Անուղղելի լավատես

Անուղղելի լավատես

Մենք շատ միամիտ ու լավատես ժողովուրդ ենք։ Մեր գլխին անձրեւ ու կարկուտ են տեղում, շարունակում ենք հավատալ, որ շուտով պայծառ արեւ է բացվելու Հայաստան աշխարհի վրա։ Մեզ անընդհատ վիրավորում ու նվաստացնում են, անտեսում մեր կարծիքը, շահագործում են մեր համբերությունը, մենք անընդհատ հույս ենք փայփայում, թե այդտեղ միտում չկա, որ իշխանությունը կուղղվի, կգիտակցի իր սխալը։

Ամենակատաղի ոստիկաններին, բողոքի ակցիաներ իրականացնողներին ծեծի ենթարկող կարմիր բերետավորներին, ՊՊԾ գնդի «հերոս» հրամանատարին, որը լրագրողների վրա էր հարձակվել, պարգեւատրում են, պաշտոնները բարձրացնում, մենք չենք ուզում հավատալ, որ դա որոշակի քաղաքականություն է՝ վերեւում մտածված՝ հանրային արժանապատվությունը տրորելու, հանրային դիմադրությունը հողին հավասարեցնելու համար։ Իսկ ինչո՞ւ են, ասենք, ընդդիմադիրներին սեռական հայհոյանքներ տված փոխոստիկանապետը, քաղաքական գործեր «կարող» Արգիշտի Քյարամյանը գեներալի կոչում ստանում։ Ինչո՞ւ են պատգամավորներին քացի տվող եւ ԱԺ ամբիոնից լուտանքներ տեղացող Վահագն Ալեքսանյանին, Վիգեն Խաչատրյանին, Արմեն Խաչատրյանին, մյուսներին անթաքույց խրախուսում։

Ինչո՞ւ են ԱԺ նիստը վերածում ընդդիմությանը դատափետելու արարողության կամ ԱԺ ղեկավարության ձեռքով պաշտոններ խլում ընդդիմադիրներից։ Ինչո՞ւ են իրենց ծառայած ֆեյսբուքյան հայհոյախոսի քրոջը ՍԴ անդամի թեկնածու առաջադրում։ Դատարաններին իջեցրած պատվերները լավ չփոխանցած անձին՝ ԲԴԽ նախագահին, իրենց հանձնարարությունները լավ չկատարած ՊՎԾ պետին պաշտոնանկ անում։ Եվ ամենաբարձր պաշտոններին, դատավորի աթոռին նստեցնում փորձառություն չունեցող անձանց։ Որպեսզի նրանք հնազանդորեն կատարեն վերեւից եկող հրահանգները եւ մահակ դառնան իրենց նշանակողի ձեռքին։