Վեթթինգ իրականացնելու համար բարոյական իրավունք պետք է ունենալ

Վեթթինգ իրականացնելու համար բարոյական իրավունք պետք է ունենալ

Վեթթինգի մասին խոսակցությունները սկսել են ավելի առարկայական դառնալ, քանի որ իշխանությունները հասկացել են, որ եթե հայտարարել են մի բան, ապա հապաղել պետք չէ․  առանց այն էլ ընդդիմախոսներն իրենց այս ընթացքում հասցրեցին լիուլի մեղադրել դանդաղկոտության, մեկ տարի անօգուտ ժամանակ վատնելու մեջ։ 
Եվ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ երեկ լրատվամիջոցներին հայտնել էր, թե ԱԺ-ում առաջիկայում նախատեսվում է անցկացնել աշխատանքային քննարկում՝ քննարկելու վեթթինգի հետ կապված խմբակցությունների դիրքորոշումները։ 
«Հարցը կառավարության տիրույթում է, եւ խոսքը ոչ թե վեթթինգի մասին օրենսդրական նախագծի մասին է, այլ՝ թե որ կառույցը պետք է անցկացնի այն եւ ինչ կերպով, հետեւաբար՝ չափանիշները պետք է քննարկվեն բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ դատաիրավական համակարգի»,- ի մասնավորի նշել էր Մակունցը։ Նա նշել էր նաեւ, որ դատավորների վեթթինգը կիրականացնեն Բարձրագույն դատական խորհուրդն ու նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման մարմինը։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը կարծում է, որ նրանք, ովքեր պետք է վեթթինգ իրականացնեն, իրենք պետք է լինեն վեթթինգի ենթարկված եւ այնպիսի հեղինակություն, որ բարոյական իրավունք ունենան վեթթինգ իրականացնելու։
Բայց չէ՞որ ԲԴԽ-ում ճգնաժամ է, ինչպե՞ս կարող է այդ մարմինը անցկացնել վեթթինգ։
«Իմ ասածից հետեւում է, որ այդ կառույցը չի կարող վեթթինգ իրականացնել»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Ինչ վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման մարմնին, ապա Վարդան Հարությունյանը հիշեցնում է, որ նման կառույցներ նախկինում էլ, օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք, եղել են, սակայն արդյունքը չենք տեսել։  
«Եթե նման կառույցները պետք է զբաղվեն վեթթինգով, ապա այդ վեթթինգը վեթթինգ չի լինելու»,- ասաց իրավապաշտպանը։
Հենց թեկուզ ԱԺ-ի կողմից Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի շուրջ ստեղծվել է անհասկանալի իրավիճակ, Սահմանադրության 213-րդ հոդվածն էլ (Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը
Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը) տարբեր իրավաբաններ մեկնաբանում են յուրովի՝ ելնելով քաղաքական կոնյունկտուրայից։ 
«Ամեն ինչ պետք է համապատասխանի օրենքին, դա իրավաբանական հարթությունում է։ Եթե չեմ սխալվում, արդեն հայտարարվել է, որ պետք է լինի եզրակացություն, թե ինչ է նշանակում ՍԴ անդամ եւ ինչ է նշանակում ՍԴ դատավոր։ Եթե դրանք նույնական չեն, ապա Վահե Գրիգորյանը ճիշտ է, եթե նույնական են, ապա նա սխալ է։ Պետք է լինի որեւէ կառույց, դա կարող է լինել իրավաբաններից կազմված կառույց, կարող է լինել նաեւ միջազգային կառույց, որը կասի իր վերջնական խոսքը։ Այդ թեման պետք է քննարկեն ավելի շատ իրավաբանները, քան՝ իրավապաշտպանները»,- կարծում է Վարդան Հարությունյանը։