Աշխարհում ընդունված է կարծիքի լրագրությունը, ավելին` այն ծաղկում է ողջ աշխարհում

Աշխարհում ընդունված է կարծիքի լրագրությունը, ավելին` այն ծաղկում է ողջ աշխարհում

Ժողովրդավարության մասին աղաղակող, սակայն հակաժողովրդավարական գործունեություն ծավալող իշխանություններն ու նրանց արբանյակները պնդում են, որ լրագրողն իրավունք չունի կարծիք, վերաբերմունք հայտնելու, իշխանություններին քննադատելու ու նրանց թերացումների մասին բարձրաձայնելու: Այսինքն, լրագրողը պետք է ձայնագրիչ աշխատի` առանց սեփական տեսակետն արտահայտելու իրավունքի: Սակայն, այսպես կոչված, չեզոք լրագրության, խոսափողի դեր կատարող լրագրության ժամանակները վաղուց են անցել եւ աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներում աշխատող լրագրողներն ու վերլուծաբանները միշտ կարծիք են հայտնում, անգամ երբեմն շատ ծայրահեղ եւ շատ հաճախ էլ հայտնվում են դատարաններում: 

Բայց հայկական իրականության մեջ կան հին լրագրողական սերնդի, հին մտածողության տեր մեծ թվով մարդիկ, որոնք իշխանություններին ծառայություններ են մատուցում` նրան քննադատող լրատվամիջոցների եւ լրագրողների հասցեին տգեղ հայտարարություններ անելով, սակայն, որպես կանոն, չեն նկատում իշխանամետ լրատվամիջոցների եւ անգամ Հանրային հեռուստաընկերության սուբյեկտիվիզմն ու կեղծ լրատվությունը: 

Երկարամյա, վաստակաշատ լրագրող Արմեն Դուլյանը, ով երկար տարիներ աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում, Հ1-ում եւ շատ այլ լրատվամիջոցներում, այժմ իր խորագիրն է պահում «Սպուտնիկ Արմենիայում», կարծում է, որ կիսատ են այն պնդումները, թե լրագրողը ոչ մի դեպքում կարծիք ու վերաբերմունք հայտնել չի կարող: Դուլյանի խոսքով` կան լրագրողական ժանրեր, որտեղ ոչ միայն չկան այդ «չի կարելիներն», այլև` պարտադիր է, որ լրագրողն իր կարծիքն արտահայտի: 
Նա ասում է, որ Հայաստանի նորանկախ պատմության բոլոր իշխանություններն էլ բացասաբար են վերաբերվել լրագրողական հանրույթին, կարծելով, որ իրենք ամեն բան անում են ճիշտ, իսկ լրագրողներն անտեղի քննադատում են իրենց. 

«Ես շատ եմ լսում, որ լրագրողը չպետք է իր կարծիքն արտահայտի և պետք է միայն օբյեկտիվորեն ցույց տա, թե ինչ է տեղի ունենում: Նրանք, ովքեր նման մտքեր են արտահայտում, կամ չգիտեն, կամ էլ դիտմամբ մոռացության են տալիս այն հանգամանքը, որ լրագրության մեջ կան տարբեր ժանրեր: Կա նորությունների ժանր, որտեղ իսկապես չի կարելի վերաբերմունք դնել, կարծիք հայտնել, որովհետև այդտեղ լրագրողը զուտ լուր հաղորդող է: Բայց կա կարծիքի լրագրություն ասվածը: Ես չգիտեմ, թե Հայաստանում ինչու են դրան այդքան վատ վերաբերվում: Դա էսսեի և հրապարակախոսության նման մի բան է, ընդունված է ողջ աշխարհում: Լրագրողն իրավունք ունի իր կարծիքն արտահայտել, ասել իր տեսակետները, այդտեղ ոչ մի վատ բան չկա: Լրագրողը քրեական օրենսգիրք չի խախտում կարծիք հայտնելով: Եթե չես ցանկանում լսել նրա կարծիքը, կարող ես պարզապես չկարդալ, կամ չնայել նրա վերլուծությունները, դա քո իրավունքն է, սակայն ողջ աշխարհում ընդունված է կարծիքի լրագրությունը, ավելին` այն ծաղկում է ողջ աշխարհում: Տարօրինակ է, որ Հայաստանում կարծիքներին այդքան վատ են վերաբերվում: Եթե ինչ-որ մեկն ասում է, որ լրագրողը չի կարող կարծիք ու վերաբերմունք հայտնել, ապա պետք է պարզաբանի, թե որտեղ: Ես ինքս` կարծիքի լրագրությամբ եմ զբաղվում: Այս պահին` ռադիոյում, իսկ առաջ հեռուստաընկերություններում: Ես ունեմ իմ կարծիքը և դա չեմ թաքցնում, արտահայտում եմ: Չեմ հասկանում, թե ինչու են նման հարցեր բարձրաձայնում: Շատ նորմալ է, որ լրագրողը կարծիք է հայտնում: Ասել, որ դա վատ բան է, չեմ ընդունում» - ասում է Դուլյանը:

Օրինակ Հանրային հեռուստաընկերությամբ ողջ օրը իշխանական քարոզչություն են գեներացնում: Պետրոս Ղազարյանի հաղորդումը դրա վառ օրինակն է: «Հայակական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը ևս իր թերթի էջերում որոշակի վերաբերմունք էր արտահայտում: Ինչո՞ւ են այսօր փորձում լռեցնել ազատ խոսքը հենց այս մարդիկ, նկատեցինք մենք.

«Հանրայինում այլ է: Այնտեղ նստած լրագրողը շատ լավ գիտի, որ հենց այնպես կարծիք չի արտահայտում: Եթե դու փորձառու ես, ապա մշտապես կարող ես տարբեր լրագրողական հնարքների դիմել: Կանչում ես ընդդիմադիր գործչին եթեր ու «գնդակոծում» ես քո հարցերով, հակադրվում ես, հաջորդ օրը եթեր ես հրավիրում իշխանական, կամ իշխանամետ մեկին, որին թողնում ես ազատ խոսի, ինչքան ցանկանա խոսի և այլն.... մի կողմից էլ ոչ մեկը չի կարող մեղադրել նրանց, որովհետև դա հնարք է, որը փորձառու լրագրողները օգտագործում են: Եթե նրանց ասեք, որ միակողմանի եք, կասեն` ինչո՞ւ, բոլորին հրավիրում են եթեր: Այ այդպիսի նրբություններ կան», - նշեց Արմեն Դուլյանը:

Բայց հրավիրելը մի բան է, քարոզչություն տանելն այլ բան: Հ1-ը կոնկրետ քարոզչությամբ է զբաղվում, իսկ ՀՌՀ-ն անգամ ձևական այդ հարցին չի անդրադառնում, նկատեցինք մենք.

«Եթե միակողմանի կարծիք ես արտահայտում, դա այլ հարց է: Լրագրողները` տարբեր թևերից կարողանում են դա անել»:

Ռոբերտ Քոչարյանին մինչ օրս հայհոյում են Ա1+-ը փակելու համար, սակայն Նիկոլ Փաշինայնն արդեն մի քանի հեռուստաընկերություն է եթերից զրկել, մեր զրուցակիցը շեշտեց.

«Իմ տեսած բոլոր իշխանությունները` Տեր-Պետրոսյանից սկսած, մինչև Փաշինյան, վատ վերաբերմունք են ունեցել լրագրողների նկատմամբ: Նախագահներից մեկը մի առիթով ասել էր, որ Հայաստանում գաղջ մթնոլորտ ստեղծողները լրագրողներն են: Բոլոր իշխանություններին թվում է, թե իրենք շատ լավ բաներ են անում, սակայն լրագրողները չգիտես ինչու ուզում են իրենց վարկաբեկել: Անգամ Դոնալդ Թրամփն է շատ վատ վերաբերվում որոշ լրագրողների ու լրատվամիջոցների: Դե իշխանություն են, ուզում են իրենց լավագույն տեսքով ներկայացնել, սակայն լրագրողները թույլ չեն տալիս իրականությունը թաքցնել, իսկ իշխանավորի համար դա հանցանք է: Հայաստանի բոլոր իշխանությունները շատ վատ են վերաբերվել ու վերաբերվում լրատվամիջոցներին ու լրագրողներին: Գուցե որոշ առումով դա ևս մեր այսօրվա խղճուկ վիճակի պատճառներից է»,- խոսքը եզրափակեց Արմեն Դուլյանը: