«Հրապարակ». Դա հակաքարոզ է Սահմանադրական դատարանի դեմ

«Հրապարակ». Դա հակաքարոզ է Սահմանադրական դատարանի դեմ

Սահմանադրական դատարանը հրաժարվում է քննել ԱԺ ընդդիմության դիմումները։ Վերջինն «ԱԺ կանոնակարգ» օրենքի հետ է կապված` ընդդիմությունը զրկված է ԱԺ մշտական հանձնաժողովների՝ Դոնթի բանաձեւով իրենց հասանելիք նախագահների պաշտոնները ղեկավարելու իրավունքից։ ՍԴ-ն որոշել է հետաձգել քննությունը՝ «ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից»։ Առհասարակ, ՍԴ այս կազմն անթաքույց ծառայում է իշխանություններին: Մենք զրուցել ենք ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ:

- Ինչո՞ւ է ՍԴ-ն հրաժարվում քննել ընդդիմության դիմումները:

- Այդպիսի բան չկա, որ ՍԴ-ն հրաժարվի դիմումներ քննել, ՍԴ-ն դիմումի քննությունը մերժելու մասին որոշում չի կայացրել` կախված սուբյեկտից: Եթե չափանիշները բավարարված չեն, անկախ սուբյեկտից, լինի դա հանրային իշխանության մարմին, թե ԱԺ-ի 1,5-րդի կողմից ներկայացված, որոշումները պայմանավորված չեն սուբյեկտի անձով կամ կարգավիճակով: Պայմանավորված են ընդունելիության պահանջներին համապատասխա՞ն, թե՞ ոչ, եթե չեն համապատասխանում` անկախ սուբյեկտից, դիմումները ենթակա չեն քննության:

- Ինչպե՞ս է ստացվում, որ հենց ընդդիմադիրների ներկայացրած դիմումները չեն համապատասխանում պահանջներին: Ո՞ր դիմումն եք համարել քննության ոչ ենթակա:

- Եթե կոնկրետ որոշումների հետ կապված հարցեր եք տալու, ես դրանց չեմ կարող պատասխանել:

- Ոչ, տպավորություն է, որ հակաիշխանական դիմումները չեն քննվում, կողմնապահությո՞ւն է անում ՍԴ-ն:

- Ոչ մի կողմնապահություն չկա: Ես չեմ կիսում այդ տեսակետը:

- Իսկ ինչո՞ւ եք ինչ-որ պատճառաբանություններով քննությունները հետաձգում:

- Դատավարական անհրաժեշտությունից ելնելով՝ լինում են հետաձգումներ, բայց դրանք բոլորը հիմնավորված ու պատճառաբանված են:

- Իսկ ինչքա՞ն կարող եք հետաձգել, այս մասով չկա՞ վերահսկող մարմին: 

- Չեմ պատկերացնում: Եթե գործը լրացուցիչ ուսումնասիրելու դատավարական անհրաժեշտություն կա կամ այլ ապացույցներ ձեռք բերելու, կամ էլ կողմերից դիրքորոշումներ ճշտելու, նախագիծ մշակելու, ի՞նչն է խնդիրը: Դատավարական անհրաժեշտություն է այն: Ես խնդիր չեմ տեսնում, չկա որեւէ նկատառում: Նիստերի հետաձգման պատճառը միայն որակյալ գործի ուսումնասիրությունն է` համակողմանի: Սա է պարզապես հարցը: Եթե կան իրավունքի բարդ հարցեր, որոշ դեպքերում երբեմն կա փաստեր ճշտելու անհրաժեշտություն, ապա անհրաժեշտաբար նիստերը հետաձգվում են: Խնդիրները լուծելու համար են դրանք, այլ պատճառ չկա:

- ՍԴ-ում «Ապօրինի գույքի բռնագանձման» գործով վարույթը կասեցված է, Վենետիկի հանձնաժողովը տվել է իր եզրակացությունը, տեւական ժամանակ է` գրեթե մեկ տարի, ինչո՞ւ ՍԴ որոշում դեռ չկա:

- Մենք արդեն բավականին երկար զրուցեցինք…. Բարդ գործ է, ծավալուն գործ է, լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք կա: Ստացված փաստաթղթերի ծավալն աննախադեպ մեծ է, դրանք վերլուծվում են, այդ պատճառով էլ ժամանակ է գնում, ոչ մի տարօրինակ բան չկա այդտեղ: Ի դեպ, սա առաջին գործն է, որտեղ օրենքն ամբողջ ծավալով է վիճարկվում: Կոնկրետ մի նորմի սահմանադրականություն չէ` քննարկվում է ծայրից ծայր ողջ օրենքը:

- Այսինքն` Դուք բացառո՞ւմ եք, որ իշխանություններն ազդեցություն ունեն ՍԴ-ի վրա:

- Դա հակաքարոզ է Սահմանադրական դատարանի դեմ: Բոլոր ընդունելի սահմաններն անցնող դատարկ հակաքարոզ: