Աշխատանք՝ ընտրողի հետ

Աշխատանք՝ ընտրողի հետ

Ի՞նչ իմաստ ունի այսքան շատ խոսելն ու այսքան հաճախ ասուլիսներ տալը։ Չէ՞ որ ինչքան շատ ես խոսում, այնքան շատ ես սխալվում, այնքան խոցելի, կասկածելի եւ վտանգավոր հայտարարություններ ես անում։ Չէ՞ որ ամեն ասուլիսից հետո մեծ թվով մարդիկ ընկնում են հոգեխանգարմունքի մեջ, սկսում են բռնել ստերը, հակադրվել, բացահայտումներ անել, հոդվածներ ու ստատուսներ գրել, հարցազրույցներ տալ, հայհոյել ու վրդովվել։ Բայց եթե հանրության՝ տեղեկացված ու մտածող մասի համար այդ ասուլիսներն ու այնտեղ հնչած մտքերն արտառոց են, երբեմն՝ զավեշտական ու սխալներով լի, ապա հանրության այն հատվածը, որը «Քաղպայմանագրի» եւ Նիկոլ Փաշինյանի ընտրողն է, այդ նրբությունների մեջ չի խորանում։ Նրանք ականջներով սիրող կնոջ նման նայում են իրենց կուռքին, լսում նրա խոսքը եւ զմայլվում, թե նա ինչքան լավ է խոսում՝ սահուն շարադրում մտքերը, ինչքան ինքնավստահ է, ինչպես է շշպռում սուր հարցեր տվող լրագրողներին ու հերքում նրանց մեղադրանքները։

Ինչքան հնարամիտ է պատասխաններ գտնելիս եւ ինչպես է ամենատհաճ հարցերի տակից դուրս գալիս։ Թվում է՝ պարզ ասաց, որ Արցախը, այո, մտնում է այդ 86 հազար ք/կմ-ի մեջ, որն ինքը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածք, բայց տեսեք՝ ինչ նրբագեղ է անում դա եւ ինչպես է մատուցում։ Այնպես, որ Հ1 դիտող ոչ մի հեռուստադիտող-ընտրող նրան չի մեղադրում Արցախին դավաճանելու համար։ Տեսեք՝ ինչպես է մեկնաբանում զոհվածի մոր կալանքը, որ քիչ է մնում լսողներն ասեն՝ բոլոր զոհվածների ծնողներին բռնեք, դատեք, որ մենք իրավական երկիր դառնանք։ Կամ՝ ինչ սիրուն պատմություն ներկայացրեց որդու փրկության մասին, որ մազ էր մնացել, որ իր կինը դառնար հերոսածին մայր, եւ այն փաստը, որ որդին չի զոհվել, պատճառ չէ, որ իր կնոջը զրկեն այդ կոչումից։