«Հրապարակ». Անիի կամուրջը պատմամշակութային նշանակություն ունի միայն

«Հրապարակ». Անիի կամուրջը պատմամշակութային նշանակություն ունի միայն

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքաշինության նախկին նախարար, «Հյուսիս-հարավ» ծրագրի գրասենյակի առաջին ղեկավար Ֆելիքս Փիրումյանը:

- Վերջին շրջանում ակտիվ քննարկումներ են ընթանում հայ-թուրքական սահմանի բացման մասով: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպեց Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, խոսվեց Անիի կամրջի նորոգման եւ Հայաստանի հետ սահմանը բացելու մասին: Օրեր առաջ էլ Մարգարայի կամրջով` երկու անգամ Թուրքիա` երկրաշարժից տուժածներին օգնություն ուղարկվեց Հայաստանից: Ո՞րն է Անիի եւ Մարգարայի կամուրջների հիմնական տարբերությունը: Ի՞նչ կտա դրանց բացումը Հայաստանին:

- Ես շատ մանրամասներ չգիտեմ, սակայն կարող եմ ասել, որ Մարգարայի կամուրջն իսկապես այն սահմանային կամուրջն է, որը ԽՍՀՄ տարիներին Սովետական Միությունը կապում էր Թուրքիայի հետ: Ինչ վերաբերում է Անիի կամրջին, ապա որքանով որ ես գիտեմ, դա ուղղակի պատմամշակութային նշանակություն ունեցող կամուրջ է, որը ժամանակին փլվել է: Որպես այդպիսին՝ այսօր կամուրջ գոյություն չունի, իսկ ահա դրա վերականգնումն ավելի շատ քաղաքական եւ պատմամշակութային նշանակություն ունի, այլ ոչ թե հետագայում երկու երկրների միջեւ որպես ճանապարհ ծառայեցնելու նպատակ: Կարծում եմ՝ Անիի կամուրջը, որպես երկու երկրներին կապող ճանապարհ, անհնարին է:

- Ստացվում է, որ կոնկրետ Անիի կամուրջը տնտեսական առումով Հայաստանին ոչինչ չի՞ տա:

- Հստակ ասել չեմ կարող: Ես գիտեմ, որ դա երթեւեկություն ապահովող կամուրջ չէ, անհնար է դա:

- Մեծաթիվ առեւտրականներ Թուրքիա գնում են Վրաստանով: Եթե գործի Մարգարայի կամուրջը, հայ-թուրքական հարաբերությունները հասնեն այն մակարդակին, որ հեշտությամբ ելումուտ անեն Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Հայաստան, ապա զուտ ճանապարհի երկարության առումով ինչպիսի՞ տարբերություն կլինի: Երեւանից Ստամբուլ կամ Անկարա մեկնողները Մարգարայի կամրջով քանի՞ կիլոմետր կշահեն, ինչքա՞ն է տարբերությունը Վրաստանով դեպի Թուրքիա ճանապարհի համեմատությամբ:

- Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Ոչ մի անգամ դա ինձ չի հետաքրքրել, որ իմանամ: Ենթադրենք՝ եթե Երեւանից քաղաքացին ցանկանում է Ստամբուլ գնալ, ապա եթե կիլոմետրերի վերածենք, օրինակ, Վրաստանով Ստամբուլ գնալու հետ, նույն բանը կստացվի:

- Այդ դեպքում ո՞րն է իշխանությունների ոգեւորության պատճառը` Ձեր կարծիքով:

- Դա առավել շատ տնտեսագիտական հարց է, որին ես չեմ կարող պատասխանել: Երկու երկրների կամուրջների բացումը, ապրանքափոխանակության հարցերն ու դրա հետեւանքներն այլ մասնագիտության տիրույթում են: