Գտիր քո մեղքը

Գտիր քո մեղքը

Էս հարթակը չի սիրում երկար֊բարակ խորհրդածություններ, ճամարտակողները լայվերով են ճամարտակում, բայց ինձ համար կարևոր է պահել միակ չափանիշը, որ քրիստոնեական ուսմունքի անկյունաքարն է «գտիր քո մեղքը»։
Եվ ես այն գտնելու եմ, որովհետև ինչ էլ լինի, դրանից հետո պիտի սկսվի ինքնախարազանման այն մաքրող գործընթացը, որից հետո կլինի կամ անձնական  արագ անկում, կամ էլ վերելք։

Մեղք 1
Ես անկեղծ չէի։Իշխանափոխությունը Հայաստանին պետք էր, բայց ես այն պատկերացնում էի արևմտյան արժեքներով և գիտելիքներով զինված մարդկանց մուտքով, որոնց համար «պետություն» և «հայրենիք» եզրույթները իրար չհակադրվեին։Հեղափոխության գեղագիտական գնչուական փնթի  բազմագույնությունը ինձ տհաճ էր`թագերով խմբված նիվայավոր տղերքը, զոհված հերոսների կեղծ պապիկները, դագաղները , պսակները , շերեփները(մարդ շերեփ էլ կա), ամեն ինչ հուշում էր , որ գեղագիտությունից զուրկ այդ շքահանդեսը տրամաբանորեն պիտի լինի նաև բարոյականությունից զուրկ։

Բայց չէ որ ամեն արևմտամետ գործիչը չպիտի դիմակայի հակակոռուպցիոն (հա, հա), ժովովրդավարական(հա, հա, հա) շարժումներին և ես չդիմակայեցի, թեպետ հրապարակի կեսում Կարապետյան Կարենի մատյան գնդերն էին, մյուս կեսում` Ծառուկյսնի։
Ստիպեցի ինձ  չմտածել ոչ մի բանի մասին` ձայն բազմության֊ձայն աստծո, թեպետ ինչպիսին բազմությունն է, այնպիսինն էլ նրա աստվածն է, այ էդ մի բանը գերադասեցի մոռանալ։

Մեղք 2
Ես վախեցա։Ես վախեցա ներքին հանդիպումներում հնչող ադրբեջանասեր ելույթներից( հիշում եք ինձ, տիկին պատգսմավո՞ր), Արցախի շուրջը տարվող երկակի խաղից։Այնժամ երբ ոմն մեկը գոռում էր «Արցախը Հայաստան է և վերջ" նրա թիմը բոլոր կանալներով (բա համ փող ունեին համ լծակներ) կերտում էին այս խաղաղության պայմանագիրը։Ես վախեցա փորփրել այդ թնջուկը, ոչ թե որովհետև կյանքիս վտանգ կսպառնար (ում է պետք այսպիսի կյանքը), ես վախեցա, որ նուրբ դիվանագիտական խաղ է գնում, որ ես կարող էի խսնգարել։ Հետևաբար։

Մեղք 3 
Ես տխմար էի։Ոնց կարող էի լռել և սպասել, իմանալով , որ իշխանության մատյան գունդը կյանքում մի շնորհքին գործ արած չկա, որ նրանց գործը ակտիվիստ լինելն է մերթընդմերթ, էն էլ դրսի կեցություն ստանալու համար , որ ստրատեգիական խնդիրները , տո էլեմենտար կենցաղային հարցերը լուծելու համար ինչ֊որ հմտություն և աշխատասիրություն է պետք, որ նրանք ԵՐԲԵՔ  չեն ունեցել։Ես տխմար էի, երբ մտածում էի, որ Արցախի խնդիրն այնքան հզոր է հոգեբանորեն և այնքան կարևոր քաղաքականսպես, որ սրանք չեն համարձակվի  իսկ ժողովուրդը թույլ չի տա ։Կրկնեմ, ես տխմար էի։

Մեղք 4 Ես զզվում էի
Ամեն քննադատական տողի տակ գրած ֆեյքերի զազրախոսություններից, հայկական իբր արևմտամետ, իբր փորձագետների բացահայտ պնակալեզությունից, մի տիկնոջ բամբ ձայնից զզվում եմ ցայսօր «Դու Նիկոլին չես սիրում, ես էլ, բայց հարյուր տոկոս Աղավնոյում բան չի լինի", զզվում եմ ցայսօր մյուս ծանոթի խոսքերից «դե միջանցքա էլի, առևտուր անենք լավ կլինի»:

Զզվում եմ առաջինը ինձանից, որովհետև զանգեր հնչեցնելու , գոռալու , թեկուզ մենակ գոռալու հացադուլ, նստացույց անելու փոխարեն, ես փորձեցի փախչել դեպի անձնական հարաբերություններ, դեպի գրականություն, դեպի ուկրաինական վիրտուալ իրականություն, որ գոնե այնտեղ տեսնեմ, որ մարդը և հայրենիքը սիրում են իրար , և այդ սերը չի համարվում պաթոս, սխալ սեր, հեղափոխական նպատակներին ոչ համապատասխան դերասանություն։
Այդ փախուստը չստացվեց, ես մնացի որտեղ եղել էի, բայց լիակատար խավարում։
Մեղքերի համար ապաշխարել պետք է։Բայց պատիժը դրանից չի մեղմանում։

Անուշ Սեդրակյանի ֆեյսբուքյան էջից