Որևիցե կերպ մտահոգ չեմ․ Ալիկ Սարգսյան
Այս օրերին ԱԺ-ում շարունակվում է նոր խորհրդարան չանցած քաղաքական ուժերի պատգամավորների ԱԺ-ից իրերը հավաքելու գործընթացը։ «Հրապարակ»-ը շարունակում է ԱԺ 6-րդ գումարման ԱԺ-ի հեռացող պատգամավորների հետ հարցազրույցների շարքը, այն մասին, թե ինչո՞վ են զբաղվելու, ի՞նչ են արել դեկտեմբերի 9-ից հետո։
-Պարոն Սարգսյան, պայմանական ասած, հեռացողների հետ շարքը այսօր ուզում եք Ձեզնով սկսել․․․
- Հեռացողներին գտեք, էդ շարքը համալրեք, ես հեռացողների մեջ չեմ մտնում։
-ԱԺ-ից հեռացողներից։
-Ազգային ժողովից մեծ հաճույքով հեռացել եմ։
-Ինչո՞վ եք զբաղվելու։
-Առայժմ հանգստանում եմ Նոր տարին կանցնի, կորոշենք։ 1000 հատ զբաղմունք ունեմ։
-Հնարավո՞ր է, որ պետական սեկտորում աշխատանքի անցնեք։
-Ես ոչ մի բան չեմ բացառում, հնարավոր է,բայց այս պահին որևէ առաջարկ չկա, ես մտածելու բան չունեմ։ Եթե պետք չեմ, նշանակում է՝ պետք չեմ։ Ինձ թվում է, որ դեռ կարող եմ այս երկրին օգտակար լինել, բայց եթե պետք չեմ, ոչ մի խնդիր, հաջողություն եմ ցանկանում բոլոր մարդկանց, ովքեր կլծվեն էս գործին։ Հիմա շատ բարդ ժամանակներ են, թող մարդիկ աշխատեն։ Միայն հաջողություն եմ ցանկանում, ինչքան կարողանալու եմ, օգնելու եմ։
-Հանրապետական կուսակցությունից չեք հեռանալու, չէ՞։
-Ես դա կորոշեմ, Նոր տարին կանցնի, կորոշեմ։ Ամեն ինչ այս շրջանում հնարավոր է։ Ամեն ինչ։
-Ձեր համար զարմանալի՞ չէր, որ Ձեր խմբակցության նախկին անդամներից, օրինակ, Շիրակ Թորոսյանը հանգրվանեց Փաշինյանի դաշինքում։
-Չէ, ես վաղուց դադարել եմ որևիցե բանի վրա զարմանալ։ Եթե էս երկրում մեկը կարող է բան ասել, որ ես զարմանամ, թող գա, ասի, կարող եմ գրազ գալ՝ չեմ զարմանալում ոչ մի բանի վրա։
-Իսկ կուսակցության 60 հազար ձայնը օրինաչա՞փ էր, հավատո՞ւմ եք, թե՞ ոչ։
-Ինչ ձայն էր, էդ ձայներն էին, էլի, հիմա այդ գնահատականը ե՞ս պետք է տամ։
-Չբողոքարկվեց։
-Բողոքարկելու թեմա չկար։ Նախ ես չէի բողոքարկողը, ես այդ բաներին չեմ միջամտում։ Այնքանով, որքանով․․․ համարեք, որ էդ ամեն ինչի հետ առանձնապես կապ չունեմ։
-Արարատի մարզպետից շատ բողոքներ եղան վարչական լծակներ կիրառելու մասով։
-Նորից եմ ասում՝ մասնակցել եմ այնքանով, որքանով և չեմ կարող գնահատական տալ՝ չմասնակցելով և բամբասանքներով, մանր-մունր բաներով չեմ կարող ենթադրություն անել։ Եվ փորձեմ իմ ենթադրությամբ բիծ գցել ընտրությունների վրա։
-Մուրադ Մուրադյանն,օրինակ, ասում էր, որ վախի մթնոլորտ կար, մարդիկ վախենում էին ՀՀԿ-ի շտաբները մտնել։
-Ես չեմ տեսել էդ վախի մթնոլորտը ու Մուրադի ասելով՝ չեմ կարող հիմք ընդունել, որովհետև ինքս չեմ տեսել։ Որևիցե մեկն իմ կողքի մարդկանցից ոչ մեկին չի ճնշել, վախեցրել։
-Ինչո՞ւ որոշեցիք չմասնակցել։
-Պետք չէր, ես կարողանում եմ իրադրությունը ճիշտ գնահատել։ Էս պահին իմաստ չուներ։
-Այսինքն՝ Դուք ևս այն մարդկանց թվո՞ւմ էիք, որոնք դեմ էին,որ ՀՀԿ-ն մասնակցեր։
-Իհարկե։
-Իսկ ՀՀԿ-ի նման մտահո՞գ եք։
-Որևիցե կերպ մտահոգ չեմ։ Համոզված եմ՝ ամեն ինչ լավ է լինելու, թող աշխատեն մարդիկ, ստեղծեն, կգնահատեմ, իրենց առաջին գովաբանողն ու իրենց համար առաջին դրոշ բարձրացնողը կլինեմ ես։ Չեն աշխատի, էլի կգնահատեմ, բայց հակառակ կողմից։ Թող իրենք մտածեն, ես արդեն մտածելու որևիցե բան չունեմ․ես էս երկրում ապրել եմ, ապրում եմ ու ապրելու եմ։
Կարծիքներ