Հարցին պատասխանելը գումար արժի, վճարեք՝ ասեմ. Ֆլեշի Բարսեղ (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր հետաձգվեց Ֆլեշի Բարսեղ մականունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը։

Նիստի ավարտից հետո Բեգլարյանը մոտեցավ մեղադրող Աբգար Առաքելյանին՝ ասելով, թե կանխակալ վերաբերմունք ունի եւ միևնույն է՝ իր նկատմամբ համաներում է կիրառվելու։ Դրանից հետո պատասխանելով «Հրապարակ»֊ի հարցին՝ թե ի՞նչ կանխակալ վերաբերմունքի մասին էր խոսում, նա պատասխանեց. «Չգիտեմ։ Ո՞վ չգիտի՝ որ սա շինծու գործ է քննչական կոմիտեի եի դատախազության կողմից»։

Մեր մյուս հարցին՝ իր դեմ ի՞նչ ունեն, նա պատասխանեց. «Դուք լավ գիտեք՝ ինչ ունեն։ Փակագծերի տակ գիտեք Բարսեղ Բեգլարյանը ով ա եւ ում բարեկամն ա եւ ում ընկերն ա»։

Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել Սերժ Սարգսյանին, ասաց, որ հարցին պատասխանելը գումար արժի. «Դա գումար արժի, վճարեք՝ ասեմ։ Ես բիզնես֊մոտեցումով եմ մոտենում։ Ասեցի` թատրոն ա։ Սցենարիստը հայտնի ա, դուք ինձնից լավ գիտեք»։

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։