Անհատի դերը պատմության մեջ. Գարեգին Նժդեհից մինչեւ մեր օրեր

Անհատի դերը պատմության մեջ. Գարեգին Նժդեհից մինչեւ մեր օրեր

Գոյություն ունի ենթադրություն, որ մեծ անհատներն են գերիշխող ազդեցություն ունենում պատմական փոփոխությունների վրա: Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ պատմությունն առանց Ժաննա դ'Արկի, Հենրի VIII-ի, Նապոլեոնի, Հիտլերի, Ստալինի, Մաոյի, Մուսոլինիի, Քենեդու, Գորբաչովի և Թետչերի, կլիներ ձանձրալի: Անձի պաշտամունքն առանցքային է եղել արձանագրված ամբողջ պատմության մեջ: 

Պատմության մեջ անհատի դերը նրանում է, որ նա մյուսներից ավելի վաղ, ավելի լավ, ավելի խոր և ամբողջական է պատկերացնում հասարակության զարգացման նոր պահանջմունքները, առկա պայմանների փոփոխության անհրաժեշտությունը և մյուսներից ավելի վճռական է պայքարում դրա համար, կարողանում է գտնել և ցույց տալ հասարակության, ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծելու ուժերը, ուղիները և միջոցները:

Պատմության ընթացքը ձևավորելու համար հասարակությունից վեր բարձրացող անհատներին վերաբերող առասպելը համատարած է և հիմնված երկու ենթադրությունների վրա. 1) առաջնորդների գործողությունները ձեռնարկվում են հասարակության մեջ իրենց դիրքից մեկուսացված. 2) առաջնորդների ուսումնասիրությունն արդարացված է նրանով, որ նրանք գործել են անկախ որևէ սահմանափակումներից:

Ինչու «Գարեգին Նժդեհից մինչև Ռուբեն Վարդանյան»: Արդեն երկրորդ անգամ, վերջին 100 տարում, հայ ժողովուրդը հայտնվել է գոյաբանական խնդրի առջև: Այս առումով, Սյունիքն ու Արցախը նույն տրամաբանության մեջ են: Դրա ապացույցն այն է, որ 2020 թ. պատերազմին հաջորդած իրադարձությունները ցույց տվեցին, որ թշնամու թիրախը Սյունիքն է, առանց որի Արցախի բռնազավթումը «մեկ ժողովուրդ երկու պետության» համար ռազմավարական նշանակություն չունի: Իսկ Սյունիքը Հայաստանի համար գոյատևման գրավականն է:

Միաժամանակ, տարածաշրջանում, իր պատմական տարածքներում, հայ ժողովրդի զարգացումն ու անվտանգության ապահովումն անհնար է առանց Արցախի: Գոյատևելով հնարավոր չի լինի ապահովել հայ ժողովրդի արժանապատիվ բարեկեցությունը և անվտանգությունը: Դա կլինի հայոց պետության պասիվ էֆթանազիայի նման մի բան: 

Հատկանշական է, որ Գարեգին Նժդեհը, անհավասար մարտեր մղելով 11-րդ կարմիր բանակի դեմ (այսինքն՝ գործել է անկախ որևէ սահմանափակումնից) մինչև 1921 թվականը, լքել է Զանգեզուրը իշխանությունների կողմից, Սյունիքի Հայաստանի կազմում պահելու, երաշխիք ստանալուց հետո միայն: 

Գարեգին Նժդեհը վստահ է եղել, որ «պիտի գա, դեռ պիտի հայտնվի նոր հայը որպես ազգային ղեկավար՝ զինվորականի, պետական մարդու և մշակութային գործչի դերերում»:

Թվում է, թե ի դեմս Ռուբեն Վարդանյանի՝ եկել է «պետական մարդը» և հեռու չէ այն ժամանակը, երբ ի հայտ կգան այլ պետական գործիչներ ևս (չշփոթել քաղաքական իբր գործիչների հետ), ռազմական և լայն իմաստով մշակութային գործիչներ՝ կրթության և գիտության, արվեստի և գրականության, մշակութային մյուս բնագավառների սկզբունքային, հայրենասեր գործիչներ, «ցեղային նոր բարոյական մարդիկ»: Միայն դրանից հետո հնարավոր կլինի հասնել, նախ, տարածաշրջանում հայ ժողովրդի գոյաբանական խնդրի լուծմանը, ապա՝ զարգացմանը: Միայն դրանից հետո, երբ Արցախը հայկական պահելու գործընթացները դառնան անշրջելի, Ռուբեն Վարդանյանը (իր առաքելությունը կատարած լինելով՝  անկախ որևէ սահմանափակումից), «հարգելով»  Բայրամովի «խնդրանքը»՝ կհեռանա Արցախից, հավանաբար:

Գագիկ Վարդանյան