահար հրացանից արձակված փամփուշտից, երբ իր կնոջ՝ Ժակլին Քենեդու հետ միասին, նախագահական շքախմբով անցնում էր Էլմ Սթրիթով։ Սպանությունը հաջորդող 10 ամիսների ընթացքում հետաքննվում էր հատուկ ձևավորված կոմիտեի կողմից, որը գլխավորում էր ԱՄՆ բարձրագույն դատարանի նախագահ Էրլ Ուորենը («Ուորենի կոմիտե»)։ Վերջինս հանգել է այն եզրակացության, որ սպանությունն իրականացվել է հանցագործ Լի Հարվի Օսվալդի կողմից։ Վերջինս սպանությունն իրագործել է միայնակ։ Գոյության ունեն դավադրության մի շարք տեսություններ, որոնք կասկածի տակ են դնում Ուորենի կոմիտեի կողմից առաջ քաշված եզրակացությունները և ներկայացնում են սպանության այլընտրանքային վարկածներ, այդ թվում՝ ամերիկյան և խորհրդային հատուկ ուժերի մասնակցությունը։ Սակայն մինչ օրս այդ տեսություններից և որևէ մեկը չի ապացուցվել։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը (70 %-ից ավելին) չի հավատում սպանության պաշտոնական տարբերակին։

Ինդիրա Գանդի

Հնդկաստանի առաջին և միակ կին վարչապետ Ինդիրա Գանդին զոհվել է 1984 թվականի հոկտեմբերի 31-ին: Նրան սպանել են պահապան խմբի սիք զինվորները, որնցից մեկը նրա վրա կրակել Է ատրճանակով, իսկ մյուսն՝ ինքնաձիգի կրակահերթ է արձակել: Գանդիի սպանությունից 7 տարի անց սպանում են նաև նրա որդուն և իրավահաջորդին։ 

Ուլոֆ Պալմե

Շվեդիայի նախկին վարչապետ Ուլոֆ Պալմեն հայտնի էր ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Խորհրդային Միության հասցեին իր անողոք քննադատությամբ։ 1984 թվականին Պալմեի կառավարությունը PKK-ն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչում։ Երկու տարի անց, 1986 թվականի փետրվարի 28-ին նրան սպանում են կինոթատրոնի ելքի մոտ, որտեղ շվեդ ղեկավարն այցելել էր իր կնոջ հետ։ Այդ չարաբաստիկ օրը Շվեդիայի վարչապետին  թիկնապահներ չեն ուղեկցել և վերջինս իր կնոջ հետ տուն վերադառնալիս է եղել Ստոկհոլմի ամենաբանուկ փողոցներից մեկով։ Միջադեպն արտացոլվել է սպանությունների մասին պատմող տասնյակ գրքերում, որտեղ մեծ դերակատարում է ունեցել ահաբեկչական PKK-ն։ Սակայն Պալմեի սպանության հետ կապված «հարցականները» առ այսօր կան։

Բենազիր Բհուտո

Պակիստանում մահմեդական երկրի պատմության մեջ առաջին կին վարչապետ Բենազիր Բհուտոն, ոչ միայն երկու անգամ եղել է երկրի ղեկավարության առաջին շարքերում, այլև ենթարկվել է քրեական պատասխանատվության և նույնիսկ հարկադրված է եղել փախչել երկրից: 2007 թվականին վերադառնալով Իսլամաբադ՝ Բենազիր Բհուտոն անմիջապես միացավ Պակիստանի քաղաքական գործընթացին և կոշտ առճակատման մեջ մտավ երկրի նախագահ Փերվեզ Մուշարաֆի հետ։ Կին քաղաքական գործիչը միշտ համարվել է ռազմական վերնախավի և իսթեբլիշմենթի կողմնակիցը, որը ցանկանում էր սահմանափակել կրոնի ազդեցությունը պետության կյանքի վրա։ Նախկին վարչապետի վրա առաջին անգամ մահափորձ կատարվեց 2007 թվականի հոկտեմբերին․ այդ ժամանակ Բհուտոն չտուժեց, սակայն պայթյունի հետևանքով զոհվեց առնվազն 130 մարդ, ևս 500-ը վիրավորվեցին։ Քաղաքական գործչի դեմ ահաբեկչության երկրորդ փորձը կատարվել է նույն տարվա դեկտեմբերի 27-ին։ Ցույցի ժամանակ մահապարտ ահաբեկիչը երկու անգամ կրակել է Բենազիր Բհուտոյի վրա, որից հետո նա գործի է դրել նաև պայթուցիկները։ Պակիստանի պատմության մեջ առաջին կին վարչապետը մահացել է հիվանդանոցում՝ գիտակցության չգալով։

Բյուլենթ Էջևիթի և Թուրգութ Օզալի դեմ կատարված մահափորձերը

Բազմաթիվ թուրք քաղաքական առաջնորդների նկատմամբ նույնպես իրականացվել են մահափորձեր։ Նման փորձերից մեկը կատարել է ազգությամբ հույն անձը․ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ում՝ Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենթ Էջեւիթի նկատմամբ։ Մեկ այլ մահափորձ է կատարվել 1977 թվականի մայիսի 29-ին՝ Իզմիրի Չիգլի շրջանում։ Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Էջևիթը ավտոբուս է նստել՝ նախապատրաստվելով հանրահավաքին։ Հայտնի է նաև, որ Թուրգութ Օզալի վարչապետ եղած ժամանակ նրա դեմ մահափորձ է իրականացվել Անկարայում, 1988 թվականի հունիսի 18-ին՝ իր գլխավորած Հայրենիք (ANAP) կուսակցության համագումարի ժամանակ ամբիոնում ելույթ ունենալիս։