Հենրիխ Մխիթարյանը՝ Շիրակի մարզում հոր անունը կրող մարզադաշտի բացմանը

Հենրիխ Մխիթարյանը՝ Շիրակի մարզում հոր անունը կրող մարզադաշտի բացմանը

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում հունիսի 2-ին վերաբացվել է 1980-ականներին կառուցված ֆուտբոլի մարզադաշտը, որը կրելու է Հայաստանի հավաքականի ավագ` Հենրիխ Մխիթարյանի հոր` «Արարատ» ֆուտբոլային թիմի հարձակվող Համլետ Մխիթարյանի անունը։

Մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Հայաստանի հավաքականի ավագ, գլխավոր ռմբարկու, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` քրոջ` Մոնիկա Մխիթարյանի և մոր` Մարինա Թաշչյանի հետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, բնակիչներ ու հյուրեր:

Շիրակի մարզպետը շնորհավորել է բնակիչներին և վստահություն հայտնել, որ որ այս մարզադաշտի բացումից հետո Սպանդարյանից անվանի ֆուտբոլիստների մասին դեռ կլսի:

«Շնորհակալ եմ, որ հորս հիշատակը վառ եք պահում, այս պահին էմոցիաներս շատ են, մի փոքր էլ հուզված եմ: Հույս ունեմ, որ այստեղ հետաքրքիր ֆուտբոլային հանդիպումներ կլինեն»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Մարզադաշտի վերաբացման աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 37 մլն ՀՀ դրամ, աշխատանքները սկսվել էին 2017 թվականից, ամբողջությամբ վերականգնվել է ցանկապատը, մարզադաշտի կողքին կառուցվել է հանդերձարան՝ բոլոր հարմարություններով:

Մարզադաշտի բացման արարողությունից հետո տեղի է ունեցել ֆուտբոլային հանդիպում Սպանդարյանի «Սիփան» ակումբի և Հայաստանի մարզական լրագրողների հավաքականի միջև: