Յոլյանի պահվածքից ապշած են մնացել

Յոլյանի պահվածքից ապշած են մնացել

Օրերս Գորիսի փոխհամայնքապետերից Իրինա Յոլյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը) հատկանիշներով։ Նույն հոդվածի հատկանիշներով մեղադրանք էր առաջադրվել նաեւ համայնքապետարանի երկու աշխատակիցների։ Մեղադրանք էր առաջադրվել նաեւ համայնքի ղեկավարի մյուս տեղակալ Մենուա Հովսեփյանին՝ ՀՀ ՔՕ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:

Երեկ ուշ երեկոյան, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ֆարխոյանի, մերժեց կալանավորման վերաբերյալ քննիչների ներկայացրած միջնորդությունը, ուստի Յոլյանը չկալանավորվեց՝ հակառակ կանխատեսումների՝ Ֆարխոյանի գործոնով պայմանավորված։

Մեզ փոխանցեցին,որ Յոլյանը մինչև կալանավորման վերաբերյալ միջնորդության որոշումն էլ իրեն դրսևորել է չընկճվողին հատուկ ոճով, ըմբոստացել է, ընդդիմացել, ինչից ապշել են թե քննիչները, թե ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ։

Անգամ հասուն տղամարդիկ այդ իրավիճակում ճնշվում են ու համաձայն են լինում ցանկացած պայմանով ազատ արձակվելուն:

 

Հիշեցնենք, որ Գորիսի համայնքապետի մյուս տեղակալը՝ Մենուա Հովսեփյանը, այնուամենայնիվ, երեկ երկու ամսով կալանավորվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, բավարարեց միջնորդությունը։

Գորիսի համայնքապետարանի երկու աշխատակիցներին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունները երեկ ևս մերժվել էին։ Դատավոր Տաթև Գրիրգոյանը մերժել էր Արմինե Չոփչյանին կալանավորելու վերաբերյալ քննիչների ներկայացրած միջնորդությունը, իսկ դատավոր Մակյանը՝ Սուսաննա Մկրտչյանին։

Այսպիսով, Գորիսի համայնքապետարանի ձերբակալված 4 ներկայացուցիչներից միայն Մենուա Հովսեփյանի խափանման միջոցն ընտրվեց կալանավորումը։