Զուռնա-դհոլով Նիկոլին բերեցիք, հիմա ինչո՞ւ եք նեղվում, որ չի գնում․․․

Զուռնա-դհոլով Նիկոլին բերեցիք, հիմա ինչո՞ւ եք նեղվում, որ չի գնում․․․

Զուռնա-դհոլով բերեցիք Փաշինյանին, հիմա ինչու՞ եք նեղվում, որ չի գնում, որ հեռացումը ձգձգվում է։ Այդպես եմ պատասխանում նրանց, ովքեր հարցնում են՝ լավ, բա սրա վերջը ի՞նչ է լինելու։ Մեծ սխալը մեծ գին ունի։ Մեծ սխալ եք արել, ու մեծ գին եք վճարել ու վճարում։ Կորցրել եք Արցախի 75 տոկոսը, կասկածի տակ է դրվել Հայաստանի գոյությունը, կորստյան է մատնվել մեր լույս գենոֆոնդը, խեղանդամ, հաշմանդամ են դարձել տասնյակ հազարավոր զինվորներ, մեր սրբավայրերը հանձնվել են․․․ Հիմա հարցնում եք՝ ինչու՞ է Փաշինյանի հեռացումը ձգձգվում։ 

․․․Իսկ ինչու՞ էիք ուզում րոպե առաջ թագադրել Փաշինյանին։ Նույն անհամբերությունը, նույն շտապողականությունը, նույն ձեռագիրը։ Նման հարց տվողները մտածում են այնպես, ինչպես մտածում է Փաշինյանը։ Իրենք էլ չգիտեն, որ իրենց հարցը Փաշինյանին ավելի շատ է հուզում․ ինչու՞ ընդդիմությունը կառավարության շենք կամ մի այլ պետական կառույց չի ներխուժում, ինչու՞ անկարգ գործողություններ չի անում, ինչու՞ են դանդաղում։ Սա Նիկոլ Փաշինյանի մտահոգությունն է։ Րոպե առաջ բոլորին կձերբակալեմ, ու շարժման հարցը կլուծեմ։ 

Ամենաշատը Փաշինյանն է ուզում, որ մտնեք կառավարության շենք։ 
Մինչև այսօր ընդդիմությունը գործում է ճիշտ։ Այս պայքարը համբերության պայքար է։ Կաթիլ- կաթիլ ջուրը քար է ծակում։ Կունենաք այդ համբերությունը, համախմբվածությունը, միասնականությունը , կծակեք քարը, չեք ունենա՝ կուլ կգնաք իշխանական շանտաժի երախին։ Իշխանության թիվ մեկ գործն այսօր հիասթափության, կեղծ լուրերի, շանտաժի, ահաբեկելու միջոցով Հրապարակը թեթևացնելն ու դատարկելն է։ Մեծ ուժ, տոկունություն ու կամք է պահանջում, որպեսզի չտրվեք սադրանքների ու առանց տրտնջալու շարունակեք ձեր խաղաղ ակցիաները։ Դրանք անցնցում ձեզ տանելու են այն հանգրվանը, որին րոպե առաջ եք շտապում։

Ձեր առավելությունն այն է, որ դուք այլևս ճանաչում եք ձեր հակառակորդին, գիտեք նրա մանիպուլյացիայի բոլոր ձևերը, սադրանքների մեջ կարմիր գիծ չունենալը ու ֆեյքային ահռելի ռեսուրսը։ Մնում է ընդամենը չպակասեք, չհոգնեք, պահանջատեր ու հաստատակամ լինեք։ Իմանաք, որ դա անում եք՝ ոչ թե ինչ որ մեկին աթոռին նստեցնելու համար, ինչպես Փաշինյանի դեպքում արեցիք, այլ անում եք, որ երկիրն ապրի։ Ընդամենն այսքանը։