Միացյալ Նահանգները՝ որպես գլոբալ տերություն, կարող էր նաև ավելի կոշտ հայտարարություններով հանդես գալ, բայց․ Ալեքսանդր Մարգարով

Միացյալ Նահանգները՝ որպես գլոբալ տերություն, կարող էր նաև ավելի կոշտ հայտարարություններով հանդես գալ, բայց․ Ալեքսանդր Մարգարով

Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել է հասցեական խոսել Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիայի, թուրքերի ներգրավվածության մասին, իսկ Թուրքիան իր հերթին շարունակում է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի գործողություններին թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական մակարդակով։ 


Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովի հետ։

-Պարոն Մարգարով ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեկ անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրավիճակին, նշել էր, որ «թուրքերն աջակցում են Ադրբեջանին», հույս էր հայտնել, որ «հայերը կարող են իրենք իրենց պաշտպանել»։ Ըստ Ձեզ՝ Պոմպեոն ի՞նչ էր ուզում սրանով ասել։

-Միացյալ Նահանգները որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը միացել է այն փաստաթղթին, որը ներկայացված է երկար էսկալացիայից մի քանի օր հետո։ Այնտեղ նշված է եղել այն հանգամանքը, որ էսկալացիայի պատճառը, ըստ էության, հանդիսացել է Ադրբեջանը։ Փաստաթղթի մեջ շեշտադրվել է, որ կա երրորդ կողմի ներգրավվածությանը, պարզ է, որ դա վերաբերում է Թուրքիային։ Եվ ըստ էության՝ խոսքը գնում է դրա մասին, և Միացյալ Նահանգները միանում է այն կոչին, որը ներկայացված է եղել կողմերին․ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային գործընթացին։ Ընդհանուր առմամբ, պարզ է, որ Միացյալ Նահանգները, այսօր ապրելով մինչընտրական փուլը (մինչև ընտրությունները մնացել է 20 օր), մինչև նոյեմբերի 3-ը հիմա ակտիվորեն չի ներգրավվում հատկապես այս թեժ փուլում գոյություն ունեցող կոնֆլիկտի մեջ։ Եվ, ըստ էության, ավելի շատ գործում է համատեղ այն երկրների հետ, որոնք ավելի ակտիվ են ներգրավվել գործընթացի մեջ․ խոսքը և՛ Ռուսաստանի մասին է առաջին հերթին, և՛ որոշ չափով Ֆրանսիայի։ Եվ իրենց դիրքորոշումը համապատասխան ընդհանուր հայտարարություններին միանալն է այն ձևաչափի շրջանակներում, որն ունի համապատասխան առաքելություն՝ իրանացնել խնդրի կարգավորումը 90-ական թվականների զինադադարի փաստաթուղթը ստորագրելուց հետո։ Եթե մենք Պոմպեոյի հայտարարությանն անդրադառնանք, ըստ էության՝ դա Ամերիկայի կողմից որոշ չափով ներկայացված բավականաչափ օժանադակությունն է, բայց դրանից այն կողմ, դժվար թե, կարող էինք տեսնել որևիցե օժանադակություն։ Պարզ է, որ Միացյալ Նահանգները նաև բավականին բարդ վիճակի մեջ է որոշ տեսանկյունից՝ ունենալով անմիջապես գործընթացի մեջ ներգրավված Թուրքիա որպես ՆԱՏՕ-ի անդամ (այսինքն՝ այն կազմակերպության անդամ, որտեղ Միացյալ Նահանգները կարևոր դերակատարություն է իրականացնում) ունի կարևոր դերակատարություն։

-Անզորություն նկատո՞ւմ եք ԱՄՆ-ի գործողություններում, ավելի ճիշտ անգործություն։

-«Անգործություն» ասելով Դուք ի՞նչ նկատի ունեք, որ Միացյալ Նահանգները պիտի ռումբ գցի՞ Թուրքիայի վրա, թե՞ ինչ-որ ուրիշ բան։

-Այսինքն՝ մտածում եմ՝ կոնկրետ քայլերի դիմեն, օրինակ, երբ որ Թուրքիան սկսեց Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու հետ կապված քայլեր ձեռնարկել կամ Հունաստանի հանդեպ սկսեց սադրանքների դիմել։

-Դա այն պատմությունն է, երբ որ Թուրքիան անմիջականորեն սկսեց օգտագործել և՛ տնտեսական, և՛ ռազմական ներուժը գործողությունների մեջ, որոնք տեղի էին ունենում Հունաստանի պարագայում՝ մեկ այլ ՆԱՏՕ անդամ պետության դեպքում։ Իսկ մյուս դեպքում, երբ որ խոսքը վերաբերում էր Կիպրոսին՝ Եվրամիության անդամի տեսանկյունից, որտեղ ներգրավված են եղել նաև այլ պետություններ։ Եթե մենք անդրադառնանք այն հարցին, արդյո՞ք դա անգործությունն է, դա, ըստ էության, այն գործողությունն է, որն ավելի շատ ակնկալելի էր բաց ձևով։ Ին՞չ է տեղի ունենում այլ տեսանկյունից, ի՞նչ բովանդակության զրույցներ են տեղի ունենում Պոմպեոյի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև, մենք, դժվար թե, կարողանանք իմանալ և հնչեցնել։ Բայց ընդհանուր ֆոնը, որի վրա տեղի է ունենում այս լարվածությունը, այս պատերազմն, ըստ էության, պետք է հաշվի առնել նաև Միացյալ նահանգներում տեղի ունեցող քաղաքական գործընթացները։ Միացյալ Նահանգները, ըստ էության, համաձայն է այլ համանախագահողների հետ և փորձում է գործել իրենց հետ համահունչ՝ փորձելով օգտագործել սեփական ձայնն այնքանով, որքանով կարող է դա անել։ Պարզ է, որ Միացյալ Նահանգները՝ որպես գլոբալ (այսպես ասեմ) տերություն, կարող էր նաև ավելի կոշտ հայտարարություններով հանդես գալ, բայց մենք տեսնում ենք, որ նրանք, ըստ էության, հանդես են գալիս այն տրիոյի մեջ, որը մենք անվանում ենք «համանախագահող Մինսկի խմբի մեջ»։            

-Իսկ երբ որ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ԱՄՆ իշխանություններին Լեռնային Ղարաբաղի մասով մեղադրում էր, այսպես ասած, անգործության մեջ, նաև նշում էր, որ «Թրամփի վարչակազմը պետք է Ադրբեջանին ասի, որ չի հանդուրժի ջանքերն այս կոնֆլիկտը ռազմական ճանապարհով լուծելու համար», ինչպես նաև «Հայաստանին պարզ ասել, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքները չեն կարող անորոշ ժամանակով գրավված մնալ»։ Ըստ Ձեզ՝ Ջո Բայդենն ի՞նչ է ուզում սրանով ասել։

-Եթե Դուք հիշում եք Բայդենի առաջին հայտարարությունը, այնտեղ ինքը սկզբից ավելի շատ մեղադրեց Ռուսաստանին այն իրավիճակի մեջ, որը տեղի ունեցավ, որն ավարտվեց պատերազմով։ Ռուսաստանին ինքը մեղադրում էր երկու կողմերին զենքի մատակարարման մեջ։ Եթե Դուք նկատի ունեք Բայդեն հայտարարությունները, որոնք արտացոլում են պայքարը, որը կա Միացյալ Նահանգներում, և արտաքին քաղաքականության դիրքորոշումները, որոնք ցուցաբերում են կողմերը նախընտրական պայքարի ժամանակ՝ ցույց տալով, որ Ռուսաստանը դիտարկում են որպես երկիր, որի հետ մտնում են լուրջ մրցակցության մեջ և որին նրանք պատրաստ են մեղադրել տարբեր բաների մեջ, այդ թվում՝ նաև կոնֆլիկտի էսկալացիայի մեջ Ղարաբաղի տարածքում։ Այլ դրույթներ, որոնք հնչեցված են եղել Բայդենի կողմից, նրանք, ըստ էության, իրենց մեջ պարունակում են այն կետերը, որոնք համահունչ էին համանախագահողների հայտարարությանն այն տեսանկյունից, որ «անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղանին և խնդիրը փորձել լուծել բանակցությունների խաղաղ եղանակով, այլ ոչ թե ուժի միջոցով»։ Բայդենի հայտարարությունները, ըստ էության, ուղղված են ներքին լսարանին, այն տեսանկյունից, որ ինքն արտացոլում է այն պայքարը, որն առկա է նախընտրական փուլում նախագահական երկու թեկնածուների միջև՝ Բայդեն և Թրամփի միջև, և մյուս կողմից նաև ուղղված է նրան, որ ինչպես այլ հարցերի մեջ, Բայդենը մեղադրում է Թրամփին անգործության մեջ։ Այսինքն՝ մեսիջները շատ անգամ եղել են ոչ միայն արտաքին, այլ նաև՝ ներքին օգտագործման համար, որտեղ հակառակորդի դեմ հանդես է գալիս հասկանալի մոտեցմամբ քարոզչության շրջանակներում, որը տեղի է ունենում թեժացող ընտրական պայքարի ժամանակ։

-Թուրքիայի այս ինքնավստահությունն ինչո՞վ է պայմանավորված, միշտ հայտարարում է, որ աջակցում է Ադրբեջանին։          

-Այստեղ մի գործոնով, դժվար թե, կարողանանք բացատրել, թե ինչով է պայմանավորված։ Եթե կարճ խոսենք, բացատրեմ։ Դա պայմանավորված է գոյություն ունեցող միջազգային իրավիճակով, որտեղ Թուրքիան զգաց, որ ինքը կարող է իրականացնել գործողություններ, որոնք չեն ստանա անմիջականորեն համապատասխան արձագանք, որովհետև ինքը նմանադիպ գործողությունների դիմել է աշխարհի այլ մասերում՝ Սիրիայում, Միջերկրական ծովի մոտ, Աֆրիկայի հյուսիսում։ Եվ բացի դրանից ինքը զգում էր, որ դա հնարավոր է անել, և առայժմ ոչ մեկն իր « «թաթերին չի խփում»։ Բացի այդ, նաև այն ռեսուրսային բազայով, որը Թուրքիան ենթադրում է, որ առայժմ ունի՝ ներգրավված լինելով բոլոր կոնֆլիկտների մեջ։ Վերջիվերջո, չի կարելի ուղղակի հաշվի չառնել Էրդողանի անձը, անձնական մոտեցումները, որոնք նույնպես նպաստում են այդպիսի վարքին։ Այսինքն՝ միջազգային միջավայրը, որտեղ Թուրքիան արդեն զգում է, որ չկա այն միասնականությունը, որը կարող է օգտագործվել Թուրքիայի դեմ, ինչպես որ դա եղել է ժամանակին, երբ որ քննարկվում էին հարցերը կապված Եվրամիությանն անդամակցելու մեջ, պարզ է, որ այնտեղ էլ դիրքորոշումները միանշանակ չէին։ Խնդիրը, որտեղ Թուրքիան կարող է, ունի ռեսուրսը ներգրավվելու, կոնֆլիկտի մեջ ներգրավվելու, մի շարք տնտեսագետներ ասում են, որ իրավիճակը կարող է պայմանավորված լինել տնտեսական ներքին խնդիրներով։ Դրանով է պայմանավորվում ներգրավվածությունն արտաքին ավանտյուրաների մեջ, Էրդողանի ներքին խնդիրները, լիրայի արժեզրկում հետաձգվում են ներքին։ Այստեղ մենք տեսնում ենք, վերջրիվերջո, տեսնում ենք նաև անձնական պատկերացումները, Թուրանի վերաբերյալ գաղափարները, երազանքները պակաս դեր չեն խաղում։ Եվ վերջիվերջո, կա նաև այն գործոնը, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա է համապատասխան ռազմավարական դաշինքը, որին իրենք միշտ շեշտադրում են։ Դա դարձավ ավելի ակներև այն տեսանկյունից, որ Թուրքիան, աջակցելով Ադրբեջանին, անիմիջապես ներգրավված է ռազմական գործողությունների մեջ, ենթադրելով, որ դա կարող է անցնել աննկատ, սակայն այստեղ ինքը բնականաբար սխալվում է։ Թուրքիան կարծում է, որ դա ոչ թե աննկատ է անցել, այլ հակառակը՝ այս մասնակցությունն իր համար՝ իր կողմից ցուցադրված, կամ իր կողմից ներկայացված։ Եվ նաև ցույց էր տալիս իր պատրաստակամությունը ունենալ ավելի կարևոր դերակատարություն Հարավային Կովկասում, և այստեղ իր դիրքորոշումը հակադրվում է ռուսաստանյան մոտեցմանը։ Թուրքիան դիտարկում էր այս տարածաշրջանը որպես տարածք, որտեղ իրենք կարող են ունենալ կամ պետք է ունենային առաջնային նշանակություն։ Թուրքիան փորձում է օգտագործել այդ թվում նաև պատմական անցյալը։

-Ինչպե՞ս թուլացնել Թուրքիայի այս ինքնավստահությունը, ի՞նչ գործոններով է հնարավոր։

- Բնականաբար հնարավոր է միայն իր գործողությունների վրա համապատասխան ազդեցություն ունենալով։ Եվ դա վերաբերում է ոչ միայն մեր տարածաշրջանում հարված հասցնելով Ադրբեջանին և ցույց տալով, որ նույնիսկ այս տանդեմը (Թուրքիա-Ադրբեջան - հեղ․) չի կարող հասնել իրենց սպասելիքներին, այդ թվում՝ նաև այլ տարածքներում։ Սրա վկայությունն է եղել նաև այն ռմբակոծությունները, որոնք եղել են Ռուսաստանի համապտաասխան օդային ուժերի կողմից, որոնք իրականացրել են  Սիրիայում գտնվող ահաբեկիչների պատրաստման ճամբարներում։ Դրա ազդեցությունը մենք որոշ չափով տեսնում ենք տնտեսական ոլորտում  ռուս-թուրքական հարաբերությունների մեջ, որ թույլ չեն տալիս թուրքական ապրանքի մուտքը Ռուսաստան՝ գտնելով անամապատասխանությունը ստանդարտներին։ Մենք տեսնում ենք նաև համապատասխան արձագանքն այլ երկրներից, այդ թվում՝ նաև և՛ Հունաստանից, և՛ Կիպրոսից, որոնք, ըստ էության, պետք է օգտագործեն Եվրամիության մեջ իրենց ներուժը՝ ազդելու թուրքական գործողութունների վրա Միջերկրական ծովում։ Թուրքիան շարունակում է, երբ գիտակցում է, որ ինքը անպատիժ է մնում։ Երբ որ շարունակում է  իր գործունեությունը, ինքը քաղաքավարությունն ընդունում է որպես թուլություն, սակայն պետք չէ խառնել այս երկու հասկացությունները։ Համապատասխանաբար, երբ որ կա միջամտությունը, այդ միջամտությունը պետք է ստանա ադեկվատ և ճնշող պատասխան։ Այլ հարց է, թե որ բնագավառում, որովհետև Թուրքիան իր հերթին նաև վարպետացել է շանտաժների քաղաքականության մեջ՝ Եվրամիության նկատմամբ միլիոնավոր փախստականների հարցը բարձրացնելով․ ըստ էության՝ չզինված, բայց քանակապես բանակը, որը կարող է խնդիրներ ստեղծել եվրոպական երկրների համար։ Այսինքն՝ սա պարզ խաղ չէ, ինքը տարբեր խաղադաշտերի վրա խաղում է տարբեր խաղեր։ Եվ այս խաղերը տարբեր դերակատարողների ներգրավվածոթյան հետ միասին ենթադրում են տարբեր հնարավոր կոմբինացիաներ։