Կոմունիկացիոն աքցանի մեջ

Կոմունիկացիոն աքցանի մեջ

Պատերազմի առաջին օրը Ազգային ժողովի ամբիոնից վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլը հիտլերյան պաթոսով, սակայն բացասական ուղղվածությամբ, հայտարարում էր, որ ինչ էլ պատահի՝ մենք մեզ պարտված չենք համարելու: Պատերազմի վերջին օրը բունկերում թաքնված ու ակնհայտորեն խոր ընկճախտի մեջ ընկած նույն անձը մեզ հրամցրեց պարտության բոթը: 2020 թվականի հուլիսյան դիրքային բախումների հաջողությանը մեծ հաղթանակի նշանակություն տված (վերհիշենք յոթանասուն քանի մարտական խաչերն ու հերոսի կոչումը) «գերագույն գլխավորը» նույն թվականի նոյեմբերի 9-ից մինչև վերջերս դուրս չէր գալիս խոր, չափազանց խոր ընկճախտից: Վերջերս էր, չէ՞, որ խոստովանեց մեր արևելյան սահմանից զորքերը հետ քաշելու հրամանն իր կողմից տալու մասին, չնայած խաղաղ ժամանակ չուներ դրա իրավունքը: Եվ արդարացավ՝ այդպես արեց, որպեսզի խուսափի նոր լայնածավալ պատերազմից: 

Զարմանալի էր: Փաստորեն, նա ենթադրում էր, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, ու Ռուսաստանը, որ փոխադարձ օգնության պայմանագիր ունի կնքված Հայաստանի հետ, օգնության չէր հասնելու: Ադրբեջանցիները Գուգլով սահման էին գծում, ինքն էլ, իրեն պարտված համարելով՝ հնազանդ ենթարկվում էր: Հետո, երբ չաքուջը ձեռքին ներքին թշնամի էր փնտրում ու սեփական փորից այն կողմ ոչինչ չտեսնող զանգվածի քվեն հայցում ու ստանում՝ յուրայիններին թույլատրեց «հերոսանալ»: Այդ գործընթացում անդրանիկությունը տրվեց ՀՀ պաշտպանության նախարարին, որը «հերոսական» հռետորաբանություն բանեցրեց մեր սահմանային դիրքերը պահպանելու առումով: Այնուհետև ԱԳ նախարար նշանակված Միրզոյան Արարատը հակաալիևյան մեկ-երկու հայտարարություն արեց: Վերջում էլ հանդես եկավ հենց ինքը՝ «ոգով չպարտված» Նիկոլը՝ խոսելով մեր թշնամիներին միջանցք տրամադրելու անթույլատրելիության մասին: Բայց հանուն արդարության արձանագրենք, որ այդ մեկն ասվեց, երբ ռուսական պաշտոնական այրերն արդեն հերքել էին միջանցքի գաղափարը: 

Ինչևէ, սկզբում ինձ թվաց, թե երբեմնի «դուխով», իսկ այնուհետև ընկճախտային Նիկոլը համարձակություն ու քաջություն առաջացնող կախարդական բուսադեղ է օգտագործել: Նույնիսկ առանձին հոդված նվիրեցի այդ թեմային: Բայց Նիկոլի և գործադիրում նստած նրա ուսապարկերի «հերոսական» հռետորաբանությունը կարճ տևեց: Վերջերս էլ իմացանք, որ մեր երբեմնի «հերոսները» Գորիս-Կապան ճանապարհահատվածից ամբողջությամբ հրաժարվել են, որպեսզի խուսափեն սյունիքյան միջանցքը թուրքերին հանձնելուց: Ու Ադրբեջանն էլ հերթով մաքսակետեր է դնում այդ հատվածում՝ շրջափակելով մեր բնակավայրերը: Եվ ամբողջությամբ փակելով մեր ճանապարհն ու մեզ թողնելով Տաթև-Կապան այլընտրանքի հույսին: Վերջինս թեև անցանելի, սակայն չափազանց դժվար անցանելի ճանապարհ է: Հատկապես այդպիսին է երկարավուն ծանր բեռնատարների համար, ու հատկապես աշնանը, ձմռանը և գրանանը: Իսկ մինչև եղանակի տաքանալը, ինչը թույլ կտար լայնացնելու  այն, թշնամին հերթական անակնկալը կմատուցի մեզ: Անակնկալ Նիկոլի և նրա ուսապարկերի համար, որոնք քթից այն կողմ որևէ բան տեսնելու ունակ չեն: 

Եզրակացնենք՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում մաքսակետ դնելն Իլհամի հերթական հարվածն է Հայաստանին, որը չի գիտակցվում այս իշխանության կողմից: Դրա նպատակն իրանական ապրանքային հոսքը Հայաստանից կտրելն է ու այն Ադրբեջանով Վրաստան ուղղորդելը: Այսինքն, տվյալ դեպքում, Հարավ-Հյուսիս բեռնափոխադրումները Հայաստանի ձեռքից վերցնելը: Ու մեզ որպես կղզյակ չորս կողմից շրջափակելը: Հենց այդ նպատակով էր մեզնից խլված տարածքներում և մեր սահմաններին զուգահեռ Իլհամը թունելներ կառուցում տարվա ընթացքում: Պատկերացնո՞ւմ եք՝ վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող անձը խոսում է կոմունիկացիաներ բացելուց ու խաղաղ դարաշրջանի մեկնարկից, իսկ Իլհամն արդեն նախապատրաստվում է մեզ կոմունիկացիոն աքցանի մեջ առնելուն: Դա չգիտակցելու համար պետք է լինել առնվազն… ուսապարկ կամ ուսապարկով Փաշինյան Նիկոլ: 

Բնականաբար, Ադրբեջանի համար այդ թունելներն նաև պաշտպանական նշանակություն ունեն՝ մեր կորցրածը հետ բերելու փորձի դեպքում կօգտտագործվեն ռազմական նպատակով: Իսկ որ նման փորձ կանենք՝ Իլհամը չի կասկածում: ՀՀ վարչապետի պաշտոնից Նիկոլին հեռացնելուց և մեր մեջքն ուղղելուց հետո ես չեմ էլ կասկածում, որ մենք կդնենք այդ հարցը: Որովհետև Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձից բացի չեմ կարծում, թե ողջ աշխարհում կգտնվի ուրիշ մեկը, որ հպարտանա իր պարտությամբ: Իսկ մենք խնդիր ունենք մաքրվելու այն ստորացումից, որին մեզ դատապարտեց երբեմնի «դուխով» Նիկոլը: