Փաշինյանը՝ Վահան Քերոբյանի մասին

Փաշինյանը՝ Վահան Քերոբյանի մասին

Շատ եմ ցավում, որ այս կադրային փոփոխությունը տեղի է ունենում բոլորիս հայտնի հանգամանքների բերումով: Ես կարող եմ գնահատանքի խոսքեր ասել էկոնոմիկայի նախարարի կարգավիճակում Վահան Քերոբյանի աշխատանքի վերաբերյալ, բայց այս պահին չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել այն իմաստով, որ գիտեք՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել պարոն Քերոբյանի պաշտոնանկությունը, բայց նաև պետք է ուշադիր լինենք, որ որևէ անմեղության կանխավարկած չխախտենք և որևէ ազդեցություն չունենանք նաև քննության արդյունքների վրա: Այս մասին այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Համոզված եմ, որ հարցի քննությունը կլինի լիարժեք օբյեկտիվ և մենք կունենանք հարցերի պատասխաններ:
Ցավոք, Էկոնոմիկայի նախարարության հետ կապված, և ոչ միայն, մենք իրադրություններ ունենք և պետք է, հարգելի գործընկերներ, շատ ուշադիր լինենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը մեղադրվում է խմբի կազմում շահադիտական նկատառումներով, նախնական համաձայնությամբ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, դրանք օգտագործելու կամ ազդեցությունը կիրառելու հոդվածով։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը։
Փետրվարի 16-ին նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։