Փաշինյանի լոսանջելեսյան ելույթը շատ տրամաբանական էր․քաղաքագետ

Փաշինյանի  լոսանջելեսյան ելույթը շատ տրամաբանական էր․քաղաքագետ

Լոս Անջելեսի Grand park-ում Հայաստանի վարչապետի ելույթը հայկական ազգային միջոցառմանը մի շարք շեշտադրումներ ուներ, մասնավորապես, համահայկականության շրջանակներում Սփյուռքի դերի, նրանից Հայաստանի իշխանությունների սպասելիքների, նրա առջև դրված նոր նպատակների և համահայկական զարգացման նախագծխերի հարցում։
«Հրապարակն» այս հարցի շուրջ զրուցել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ։

-Պարոն Սարգսյան, նախ սկսենք նրանից, որ վարչապետն առատորեն օգտագործում էր սփյուռքին  ականջահաճո բառապաշար՝ «Արարատ», «Ցեղասպանություն» և այլն։

-Եթե անդրադառնանք ելույթին, ապա այն շատ տրամաբանական էր՝ հաշվի առնելով, թե ում էր ուղղված։ Իսկ այն ուղղված էր Ամերիկայի հայ համայնքին՝ ներդրումների և Հայաստանում վերաբնակեցման մասով։ Եվ շատ տրամաբանական էր, որ նրա խոսքը պետք է լիներ այս առաջնահերթությունների մասով։ Այստեղ որևէ նոր բան իրականում չկա։ Նաև վարչապետը կոչ արեց առաջնահերթությունների վերաշարադրում անել։ Այսինքն՝ հիմա որպես այդպիսին դիտել Հայաստանի տնտեսական զարգացումը։ Եվ այս խնդիրը դիտարկել անվտանգության խնդրի հետ շաղկապված։ Այնպես որ շատ տրամաբանական ելույթ էր և կարծում եմ՝ նաև սպասելի թեզեր էին։

-Այս ուղերձները, որ սփյուքռը պետք է օգնի հայությանը ՀՀ իշխանությունների կողմից միշտ եղել են։ Այստեղ նոր բան կա՞ր։

- Վարչապետը Լոս Անջելեսից ավելի շատ աջակցություն ունի, և դա մենք փաստացի տեսանք, և, բնականաբար, փորձում են դրանից մաքսիմումը քաղել, ներդրումներ բերել Հայաստան և մեր հայրենակիցներին հայրենադարձել։ Բայց այս առումով պետք չէ առաջ ընկնել, քանի որ սա մեկ օրվա աշխատանք չէ։ 

-Այն, որ առաջին անգամ խոսեց համահայկականության մասին, սա էլի հնի կրկնությու՞ն էր, թե ինչ։ Նաև չմոռանանք, որ խոսեց սփուռքին ՀՀ անձանգրեր տալու մասին։

-Այս պահի դրությամբ ինձ որևէ օրենսդրական նախաձեռնություն հայտնի չէ, որն ապահովում է մեր հայրենակիցների ընտրելու և ընտրվելու իրավունքը, նրանց մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքում այդ ձևաչափով ապահովելու։ Միգուցե նման նախագիծ շրջանառվում է կամ գաղափար կա՞, բայց, իհարկե, դա բավականին բարդ է լինելու, որովհետև, եթե դու նման դերակատարություն ես վերապահում քո հայրենակիցներին, որոնք Հայաստանում չեն ապրում, ապա դու բոլոր քաղաքացիների համար պարտավոր ես ապահովել ընտրությունների համար բոլոր նախապայմանները։ Դա նշանակոմ է, որ խոշոր համայնքերում, որտեղ քո քաղաքացիները բնակվում են, պետք է լինեն ՀՀ դեսպանություններ կամ հյուպատոսական հիմնարկներ, որտեղ Հայաստանի քաղաքացիները պետք է գնան ընտրեն։ Գոնե այս առումով դժվարություններ կան, բայց եթե իշխանությունը որոշի գնալ այս ճանապարհով, կարծում եմ՝ նաև այդ հանգամանքն է հաշվի առնելու, նոր կայացնի համապատասխան որոշում։

-Վերջերս, վարկածներ են հնչում, որ ՀՀ արտաքին քաղաքական կուրսում հնարավոր են սրբագրումներ հայ-ռուսական և հայ-ամերիկյան հարաբերությունների մասով, և որ վերջին շրջանի հայտնի պաշտոնանկությունները նաև դրանով էին պայմանավորված։

-Ես բացառում եմ, որ ՀՀ արտաքին քաղաքական կուրսի որևէ փոփոխություն կա և կարող է նման մարտավարություն լինել։