«Մարդն էսօր բանջար ա գնացել արածում, ի՞նչ 100 հազար». քաղծառայողը՝ նոր կանոնների մասին

«Մարդն էսօր բանջար ա գնացել արածում, ի՞նչ 100 հազար». քաղծառայողը՝ նոր կանոնների մասին

Այս օրերին, երբ քաղաքացիների վարքագծից է կախված համավարակի հաղթահարման հաջողությունը, ցանկալի է, որ կառավարության որոշ անդամների արգելվի Ազգային ժողովի ամբիոնից հարցերի պատասխանել: Օրինակ, որքան ավելի շատ է պարետ Տիգրան Ավինյանը խոսում ԱԺ ամբիոնից, այնքան ավելի մեծ է շփոթը: Նրան ուշադիր լսող քաղաքացիները շատ են ուզում  պատասխանատու վարք ցուցաբերել, բայց ինչպե՞ս դա անեն, եթե պարետը ոչ մի հստակ միտք չի ձևակերպում: 

Լսենք, թե ինչ է ասում հարգարժան պարետը. «Ամսի 25-ին վերջին փուլում մենք պարտադիր ենք դարձնելու հանրային վայրերում դիմակների կրումը, որովհետև, մասնավորապես, եթե մարդը տնից դուրս է գալիս և որևէ փակ տարածքում պետք է հայտնվի, այն էդ ընթացքում, այսինքն՝ այդ փակ տարածքում պարտադիր է լինելու, որովհետև, եթե դիմակ չունենա դուրսը, հետևապես, այդ փակ տարածքում էլ չի ունենալու դիմակ, և որոշում է կայացվել՝ համատարած այդ դիմակները կրելու պահանջը դնել, նաև նկատի ունենալով այն երկրների փորձից, որոնք ունեցել են դրական ազդեցություն վարակի տարածման նվազման առումով»: 

Հիմա ի՞նչ, եթե սպորտով զբաղվելու ես գնում, դիմակ կրե՞ս, թե՞ չէ  (պատգամավոր Միքայել Զոլյանի հարցն էր՝ Ս. Ս.)։ 

«Կարծում եմ՝ տենց շատ ծայրահեղություններ չեն լինելու, ինչպես նաև այգում ման գալն իրարից որոշակի հեռավորության վրա, ինչպես նաև չի պահանջվելու դիմակ, երբ որ պաղպաղակ ես ուտում, բնականաբար, բայց իրականում, այո, անպայմանորեն դիմակ պետք է ունենա»:

Ո՞րն է ծայրահեղությունը: Բակի խաղահրապարակում սպորտով զբաղվելիս դիմակ կրելը պարտադի՞ր է, թե՞ ծայրահեղություն, 3 տարեկան երեխային այգում դիմակ պե՞տք է հագցնել, թե՞ դա ծայրահեղութուն է, իսկ 4 կամ 10 տարեկան երեխաները նույնպե՞ս տուգանվելու են, հապա 15 տարեկանները, եթե, ասենք, ծնողի հետ չեն, թե՞ սա ծայրահեղություն է: 

Կամ՝ պաղպաղակի մասով: Պարետի խոսքից առնվազն հետևում է, որ կառավարությունը պետք է սահմանի այն սննդատեսակների ցանկը, որոնք կարելի է ուտել փողոցում, եւ այդ ընթացքում չկրել դիմակ, քանի որ չի բացառվում, որ բազմաթիվ քաղաքացիներ այսուհետ փողոց դուրս գան պաղպաղակները ձեռքին, իսկ եթե ոստիկանները կանգնեցնեն նրանց, ասեն՝ պարետն ա ասել: 

Պետական չինովնիկ, ՍԱՊԾ մեթոդոլոգիայի և մոնիթորինգի վարչության նախկին պետ Արմեն Վարդանյանը, որի վարչությունը վերջերս լուծարել են, իրեն էլ ուղարկել են ռեզերվ, ազատ ժամանակ շատ ունի: 15 տարվա քաղծառայության ստաժ ունեցող մասնագետը հաճախ է ուսումնասիրում իրավական ակտերի նախագծերի հրապարակման հարթակում կառավարության կողմից տեղադրված փաստաթղթերը: Իր դիտողություններն է գրում:  

«Ի՞նչ է նշանակում հանրային բաց ու փակ տարածք,- ասում է նա,- դրանք իրավականորեն սահմանված հասկացություններ չեն: Ո՞րն է հանրային բաց տարածքը: Օրինակ, ֆուտբոլի դաշտը հանրային բաց տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ: Երկրորդ՝ եթե մարդը գնում է երեխայի հետ բացօթյա ֆուտբոլի դաշտ, դիմակ ինչո՞ւ դնի: Երրորդն էլ, նրանք այս կարգի վարչարարություն անելով, ռիսկերը կոռուպցիայի, հնարավոր չարաշահումների տրամաբանությամբ գնահատե՞լ են»: 

Նա վստահ է, որ համավարակի պայմաններում նոր կանոնների կիրառումը ոստիկանության կողմից չարաշահումների, կամայականությունների ռիսկ է պարունակում, բայց դրանց դեմն առնելու ինչ-որ պարզ մեխանիզմ չեն մտածել: 
«Ոստիկանին ասում են՝ ով որ առանց դիմակ է, գնա, տուգանի: Հիմա ինքն այդ մտրակը տալիս է ոստիկանին աջ ու ձախ ճլթացնելու: Կամ՝ այդ 100 հազարն ի՞նչ տրամաբանությամբ եք դնում: Մարդն էսօր բանջար ա գնացել արածում, ուտելու բան չունի, տեղյա՞կ են, ի՞նչ 100 հազար»,- ասում է ստաժավոր պաշտոնյան: