Բանկերը խտրականությու՞ն են դրսեւորում ՌԴ ազգությամբ ռուս քաղաքացիների նկատմամբ

Բանկերը խտրականությու՞ն են դրսեւորում ՌԴ ազգությամբ ռուս քաղաքացիների նկատմամբ

Հայաստանի բանկերը խտրական վերաբերմունք են ցուցաբերում ՌԴ ազգությամբ ռուս քաղաքացիների նկատմամբ: Հրաժարվում են նրանց համար հաշիվներ բացել, թեեւ չունեն դրա համար որեւէ օրինական հիմք: Հետաքրքիր է, որ մերժում են ստանում միայն  նրանք, ովքեր ունեն ռուսական ազգանուն: Ընդ որում, կապ չունի, թե ինչ նպատակով է բացվում հաշիվը՝ տնտեսական գործունեություն ծավալելո՞ւ, թե՞, ասենք, ՌԴ-ի համար արգելափակված «Նեթֆլիքսով» ֆիլմ նայելու: 

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը երկու օր առաջ թիվ հրապարակեց՝ մարտի 2-ից շուրջ 6 հազար 500 օտարերկրյա քաղաքացի Հայաստանում հաշիվներ է բացել։ Միաժամանակ չհերքեց, որ ՌԴ քաղաքացիների գրանցումը տեղի է ունենում խիստ ընթացակարգով: Բանկերն այս օրերին մի լավ տնտղում են հաճախորդներին: «Որպես կանոն, փորձում են հասկանալ, թե հաճախորդները «տրանզիտ» հաճախորդնե՞ր են, թե՞ նրանց տնտեսական շահի կենտրոնն այս պահին հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը։ Եթե երկրորդ տարբերակն է, այսինքն` հաճախորդները ներգրավվում են ՀՀ բանկային համակարգ, որովհետեւ իրենց տնտեսական շահի կենտրոնի փոփոխություն է տեղի ունեցել, ապա որեւէ խնդիր չի առաջանում»,- հայտարարել է ԿԲ նախագահը: 

Այլ կերպ ասած՝ եթե առեւտրային բանկը կասկած ունի, որ փորձ է կատարվում իր միջոցով գումարներ տեղափոխել արտերկիր, ապա կարող է, իր հայեցողությամբ, մերժել հաշիվ բացելու վերաբերյալ դիմումը: Թեեւ հասկանալի չէ, թե ինչպես են դա պարզելու։ Եվ դա, մեծ հաշվով, ի՞նչ նշանակություն ունի, եթե մարդն արտարժութային հաշիվ է բացում եւ վճարում բանկի մատուցած ծառայությունների համար։

Գործնականում, սակայն, մերժումները համատարած են, անկախ հաճախորդի հետագա պլաններից: ՀՀ բանկերում հաշիվ կարող են բացել միայն այն քաղաքացիները, որոնք ուզում են մշտական բնակություն հաստատել Հայաստանում, ինչն առնվազն աբսուրդ է: Հասկանալի է, որ ռուսաստանցիների համար Հայաստան գալը զուտ ժամանակավոր եւ հարկադրված քայլ է: Հաշիվ բացելու համար պետք է ամենաքիչը 6 ամսվա աշխատանքային եւ նվազագույնը 1 տարվա բնակարանի վարձակալության պայմանագիր: 

«Հրապարակին» Ռուսաստանից եկած մի քանի քաղաքացի ահազանգում են, որ հայկական բանկերը, առանց որեւէ պատճառաբանության, մերժում են հաշիվ բացել, անգամ թույլ չեն տալիս դոլար ներդնել: Նախ՝ փաստաթղթեր են ուզում, հետո ուղղակի ասում են՝ մերժված եք: «Ավելի հեշտ է գնանք՝ Վրաստանում էդ «ղազագիրը» ստորագրենք, որ բանկերում ստիպում են, թե Ռուսաստանն ագրեսոր է, ու հաշիվ բացենք, քան Հայաստանում»,- բողոքեց ՌԴ-ից Հայաստան ժամանած քաղաքացին: 

ՌԴ մեկ այլ քաղաքացի էլ՝ Արտյոմ Ավետիսյանը, ասաց, որ ինքը նման խնդրի չի բախվել: «Միակ փոփոխությունը, որը տեղի է ունեցել, այն է, որ նախկինում բանկերի սպասարկումը հաշիվ բացելուց անվճար էր, իսկ հիմա բանկերի մեծ մասը 25-50 հազար դրամ է պահանջում մեզնից»: Սա, այսպես ասած, իրավիճակից օգտվել է նշանակում՝ այնպես, ինչպես օգտվում են վարձու բնակարանատերերը կամ տաքսիստները, որոնք թանկացրել են իրենց ծառայությունները։ Իսկ Արտյոմ Ավետիսյանին չեն խոչընդոտել հաշիվ բացել, եւ դա զարմանալի չէ, որովհետեւ մերժումներ են ստանում ռուսական ազգանուն ունեցող ՌԴ քաղաքացիները:

Ռուսաստանցի Անտոնինա Ա․-ն ազգությամբ ռուս է, ռուսական ազգանունով: «Այո, այսօր ինձ մերժել են որոշ բանկերում: Բոլորն ինչ-որ նոր պայմաններ են դնում, թեեւ դեռ անցյալ շաբաթ հայտնել էին, որ ռուսաստանցիները կարող են հաշիվներ բացել: Նույն Ամերիան մինչ օրս հայտարարում էր, որ ՌԴ քաղաքացին կարող է հաշիվ բացել, բայց այսօր ինձ Ամերիայի աշխատակիցն ասաց, որ պետք է մեկ տարի ապրեմ Հայաստանում եւ ունենամ Հայաստանում բնակվելու նպատակ: Ես չգիտեմ, թե սա որքանով է ազգային խտրականություն, բայց փաստ է, հանկարծ ի հայտ են գալիս ինչ-որ նոր կանոններ, որոնց մասին ոչ մի տեղ ինֆորմացիա չկա, եւ մենք իմանում ենք միայն աշխատակիցներից: Այս ամենը խիստ կասկածելի է»:  
Կա՞ արդյոք արգելք, եւ ինչի՞ հետ են կապված այս նոր, ոչ հրապարակային պահանջները, որոնք համատարած ներկայացվում են ռուսաստանցիներին:

ԿԲ ից հայտնում են, որ  որևէ ներքին հրահանգ չկա, որ բանկերը ՌԴ քաղաքացիների դիմումներով հաշիվներ չբացեն:

ԿԲ-ն տեղեկացնում է նաև, որ փետրվարի 28-ից առ այսօր ընկած ժամանակահատվածում ՀՀ առևտրային բանկերը ոչ ռեզիդենտ հաճախորդների համար բացել են մոտ 10.000 բանկային հաշիվներ, որոնցից գերակշիռ մասը ՌԴ քաղաքացիների համար բացված բանկային հաշիվներ են:

Առեւտրային բանկերը հերքում են, որ հաշիվ բացելու հարցում խտրական վերաբերմունք են ցուցաբերում: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Բանկերի միության նախագահ Սեյրան Սարգսյանից: «Առաջարկում ենք հարցի վերաբերյալ ծանոթանալ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի դիտարկումներին, որոնք հնչեցվել են մարտի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ»: Մարտին Գալստյանի դիտարկումներում, սակայն, ոչ մի բառ չկա այն մասին, որ ռուսական ազգանուններով մարդիկ չեն սպասարկվում: 

Յունիբանկի խորհրդի անդամ Վարդան Աթայանը եւս վստահեցրեց, որ հաշիվներ բացում են, պարզապես հերթեր կան: «Գիտեմ, որ բացում են, նման բան չկա, որ չբացեն: Ես երեք օր առաջ եմ եղել բանկում, հերթ էր, շատ մարդ կար բանկում, բայց բացում են: Չեն մերժում»,- ասաց նա:  Ամերիա բանկից նույնպես հերքում են, որ ՌԴ քաղաքացիների հաշիվները սպասարկելու հետ կապված խոչընդոտներ կան: 

Ռուսական ռուբլու հետ աշխատելու ռիսկերն ինչ-որ տեղ հասկանալի են, բայց մարդիկ մեծ քանակությամբ ԱՄՆ դոլար են բերել իրենց գրպաններում՝ կանխիկ, որը չեն կարողանում ներդնել բանկերում, անգամ եկամուտների աղբյուր ցույց տալու պարագայում: Ընդ որում, բանկերը որեւէ պատճառաբանություն կամ բացատրություն, որեւէ իրավական հիմք չեն ներկայացնում: 
Մեր տեղեկություններով, բանկերը ընդհանուր հրահանգ են ստացել ԿԲ-ից՝ խոչընդոտել ՌԴ անձնագիր եւ ազգանուն ունեցող քաղաքացիներին:

Չի բացառվում, որ մեր իշխանությունները պարզապես վախենում են, որ ամերիկյան սանկցիաներն իրենց վրա էլ կարող են տարածվել, եւ արագ փակում են ՌԴ քաղաքացիների համար Հայաստանում բացված կանաչ ուղին: Ինչը նշանակում է, որ Հայաստան ժամանած ռուսներն ինչպես եկել են, այնպես էլ արագ կհեռանան Հայաստանից, եւ մենք կկորցնենք մեր տնտեսությունը փոքր-ինչ աշխուժացնելու այս եզակի հնարավորությունը նույնպես։