Երևանցիները կարևորում են ՔՊ-ի իշխանազրկումն այս ընտրություններով․ «Ապրելու երկրի» տպավորությունները քարոզարշավից

Երևանցիները կարևորում են ՔՊ-ի իշխանազրկումն այս ընտրություններով․ «Ապրելու երկրի» տպավորությունները քարոզարշավից

Կարեւոր է արձանագրել, որ երևանցիների զգալի մասը՝ իհարկե կարևորելով իրենց բակի, թաղամասի, քաղաքի խնդիրների արագ կարգավորումը, այս ընտրություններում կարևորում են նաև քաղաքական բաղադրիչը: 2021թվականի ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագրի» կողմից իր տված խոստումների ամբողջական չկատարումը, մասնավորապես խաղաղության ու Արցախի առնվազն ստատուս քվոյի պահպանմանն ուղղված գործողությունները ամենևին չեն արձանագրում այն պատկերը, ինչ այսօր ունենք Հայաստանում: Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում հայտարարեց Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Մեսրոպ Առաքելյանը։

«Քաղաքացիները նաև կարեւորում են այս ընտրություններով ՔՊ-ի իշխանազրկումը, որն էականորեն կթուլացնի նրանց դիրքերը ու առաջիկա խորհրդարանական ընտրություններում կունենանք բոլորովին այլ պատկեր։ Արդեն մեկ շաբաթ ընթացող քարոզարշավի ընթացքում «Ապրելու երկիրը» շուրջ 150 հազար քարոզչական նյութեր է բաժանել Երեւանի բնակիչներին՝ տարբեր վարչական շրջաններում։ Իրականում քարոզարշավի առաջին  օրերին ընտրողների զգալի մասը անտարբեր էր, բացասաբար էր վերաբերվում ընտրություններին ու արձագանքը նա էր, որ ընտրություններին մասնակցելու ցանկություն չկա, բայց վերջին երկու օրերին բավական մեծ է մարդկանց վերաբերմունքը ընտրություններին մասնակցելու մասով»,- հավելեց նա։