Լիսկաներն ու «գոնսալեսները» գալիս են հրապարակ, որ ի՞նչ անեն

 Լիսկաներն ու «գոնսալեսները» գալիս են հրապարակ, որ ի՞նչ անեն

Հայրենասեր մարդիկ այսօր իսկապես մտահոգված են Փաշինյանի իշխանության բերած աղետներով եւ օրվա հրամայականն են համարում  «ազգակործան պատուհասի» հեռացումը: Շատերս գերադասում ենք  միայն դրական լույսի ներքո ներկայացնել ընդդիմադիրներին, չքննադատել նրանց, որպեսզի Փաշինյանի ջրաղացին ջուր չլցնենք: Այսօր դիմադրության շարժման շարքերում հիմնականում երկրի հասարակական-քաղաքական էլիտան է, որը մտահոգված է երկրի առջեւ ծառացած գոյաբանական իրավիճակով։ Այն էլիտան, որն անշահախնդիր դուրս է եկել պայքարի՝ երկիրը թրքացումից ու Արցախի կորուստը կասեցնելու ազնիվ նպատակներով: Շարժման մեջ կան փայլուն երիտասարդներ, որոնցով կարելի է հպարտանալ ու հիանալ: Այս մարդիկ չեն նայում ցրտին ու շոգին, չեն ընկճվում ոստիկանների ու տարբեր գույնի բերետավորների բիրտ ճնշումներից ու բռնություններից, անհարկի բերման ենթարկվելուց: Չեն ընկճվում, քանի որ հասկանում են, որ նաեւ իրենցից է կախված  Արցախի ու Հայաստանի հետագա ճակատագիրը: Այս մարդիկ միայն հարգանքի ու գովեստի են արժանի: Բայց դիմադրության շարժումը միատարր չէ. այս ազնիվ երիտասարդների ու հայրենասեր մարդկանց շարքերում տեսնում ենք մարդկանց, որոնք մեզ պարզապես մղձավանջ են հիշեցնում: Բազմաշերտ դիմադրության շարժման տարբեր թեւերը տարբեր կերպ ու տարբեր կարգախոսներով են դուրս գալիս պայքարի:

Կան մարդիկ, պայքարում են Ֆրանսիական հրապարակի վրաններում՝ նարգիլե վայելելով, ոտքը ոտքին գցած: Նրանց նկատմամբ հիմնականում ոստիկանությունը ունի շատ «նուրբ» վերաբերմունք: Շատերը, երբ դուրս են գալիս փողոց՝ քայլերթի, կարծես թե հաղթական շքերթի դուրս եկած լինեն: Օրինակ՝ քայլում են ՀՀԿ-ական կարկառունները, որոնց լավ ու վատ քայլերի մասին կարելի է երկար խոսել: Նրանք քայլում են ուրախ, ինքնագոհ, «հաղթանակած», պարելով: Թե ինչի՞ համար են այսքան ուրախ ու երջանիկ, հասկանալի չէ:…Նրանց հետ, նույն շարքում է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի որդին: Սաշիկի որդիները հայտնի սկանդալային բացահայտումից հետո ստացել են «գոնսալեսներ» մականունը: Ու քայլում է կրտսեր Գոնսալեսը խրոխտ, հպարտ, հաղթական…Նա եկել է «փրկելու» հայրենիքը…Ու հիշեցնում է Գոնսալեսը իր ու իր ընտանիքի բարքերը, «քաջագործություններն» ու ամենաթողությունները Երեւանում: Եվ ահա, Գոնսալեսի ներկայությունը չմարսած, հրապարակ է մտնում «մեծն» Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, ով վրան է տեղադրում եւ այնտեղ հիմնավորվում իր համախոհների հետ: Մնում է դիմադրության շարժման առաջնորդներին մեկ հարց ուղղել.«Լավ, դուք այս ամենը դիտավորյա՞լ եք անում: Բա ասում եք՝ հասկացել եք ձեր սխալները,  հետեւություններ եք արել»: Մի՞թե Սերժ Սարգսյանը չգիտի, թե իր եղբոր ընտանիքն ինչ բացասական վարկանիշ ունի ու նրանց ներկայությունը հրապարակում ինչպես է վանում շարքային քաղաքացիներին: Մի՞թե նա չի կարող իր աճեցրած «մեծն» Լիսկային հուշել, որ մարդամեջ դուրս չգա, որ մարդիկ չհիշեն իրենց ապրած մղձավանջը՝ «լիսկայական» տարիների: Այնտեղ կան Սյունիքը արժանապատվորեն ներկայացնող մարդիկ, ի դեմս գործող համայնքապետերի: Լիսկան եկել է հրապարակ, որ ի՞նչ անի: Սրանից կարելի է հետեւություն անել, որ նախկինները հետեւություն չեն արել: 

Կամ՝ ինչպե՞ս գնում են մարզեր հանդիպումների… Հիշենք, թե ինչպես էր Փաշինյանը դուրս եկել իշխանափոխության, ինչ հագուստով, ինչպես էր բոլորի նման գետնին նստում, շարքային «պողոսի» նման ընչազուրկ ձեւանում: Նաեւ սրանում էր եւ է Փաշինյանի «ժողովրդականության գաղտնիքը»: Իհարկե, չենք ասում, թե ընդդիմադիրները հրապարակ դուրս գան չլողացած, կեղտոտ հագուստով: Բայց մարզեր գնալիս կարող են, չէ՞, իրենց հետույքները պոկել գերթանկարժեք ավտոմեքենաներից եւ երթեւեկել ավտոբուսներով կամ գազելներով, սովորական մեքենաներով: Կարող են, չէ՞, հագնել ոչ բրենդային հագուստ, էժան պայուսակներ, ակնոցներ կրել՝ սոցիալական խնդիրների մեջ տառապող ու օրվա հացի հոգսից կռացած քաղաքացիներին հանդիպելիս: Թե՞ պարտադիր պետք է հնարավորություն տան իշխանություններին, որ ժողովրդի ուղեղը լվանան, թե՝ տեսեք թալանչի «նախկիններն» են գալիս: Ի վերջո, մարզերում ավելի շատ է ընդգծված սոցիալական բեւեռեւացումը: Չէ՞ որ մարզերի բնակիչները նրանց մեջ տեսնում են ոչ յուրայինների, օտարների: Մարզերում մարդիկ ավելի լավ են ճանաչում իրար: Այստեղ գնալիս գոնե առաջին պլան մի մղեք այն մարդկանց, որոնց նկատմամբ   մարզերում բյուրեղացած ատելություն կա, գնացեք նոր ու մաքուր դեմքերով, կոնկրետ ծրագրով, կոնկրետ գաղափարներով, ներկայացրեք երկրի ղեկավարի ձեր թեկնածուին, նրա ապագա կաբինետը: Հակառակ դեպքում հին ու մերժված դեմքերով, անծրագիր ու առանց կոնկրետ ճանապարհային քարտեզի, ձեր էլիտար «աքսեսուարներով» գնում եք մարզեր, որ ի՞նչ անեք…