Անհայրենիք, Արցախում ապրող հային ատող խումբ է, որն ուզում է Արցախի միջոցով ոչնչացնել նաեւ Հայաստանը

Անհայրենիք, Արցախում ապրող հային ատող խումբ է, որն ուզում է Արցախի միջոցով ոչնչացնել նաեւ Հայաստանը

Նախօրեի երեկոյան Արցախի խորհրդարանի տարածած հայտարարությունից հետո, որով պահանջում են, որ «Հայաստանի իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից եւ առաջնորդվեն բացառապես այդ արժեքներով», քանզի կարծում են՝ «ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաեւ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու», ՔՊ-ական պատգամավորները խորհրդարանական ճեպազրույցներին փորձում էին արդարանալ, թե արցախցի գործընկերները «ճիշտ չեն հասկացել» Նիկոլ Փաշինյանի ելույթի իմաստը։ Իսկ Փաշինյանը, հիշեցնենք, հայտարարել էր, թե միջազգային հանրությունը պահանջում է Հայաստանից՝ իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ սահմանած նշաձողը։ ՔՊ-ական պատգամավորներն էլ ավելի էին բացել փակագծերը, թե ճիշտ չէ 96-ին առաջ քաշած թեզը՝ «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ապագա չունի»։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի իշխանական նախագահ Էդուարդ Աղաջանյանը երեկ ճեպազրույցների ժամանակ կաշվից դուրս էր գալիս ու հերքում, թե Փաշինյանի ու թիմի ասածը նշանակում է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մտադրություն։ «Արցախահայության թիկունքում որեւէ գործընթաց չկա եւ չի կարող լինել, տարվող գործընթացի գլխավոր շահառուն հենց Արցախի ժողովուրդն է։

Ուստի, ես կարող եմ ընդամենը ենթադրել, որ մեր գործընկերները, հավանաբար, լավ չեն հասկացել վարչապետի ելույթի բովանդակությունը, հակառակ պարագայում ես որեւէ բացատրություն չեմ կարող գտնել այդ հայտարարության հիմքում։ Այս ամբողջ գործընթացը միտված է հենց արցախահայության իրավունքների պաշտպանությանը եւ դրանց իրացմանը»,- ասաց Աղաջանյանը։ Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե առաջնահերթ հարցը պետք է դիտարկել արցախահայության իրավունքների եւ հետո միայն կարգավիճակի տեսանկյունից, պատգամավորը նշեց․ «ՀՀ-ն մշտապես ունեցել է հենց այս դիրքորոշումը։ ՀՀ-ի համար արցախյան հիմնախնդիրը երբեք չի եղել տարածքային վեճ, այն եղել է արցախցիների՝ իրենց ծննդավայրում ապահով, անվտանգ ապրելու խնդիր։ Ըստ էության, մեզ համար կարգավիճակը եղել է միջոց՝ այս իրավունքներն իրացնելու համար, այստեղ որեւէ նորություն չկա»։

Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ գուցե իսկապե՞ս լավ չեք հասկացել Փաշինյանի ելույթը։ «Իրականում շատ կուզեինք սխալ հասկացած լինել հնչած հայտարարությունները, բայց, ցավալիորեն, Հայաստանի Հանրապետության վարչապետն այնքան խորը եւ բարդ չէ, հակառակը՝ աչքի է ընկնում քաղաքականապես պարզ ու պրիմիտիվ խոսքով ու լեքսիկոնով, եւ ոչ միայն մենք, այլեւ ցանկացած քաղաքացի հասկացել է այնպես, ինչպես ասվել է, ինչպես որ մենք ենք հասկացել»,- պատասխանեց պատգամավորը։ Ապա շարունակեց․ «Ինքը՝ Աղաջանյանը, իր ելույթում էլ հաստատեց Փաշինյանի միտքը, որ այս իշխանությունը որեւէ կերպ հստակություն չի տալիս կարգավիճակի հարցում, խոսում են միայն ապրելու իրավունքից, ինչպես ցանկացած ազգային փոքրամասնություն է ապրում որեւէ երկրում։ Շրջանցում են մեր ինքնորոշման իրավունքը, որը հիմքն է Արցախի անկախության ճանաչման, եւ 30 տարի այս հիմքով է քաղաքականություն տարվել։ Եթե իրենք հանել են այդ հիմքը, դա դեռեւս չի նշանակում, որ երբեւէ չի եղել»։ Հակոբյանի խոսքով՝ «իշխանության մոլուցքով տառապող այս հրոսակախումբը» պատրաստ է հրաժարվել եւ ուրանալ ցանկացած արժեք, կեղծել իրականությունը։

«Եթե երբեւէ կարգավիճակի հարց չի քննարկվել, այդ դեպքում թող խմբակը բացատրի՝ ի՞նչ են տարիներ շարունակ քննարկել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ի՞նչ հարց էին փորձում լուծել բացառիկ մի հարթակում, որտեղ միակարծիք էին թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ֆրանսիան, թե՛ Ռուսաստանը եւ քննարկում էին կարգավիճակը։ Այս հրոսակախմբի ղեկավարը, երբ զավթեց Հայաստանում իշխանությունը, ի լուր աշխարհի հայտարարեց, որ  բանակցությունները սկսում է զրո կետից, ըստ էության, հայտարարեց, որ Արցախի հարցը դուրս է բերում եռանախագահության ֆորմատից, իսկ արդյունքը ստացավ 4 տարի անց։ Իրենք անհայրենիք, Արցախում ապրող հային ատող խումբ են, որոնք ուզում են Արցախի միջոցով ոչնչացնել նաեւ Հայաստանը»,- ասաց ԱՀ պատգամավորը՝ հույս հայտնելով, որ եռանախագահության ֆորմատը, այդուհանդերձ, կվերականգնվի։ 

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ ճեպազրույցին մասնակցող պատգամավորներն էլ կարծիք հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանը ստում է՝ ասելով, թե միջազգային հանրությունը կարգավիճակի իջեցում է պահանջում։ «Սուտ է, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հետ կապված հայաստանյան մոտեցումը։ Չկա նման բան։ ԵԱՀԿ որեւէ համանախագահող չի հայտարարել այդ մասին, ավելին՝ չի ասել, որ հրաժարվում է մադրիդյան սկզբունքների մոտեցումներից։ Թե կուլիսներում ով ինչ է մտածում, դա այլ թեմա է։ Սա հերթական անգամ բերում է համոզմունքին, որ միջազգային հանրության անվան տակ Փաշինյանը նկատի ունի Ադրբեջանին եւ Թուրքիային։ Միայն վերջիններս են նման բան պնդել»,- ասաց Անդրանիկ Թեւանյանը։ Նույնը կրկնեցին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները։