Թուրքերը «ՈՄԱ»-ն տեռորիստական կառույց են համարում, ՊՆ-ն դրա համար է այսքան կոպիտ (տեսանյութ)

Թուրքերը «ՈՄԱ»-ն տեռորիստական կառույց են համարում, ՊՆ-ն դրա համար է այսքան կոպիտ (տեսանյութ)

Արդեն մի քանի օր է սոցցանցերում ակտիվ քննարկում է գնում «ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից Ադրբեջանի հետ սահմանակից գյուղերում՝ երկրորդ եւ երրորդ պաշտպանական գոտիներում, դրամահավաքով կառուցված «գմբեթների» վերաբերյալ։ Այս քննարկումը սկսվեց այն բանից հետո, երբ ՀՀ ՊՆ-ն լրագրողական հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ որեւէ առնչություն չունի կազմակերպության գործունեության  հետ, տեղյակ չէ, թե ինչ դրամահավաք է իրականացվում սահմանի երկայնքով կառուցվող «գմբեթների» համար։ Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էլ «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել էր, որ ՊՆ-ի պատասխանատվության գոտում, մասնավորապես 2-րդ գծում «ՈՄԱ»-ն աշխատանք չի կատարել։ Այս հայտարարությունները մեծ աղմուկ բարձրացրին, բանակի համար կազմակերպությանը խոշոր գումարներ փոխանցած քաղաքացիներին հետաքրքրում է, թե որտե՞ղ են ծախսվել այդ գումարները։

Թեմայի շուրջ խոսել ենք «ՈՄԱ»-ի ՌՀ ՀԿ ղեկավար Վովա Վարդանովի հետ։

-Ձեր կազմակերպությունը դրամահավաք էր հայտարարել՝ ՀՀ սահմանների երկայնքով՝ երկրորդ եւ երրորդ պաշտպանական գոտիներում «գմբեթներ» կառուցելու համար։ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանն ասաց, որ ՊՆ-ի պատասխանատվության գոտիներից որեւէ մեկում ձեր կազմակերպությունը աշխատանք չի կատարել։ Հանրությանը հետքրքրում է՝ որտե՞ղ են ծախսվել դրամահավաքի միջոցով գոյացած գումարները։

-«ՈՄԱ»-ն պաշտպանական համակարգին աջակցող կառույց է։ Նման հայտարարություն անողը երեւի տեղյակ չէ, որ ցանկացած հասարակական կազմակերպություն ստեղծվում է, որ պետությանը օգնի, երբեմն պետության կամքին հակառակ։ Դեռեւս 2020թ-ին նոյեմբերի 16-ին ՊՆ եւ երկրորդ բանակային կորպուս գրություն եմ ուղարկել, հայտնելով որոշ դիրքերի չկահավորված լինելու մասին։ Չկահավորվածության պատճառով մենք զոհ ունեցանք։ Ես գրությամբ խնդրել եւ պահանջել եմ անհապաղ կահավորել։ Պաշտպանության նախարարությունը չի հասցնում կահավորել դիրքերը։ Երբ փոխնախարարը ասում է, որ գործ չենք արել, նա երեւի թե շփոթվում է։ Բազմաթիվ «գմբեթ 2» ցույց կտամ, որտեղ զինվորները նստած են։

-ՊՆ-ն պաշտոնապես ասել է, որ նման գործունեություն չծավալեք, ինչպե՞ս է ուժային կառույցը վերաբերվում ՀԿ-ի գործունեությանը։ 

-Խանդոտ։ Ես իրենց հասկանում եմ, քանի որ իրենք չեն հասցնում գործ անել, եւ երբ մենք անում ենք, եւ վատ չենք անում, դա խանդ է առաջացնում։

-Ձեր խոսքից ենթադրվում է, որ զինծառայողը շփման գիծը թողնում է ու թաքնվում երրորդ պաշտպանական գոտու՞մ, «գմբեթու՞մ»։

-Էլի եմ կրկնում, քանի որ ՊՆ-ն չի հասցնում անի՝ մենք ենք առաջ ընկնում անում, հետո գալիս է ու մեր կողքին կառույցներ է սարքում։ Զինվորականը գերադասում է մեր կառուցած «գմբեթ 2»-ում պատսպարվի։

-Ո՞վ է ձեզ թույլ տալիս երկրորդ եւ երրորդ պաշտպանական գոտիներում «գմբեթներ» կառուցել։

-Հողատերը։ «Գմբեթները» կառուցելու համար շինթույլտվություն պետք չէ, պայմանավորվում ենք գյուղացու հետ, եթե համայնքային սեփականություն է՝ համայնքապետի հետ։ 

-Եթե զինվորի համար է ձեր գործը, ապա ՀԿ-ի շուրջ այս աղմուկը ինչու՞ է առաջացել։

-Ես այն կկապեի թուրքերի հայտարարության հետ, թե «ՈՄԱ»-ն տեռորիստական կառույց է։ Քանի որ դա է պատճառը, ՊՆ-ն այսպես է վարվում։

Մանրամասն՝ տեսանյութում