ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ մեր հարցադրումներին 

ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ մեր հարցադրումներին 

Դեկտեմբերի 6-7-ին մենք հրապարակում արեցինք «Հին Երուսաղեմ, Հայկական թաղամաս․ դադար փոթորկից առա՞ջ, թե՞ հետո» վերնագրով։ Հրապարակումից հետո դիմել էի ՀՀ ԱԳՆ՝ խնդրելով պատասխանել 3 հարցի․

«1. Երեւանի Նար-Դոսի փողոցում 15.11.2023-ին հրեական մի սինագոգի վրա իրական կամ բեմադրված հարձակման կապակցությամբ հայտարարություն էր տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ Խնդրում եմ բացատրել, թե ինչո՞ւ արարքի վերաբերյալ հայտարարություն տարածողը ԱԳՆ-ն էր, եւ ոչ թե ՀՀ ՆԳՆ-ն, որը հետաքննում էր խուլիգանական արարքը։
Միեւնույն ժամանակ, նույն օրերին՝ 5 - 15.11.2023-ին, Հին Երեւսաղեմի Հայկական թաղամասում «Կովերու պարտէզի» շուրջ  ծավալված իրադարձությունների ընթացքում, ընդհուպ Xana Gardens Ltd-ի կողմից, Իսրայելի ոստիկանության թողտվությամբ, Հայկական թաղամասում ասֆալտի եւ պարսպի մի հատված քանդելու բացահայտ հանցագործության կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն որեւէ հայտարարություն չտարածեց։ Խնդրում եմ հստակեցնել ո՞ւմ շահերն է սպասարկում ՀՀ ԱԳՆ-ն եւ ինչո՞վ է բացատրվում շարքային մի սինագոգի միջադեպի կապակցությամբ հայտարարություն տարածելը, Հին Երուսաղեմի Հայկական թաղամասում կատարված հանցագործության շուրջ լռելը։ 

2. Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կողմից «Կովերու պարտէզի» վարձակալման պայմանագրի չեղարկման հայտարարությունից ի վեր Երուսաղեմի Քրիստոնեական համայնքների պատրիարքներն ու առաջնորդները, միջազգային մամուլը, Ֆրանսիան, ՌԴ-ն, ԱՄՆ-ը եւ այլոք անդրադարձել են հայկական եւ քրիստոնեական ժառանգության վտանգման անթույլատրելիությանը Սուրբ Քաղաքում։ Քրիստոնյա պատրիարքները համատեղ հայտարարություն են տարածել, Ֆրանսիայի հյուպատոսն է Հայոց պատրիարքություն այցելել եւ աջակցություն հայտնել, ՌԴ ԱԳՆ խոսնակն է մամուլի ասուլիսում հրապարակավ խոսել, ԱՄՆ-ից է դիվանագիտական, ոչ հրապարակային միջամտություն եղել։ Կխնդրեի հայտնել՝ իսկ ի՞նչ է արել կամ անում ՀՀ ԱԳՆ-ն։ Հայաստանում Իսրայելի ոչ-ռեզիդենտ դեսպանը` Ն․ Գ․ Ջոել Լիոնը գոնե հրավիրվե՞լ է ՀՀ ԱԳՆ, կամ ե՞րբ է հրավիրվելու, ի՞նչ դժգոհություն է նրան փոխանցվել կամ փոխանցվելու։ 

3. Երկու տարի առաջ, ճիշտ այս օրերին՝ 2021թ-ի դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել էր Պաղեստինի եկեղեցիների հարցով բարձրագույն նախագահական կոմիտեի ղեկավար Մուին Էլիաս Յուսեֆ Խուրիի ղեկավարած պատվիրակությանը: Համաձայն ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության հանդիպմանը քննարկվել էին «Սուրբ Հողում հայկական հարուստ պատմամշակութային և կրոնական ժառանգությանը վերաբերող հարցեր»: Ի՞նչ է որոշվել եւ ի՞նչ է հետեւել այդ հանդիպմանը։ 
Խնդրում եմ հստակեցնել՝ ՀՀ ԱԳ նախարարը կամ իր տեղակալները անցած երկու տարում որեւէ նկատելի գործ արե՞լ են Սուրբ Հողում, ներառյալ Հին Երուսաղեմում «հայկական հարուստ պատմամշակութային և կրոնական ժառանգությունը» պահպանելու ուղղությամբ ընդհանրապես եւ պրն․ Յուսեֆ Խուրիի ղեկավարած կոմիտեի հետ համագործակցությամբ մասնավորապես»։

Դեկտեմբերի 20-ին ստացել ենք ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական պատասխանը, որը ներկայացնում ենք ստորեւ․ 

«Հարգելի տիկ․ Պետրոսյան,

Ի պատասխան Ձեր հարցման (ԱԳՆ մուտքագրվել է 12.12.2023թ)` հայտնում ենք, որ ՀՀ-ն անթույլատրելի է համարում կրոնական կառույցների նկատմամբ ցանկացած ոտնձգություն, վանադալիզմի կամ անհանդուրժողականության որեւէ դրսեւորում։ Երուսաղեմի հայապատկան սեփականությանն առնչվող որեւէ հարց գտնվում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության իրավասոթյան ներքո, որը ճանաչված է թե իսրայելական, թե պաղեստինյան իշխանությունների կողմից եւ գործում է որպես լիիրավ իրավաբանական անձ։

Իսրայելում ՀՀ դեսպանությաունը Հայկական թաղամասի պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանմանն առնչվող հարցերի շուրջ մշտական կապի մեջ է ինչպես Հայոց Պատրիարքության, այդպես էլ տեղական իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ իր իրավասությունների եւ կարողությունների սահմաններում իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը։
ՀՀ ԱԳՆ-ը մշտապես հանդես է եկել Երուսաղեմում տասնամյակներ գործող ստատուս քվոյի անձեռնմխելիությանն ուղղված միջազգային ջանքերը համադրելու օգտին։ Թե Իսրայելում ՀՀ դեսպանության միջոցով, թե ուղիղ կերպով ՀՀ ԱԳՆ-ը ուշադիր հետեւում է «Կովերու պարտեզի» վարձակալության պայմանագրի եւ Երուսաղեմի Հին Քաղաքի Հայկական թաղամասի շուրջ զարգացող իրադարձություններին, եւ անհրաժեշտության դեպքում, հանրային տիրույթում անդրադարձ կատարում դրանց։ 

Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ 2023թ-ի մայիսի 11-ին Հորդանանի եւ Պաղեստինի իշխանությունները հայտարարություն տարածեցին առ այն, որ ժամանակավորապես սառեցնում են Երուսաղեմի Հայոց Պատրիարքի իրավասությունները ճանաչող հրովարտակների գործողությունը։ Մայիսի 24-ին ՀՀ ԱԳՆ առաջարկով Հորդանանի մայրաքաղաք Ամմանում նրանց ներկայցուցիչների հետ տեղի ունեցան խորհրդակցություններ, որոնցում քննարկվեցին վարձակալության պայմանգրի՝ ուժի մեջ մտնելու հետեւանքով ստատուս-քվոյի հավանական խարխլման հետ կապված վտանգները, Հայոց պատրիարքի իրավասությունների սառեցմանն առնչվող հարցերը եւ հետագա հնարավոր քայլերը։

ՀՀ ԱԳՆ-ը, Իսրայելում ՀՀ դեսպանությունը եւ ՀՀ շահագրգիռ այլ մարմինները շարունակում են հետեւել իրադրությանը եւ անհրաժեշտության դեպքում ձեռնարկում համապատասխան քայլեր»։

Հ․ Գ․ 
Ինչպես տեսնում ենք, տրված բավական սուր հարցերից ոչ մեկին ԱԳՆ-ից չեն պատասխանել, սակայն վերջապես արտահայտվել են «Կովերու պարտեզի» վարձակալության պայմանագրի չեղարկմանը հետեւած իրադարձությունների կապակցությամբ, եւ գոնե հրապարակավ հավատացրել են, թե իրադարձություններին հետեւում են եւ անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում։ Մեկ ամիս տեւած լռության համեմատ ԱԳՆ-ի՝ վերջապես արտահայտվելը գոնե տեղաշարժ է։