Մյասնիկ Մալխասյանի և Մուշեղ Սաղաթելյանի վիճակը շարունակում է մնալ ծանր

Մյասնիկ Մալխասյանի և Մուշեղ Սաղաթելյանի վիճակը շարունակում է մնալ ծանր

Նախկին քաղբանտարկյալներ Մյասնիկ Մալխասյանի և Մուշեղ Սաղաթելյանի առողջական վիճակը շարունակում է չափազանց ծանր մնալ։ Հիշեցնենք, որ երկուսն էլ անմիջապես 2018 թվականի հեղափոխությունից հետո ծանրագույն կաթվածներ էին տարել։ Մուշեղ Սաղաթելյանը կոմայի մեջ պառկած էր «Էրեբունի» հիվանդանոցում, իսկ Մյասնիկ Մալխասյանը մի քանի ամիս շարունակ գտնվում էր Պետերբուրգի բուժհաստատություններից մեկում։

Տեղեկացանք, որ Մյասնիկ Մալխասյանը ներկայումս Հայաստանում է, իր տանը՝ շատ ծանր առողջական վիճակում և ստանում է նույն բուժումն, ինչ պետք է ստանար հիվանդանոցում՝ մերսումներ, ներարկումներ, դեղորայքային բուժում։ Նրա հետ վերջերս հանդիպած անձն ասաց, որ «Ապարանի արջ» անունով Մալխասյանը ահավոր նիհարած է եւ ոչ մեկին չի ճանաչում։

Առավել ծանր վիճակում է գտնվում Մուշեղ Սաղաթելյանը, որը դեռ կոմայի մեջ է, բայց արդեն ոչ թե «էրեբունի» հիվանդանոցում, այլ Օրբելի փողոցի վրա գտնվող իր բնակարանում։ Հիշեցնենք, որ 2018-ի սեպտեմբերի 20-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով արձանագրվել էին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածների՝ մասնավորապես, խոշտանգումների արգելման, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների ազատության իրավունքների խախտումներ։

Դրանից հետո ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ բեկանելու և նոր քննության ուղարկելու մարտիմեկյան գործերով դատապարտված Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ քրեական գործը՝ երեւան եկած նոր հանգամանքով գործը վերանայելու համար: