«Հրապարակ». Գյուղի երիտասարդներն արտերկրից վերադարձել են ու հերթապահում են սահմանին

«Հրապարակ». Գյուղի երիտասարդներն արտերկրից վերադարձել են ու հերթապահում են սահմանին

«Գեղարքունիքի մարզի, Վայոց Ձորի, Սյունիքի մարզի ժողովրդի համար նոր իրողություն է սահմանամերձ բնակավայրի բնակիչ լինելը, իսկ մենք 32 տարի է՝ այդ կարգավիճակում ապրում ենք»,- ասում է Տավուշի մարզի Չինարի վարչական շրջանի ղեկավար Սամվել Սաղոյանը։
«Փառք ու պատիվ Տավուշի տարածաշրջանի ժողովրդին՝ մենք սովորել ենք արդեն, բնական իմունիտետ ենք ձեռք բերել, այդ բոլոր լարվածություններին կարողանում ենք դիմակայել։ Եթե ապրող չլինեինք, չէինք մնա, համայնքը գործում է իր բոլոր բաղադրիչներով՝ դպրոց, մանկապարտեզ, ամեն ինչ կա, սովորական ռեժիմով ապրում ենք։ Սեպտեմբերյան լարվածությունից հետո էլ պատրաստ ենք, եւս մեկ անգամ տեսանք, որ թշնամին նենգ է ու ցանկացած պահի կարող է հարձակում կատարել, ու որպեսզի մեր առաջնագծերն ավելի ամրացնենք, երկրորդ եւ երրորդ պաշտպանական գիծ ենք կառուցում»,- ասում է Սաղոյանը։

Չինարի վարչական շրջանի ղեկավարը շեշտում է, որ համայնքի բնակիչները մասնակցում են այդ աշխատանքներին․ «Որպեսզի հարկ եղած դեպքում կարողանանք դիմակայել, որ մեր զորքը մենակ չմնա, իրար հետ կանգնած լինենք։ Կյանքը մեզ ցույց է տվել, որ եթե ուզում ես խաղաղություն, ապա ցանկացած պահի պետք է պատրաստ լինես պատերազմի»։

Ասում է, որ ադրբեջանցիներն ամրաշինական կամ ինժեներական աշխատանքներ, իր տվյալներով, չեն իրականացնում։ Թե՛ թշնամու, թե՛ մեր կողմի հենակետերը վաղուց ամրացված են, իսկ գյուղի վերջին տունն ադրբեջանցիների բնագծից հեռու է ընդամենը 500 մետր։ Չինարիի բնակիչները պատրաստ են թշնամու սադրանքներին, ավելին՝ սեպտեմբերի եռօրյա պատերազմից հետո գյուղի երիտասարդներից ով արտերկիր էր մեկնել, վերադարձել է գյուղ ու մարտական հերթապահություն է իրականացնում։

«Առայսօր այստեղ են, ընդգրկված են աշխարհազորում, մեր գյուղի տղաները վերադարձել են, լավ համայնք ունենք կազմակերպված՝ սեպտեմբերի 15-ից եկել են։ Մենք շատ ձիգ ենք, ամուր ենք, Տավուշը միշտ էլ եղել է ձիգ, ու ասեմ Ձեզ՝ իմանաք, որ միշտ էլ կանգնուն կմնանք»,- ասաց Սաղոյանը։

Սահմանամերձ Չինարիի ղեկավարը պատմում է, որ գյուղի ամենաերիտասարդից մինչեւ ամենատարեց բնակիչը սեպտեմբերի 14-ին բահը ձեռքին մասնակցել են ինժեներական աշխատանքներին՝ ամեն օր գյուղի բնակիչներից ամենաքիչը հիսուն հոգի է մասնակցել պաշտպանական գծերի կառուցման գործին։ «Ահել-ջահել՝ ով կարող է, եթե չի կարողանում զենք բռնել, կարող է, չէ՞, բահ բռնել»,- նկատում է նա։

Պաշտպանական գծերի կառուցմանը թշնամին խոչընդոտելու փորձ էլ չի արել, ու, ինչպես Չինարիի ղեկավարն է նկատում, ադրբեջանցիներն իրենցից վախենում են։ Սեպտեմբերի 13-ին ընդառաջ ադրբեջանցիների կողմում իրենք զորակազմի ավելացումներ, կուտակումներ նկատել են, սակայն վերջին մի քանի օրը իրավիճակը խաղաղվել է։

«Սեպտեմբերի 13-ի կողմերը իրենց մոտ կուտակումներ կային, բայց արդեն նկատում ենք, որ ավելի հանդարտ է։ Մեր զորքը շատ ուժեղ է, մեր բանակը շատ ուժեղ է, մենք էլ իրենց թիկունքին կանգնած ենք՝ որեւիցե խնդիր չունենք»,- ասաց Սամվել Սաղոյանը։

Սեպտեմբերի 13-ին թշնամական զորքերի կուտակումներ նկատվել են նաեւ Տավուշի մարզի Մովսես գյուղի դիմաց՝ թշնամու բնագծերում։ «Թշնամու կողմից կուտակումներ եղել են՝ հիմա լարվածությունը մի քիչ թուլացել է, շատ լարված էր, բայց այս 4-5 օրը մի քիչ թուլացել է։ Եղած կուտակումները հետ են քաշվել, եթե իրավիճակը թուլացել է։ Երեւի տեխնիկան, զենք-զինամթերքը հետ են տարել, դրա համար էլ լարվածության թուլացում կա»,- ասաց Մովսես վարչական շրջանի ղեկավար Զավեն Պապյանը։

Մովսեսի բնակիչներն էլ են մասնակցում գյուղի շուրջ պաշտպանական բնագծերի կառուցմանը, վերանորոգմանը։ Գյուղի տները թշնամու բնագծից 300-400 մետր հեռավորության վրա են գտնվում։
«300 մետրի վրա մարդիկ ապրում են, բայց իրենց վարելահողերը վարում են, այգիները մշակում են․ միշտ էլ այդպես է եղել։ 1991-1992 թվականից հետո միշտ լարվածության մեջ ենք եղել, հիմա էլ է լարված, ոնց որ ասում են, իրենց զենքն ուսերին՝ իրենց հողը մշակում են, որ իրենց կյանքն ապահովեն։ Մեզ մոտ պատերազմը ո՞նց կարող է ավարտվել, եթե թշնամուց 300-400 մետրի վրա ենք ապրում»,- ասում է Պապյանը։

Մովսես վարչական շրջանի ղեկավարը շեշտում է, որ վտանգ միշտ կա, գյուղի բնակիչներն էլ միշտ վտանգի տակ են, սակայն մարդիկ կարծես արդեն սովորել են այս իրավիճակին՝ ադապտացվել են։
Սեպտեմբերի եռօրյա պատերազմի օրերին, օրինակ, ռուսաստանաբնակ մովսեսցիներն օգնություն են ուղարկել գյուղ, սննդով, ծխախոտով, սուրճով են ապահովել՝ նույնիսկ եթե դրա կարիքը չկա։ «Մոտավորապես 300-400 հազար դրամի օգնություն են տվել 16 պոստի։ Երբ որ լարվածություն է լինում, ամբողջ գյուղը կանգնում է՝ սկսում են խրամատները մաքրել ու պատրաստել»,- շեշտում է Պապյանը։