Անխնա եւ դաժան

Անխնա եւ դաժան

Շատ տարիներ առաջ, երբ դեռ դպրոցական էի, տնօրենը մի երիտասարդ` նորավարտ ուսուցչուհու բերեց մեր դասարան եւ ասաց, որ պատմության ուսուցիչը հիվանդ է` նրան փոխարինելու է ընկեր Մխիթարյանը: 8-րդ դասարանի անզուսպ, լկստված երեխաներ եւ մի նորավարտ, վախվորած աղջիկ, որն աշնան տերեւի պես դողում էր իր բոյի աղջիկ-տղաների առաջ:

Չնկարագրեմ, թե ինչ կատարվեց տնօրենի հեռանալուց հետո եւ հետագա մի քանի ամիսներին` այնքան ժամանակ, ինչքան ընկեր Մխիթարյանը կարողացավ դիմանալ մեծ ու փոքր չճանաչող, ուսուցչուհու արցունքներից հրճվող անչափահասների կտտանքներին: Ամեն անգամ, երբ հանրային «սամասուդի» տեսարաններ են բեմադրվում, ես ընկեր Մխիթարյանին եմ հիշում, որի հանդեպ կարեկցանքի մի կաթիլ անգամ չունեին 8-րդցիները եւ որին հալածեցին` վռնդելով դպրոցից: Բայց նրանք 8-րդ դասարանցի դեռահասներ էին` կյանք չտեսած եւ դաժանության աստիճանի անզուսպ, իսկ ի՞նչ ասես հասուն, կյանք ապրած մարդկանց մասին, որոնք պատրաստ են հոշոտել իրենց նմանին:

Ինչ-որ տնօրենի աշխատասենյակում ուսուցչուհիները բանաստեղծություններ են արտասանել. աշխարհի անեծքներն ու լուտանքները թափվեցին տնօրենի ու ուսուցիչների հասցեին: Մի ղարաբաղցի հանրահավաքում ելույթ է ունեցել, կոշտ որակումներ տվել, վերջին հայհոյանքներով մեկնաբանություններ գրեցին:

Արցախի նախագահի թիկնապահն իրեն սխալ է պահել լրագրողի հանդեպ. համազգային դատապարտումի տեսարաններ բեմադրեցին ոչ միայն թիկնապահի, այլ նաեւ նախագահի, Արցախի, բոլոր արցախցիների հասցեին: Իսկ մի շատ ավելի կարեւոր ելույթ, որոշում եւ օրենք, Հայաստանի ապագային առնչվող քայլ ուղղակի աննկատ անցավ եւ ձուլվեց օրվա լրահոսին` ոչ մի հակազդեցության չարժանանալով: Գուցե մեր հասարակությունը դեռ 8-րդ դասարանո՞ւմ է սովորում: