Քաղաքական ուժերը պաուզա են վերցրել` վերագնահատելու համար իրենց ռեսուրսները

Քաղաքական ուժերը պաուզա են վերցրել` վերագնահատելու համար իրենց ռեսուրսները

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ԵՊՀ դասախոս, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության անդամ Մենուա Սողոմոնյանը:

- «Դիմադրություն» շարժման առաջին փուլն ավարտվեց: Տեսանելի արդյունքներ չարձանագրվեցին, Նիկոլ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել, իսկ ընդդիմությունը, կարծես, բավականին պառակտված է: Արթուր Վանեցյանը վայր դրեց պատգամավորական մանդատն, դադարեցրեց համագործակցությունը ՀՀԿ-ի հետ: Ձեր գնահատմամբ` ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ սպասել առաջիկայում:

- Փոխվել է մեթոդաբանությունը, պայքարն ավարտված չեմ համարում: Պայքարի ինտենսիվ ընթացքը մի փոքր դանդաղել է, սակայն ոչ ոք չի խոսել այն մասին, թե պայքարն ավարտված է: Բնականաբար շարունակվելու է պայքարը: Շարժմանը տոն տվող քաղաքական ուժերն ուղղակի պաուզա են վերցրել` վերագնահատելու համար մարդկային ռեսուրսներն, ինչպես նաև շատ այլ հանգամանքներ: Արթուր Վանեցյանն էլ չի ասել գործունեությունը դադարեցնելու մասին, պարզապես խոսվել է տակտիկական գործողությունների մասին: Նա համարել է, որ իր գործունեությունը խորհրդարանում այլևս արդյունավետ չէ, սակայն չի ասել, որ իր առջև դրված նպատակներից հրաժարվում է: Տարակարծությունների առկայությունը բնական է, բայց չի կարող «Դիմադրություն» շարժումն ավարտվել հիմա, դա կլինի անտրամաբանական:

- Պայքարի 40 օրերին բողոքի ակցիաներն այնքան էլ բազմամարդ չէին: Ինչո՞ւ 2018-ին հասարակությունը համախմբվեց հեղափոխական Նիկոլ Փաշինյանի շուրջ, իսկ այժմ նման համախմբվածություն չտեսանք:

- Հիմա ասել, թե շարժումը չկարողացավ համախմբել հասարակությանը, ես ճիշտ չեմ համարում: Պրոցեսն ընթացքի մեջ է: Գուցե 2018 թվականին կարճ տևեց, ներկայիս շարժումը երկար է տևում, սակայն մեր պայքարի օրերին բազմահազար մարդիկ են դուրս եկել փողոց, բարձրացրել իրենց բողոքի ձայնը: 2018-ին քիչ ժամանակի մեջ շատ մարդիկ էին բաշխված, իսկ հիմա իրավիճակն այլ է: Խնդիրն այն է, որ տեխնոլոգիական առումներով պետք է կարողանան լուծումներ գտնել և տալ մարդկանց, իսկ թե ինչպես, ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ հարցը քաղտեխնոլոգների տիրույթում է: Պատճառներ շատ կան, այո: 2018 թվականին հասարակությունը պառակտված չէր, իսկ այսօր առավել քան երբևէ կա պառակտվածություն, կա նաև անհանգստության հանգամանքը, շատ մեդիաներ աշխատում են իշխանությունների օգտին, փորձում Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցողը ներկայացնել աթոռակռիվ և այսպես շարունակ: Մարդիկ պետք է կարողանան վերագնահատել կատարվածը: Լիահույս եմ, որ առաջիկայում շարունակվելու է, շարժումը նոր ընթացք կստանա:

- Պարզվեց, Նիկոլ Փաշինյանին հայհոյելու համար կարող են մարդ սպանել: Ի՞նչ եք սա գնահատում:

- Քանի որ չկա վերջնական եզրակացություն, թե քաղաքացին ինչ պատճառով է սպանվել, ոչինչ չեմ կարող հստակ ասել, իհարկե, շատ հավանական է քաղաքական այս վարկածը, ուրիշ այլ սպանություններ էլ են տեղի ունեցել, սակայն եթե խոսվում է քաղաքական դրդապատճառի մասին, ապա այս ամենը պետք է գնահատենք որպես` ահաբեկման ծայրահեղ դրսևորում: Փաստորեն նման ձևով մարդկանց ազատ խոսքի վրա են փորձում ազդել, ինչը միանգամայն բացասական երևույթ է: Հետաքննության ընթացքում ամեն ինչ պարզ կլինի, թեև հույս չկա, որ արդար հետաքննություն է լինելու, ողջ դատաիրավական համակարգն այսօր գտնվում է Նիկոլ Փաշինյանի միանձնյա տնօրինման ներքո: Կարմիր գծի հատում է սա, չափազանց վտանգավոր է այս ամենը:

- Փաշինյանը շարունակ խոսում է Ռոբերտ Քոչարյանի իշխանավարման տարիներին տեղի ունեցած սպանությունների մասին: Կարելի՞ է զուգահեռներ տանել Փաշինյանի և Քոչարյանի ավտորիտար ռեժիմների միջև:

- Ոչ թե պետք է զուգահեռներ անցկացնենք, այլ ասենք, ինչի մեջ Փաշինյանը մեղադրում էր նախկին իշխանություններին` անվտանգության ցածր մակարդակ, բարեկեցության անկում, կոռուպցիա և այլն, հիմա` իր օրոք բոլոր ասպեկտներում անկում է արձանագրվում: