Չեմ կարծում, թե պարտությունը ճնման արդյունք էր․ Սիմեոնե

Չեմ կարծում, թե պարտությունը ճնման արդյունք էր․ Սիմեոնե

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն անդրադարձել է Լա լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Սևիլյայից» կրած նվազագույն 0-1 հաշվով պարտությանը։

«Իսպանիայի առաջնությունում մրցակցելը դժվար է, բայց մենք կպայքարենք մինչև վերջ, չի կարելի ասել, որ ամեն ինչ կորցրինք։ Պետք է շարունակենք աշխատել ու բարձրացնել ինտենսիվությունը: Իհարկե ես վշտացած եմ, բայց գիտեմ՝ ինչ պետք է անենք ու ոչնչից չեմ վախենում: Չեմ կարծում, թե այս պարտությունը ճնշման արդյունք էր: Թեպետ չի կարելի հերքել նաև, որ հիմա մեր թիմն իր լավագույն մարզավիճակում չէ:

Մենք պետք է միջոց գտնենք, որպեսզի ֆուտբոլիստներին վերադարձնենք այն որակները, որ նրանք ունեին մրցաշրջանի առաջին հատվածում»,- ասել է Սիմեոնեն։

«Ատլետիկոն», հիշեցնենք, վաստակած 66 միավորով շարունակում է գլխավորել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, սակայն եթե երրորդ հորիզանականը զբաղեցնող կատալոնական «Բարսելոնան» այսօր կարողանա սեփական հարկի տակ առավելության հասնել «Վալյադոլիդի» նկատմամբ, ընդամենը մեկ միավորով արդեն հետ կմնա մադրիդյան ակումբից։