Ո՞վ է հաջորդը

Ո՞վ է հաջորդը

Մարդկանց հերթական խումբը կանգնել է փաստի առաջ` վրացական համարանիշներով ավտոմեքենաների տերերին ստիպում են առաջիկայում մաքսազերծել այդ մեքենաները: Իսկ նրանք էժան մեքենաներ էին գնել Վրաստանից եւ վրացական համարներով վարում էին Հայաստանում` տարեկան մի քանի հարյուր հազար դրամ վճարելով: Եվ ոմանք ստիպված են լինելու տանել Վրաստան այդ մեքենաները եւ էժան վաճառել, մյուսները մեքենայի արժեքից ավելի մաքսատուրք են վճարելու հարկայինին: Մի խոսքով` մի օրապակաս փոփոխություն, որից շարքային մարդը նոր վնասներ է կրելու, նրա` առանց այն էլ ոչ դյուրին կյանքն ավելի է բարդանալու: Տպավորություն է, թե մարդատյացների մի մեծ խումբ գիշերուզօր մտածում է` ինչ անել, որ հայ մարդը նորանոր խնդիրներ ունենա, ավելի շատ հարկ ու տուրք վճարի, բայց պետությունից ոչինչ չպահանջի:

Կարծես ոչ թե պետությունն է մարդու համար ստեղծված, այլ մարդը` պետության, ավելի շուտ` իշխանության համար, որ նրանք բարձր աշխատավարձեր ստանան, մարդկանց վճարած հարկերից առաջացած միջոցները կամայականորեն ծախսեն եւ ոչ մեկին հաշվետու չլինեն: Նաեւ իրենց ծառայող ինչ-որ խմբերի լավություն անեն` տարբեր անհեթեթ ծրագրերի համար փող դուրս գրեն բյուջեից եւ ամենակարեւորը` ՔՊ-ի փիառն անեն, որ հաջորդ ընտրություններում վերարտադրվեն:

Հերթական օրենսդրական սահմանափակումն ու նոր հարկ-տուրք վճարելու պարտադրանքը, սակայն, հասարակությունը տարբեր կերպ է դիմավորում: Ոմանք գլուխը կախ համակերպվում են, մյուսները հանդիմանում են, թե` ստացեք, բա Նիկոլ էիք ընտրում, երրորդները, ում այդ նորամուծությունը չի դիպչում, չարախնդում են` ուզում էիք հեշտ կյանքո՞վ ապրել` դե մուծվեք եւ մի տրտնջացեք: Հետո, իհարկե, այս խմբերի տեղերը կփոխվեն` այսօր չարախնդացողները վաղը կմուծվեն: