Նա Մեղրիի միջանցքի մասին գրել է 2001 թվականին`«Մենք ու մեր շահերը» վերնագրով հոդվածում

Նա Մեղրիի միջանցքի մասին գրել է 2001 թվականին`«Մենք ու մեր շահերը» վերնագրով հոդվածում

Հարցազրույց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ

- ԱՄՆ ՊՆ խոսնակը հաղորդել էր, որ Հայ-ամերիկյան զորավարժություններին կմասնակցի 85 ամերիկացի ու 175 հայաստանցի զինվորական։ Ի՞նչ զորավարժություններ են դրանք, ի՞նչ արդյունք կարող ենք ունենալ:

- Հետաքրքիր է, որ նախատեսված զորավարժությունները երկար ժամանակ գաղտնի էին պահվում։ Հարց է առաջանում, ե՞րբ են դրանք նախատեսված եղել, մինչ 2022թ․ սեպտեմբե՞րը, թե՞ դրանից հետո։ Կարծում եմ, մինչ 2022թ․ սեպտեմբերյան երկօրյա պատերազմը։ Իմ համոզմամբ, ինչպես 2020թ․ պատերազմն էր պայմանավորված, այնպես էլ 2022թ․ սեպտեմբերյանը։ Եթե առաջին պատերազմի նպատակը Արցախից ազատվելն էր, ապա 2022թ․ նպատակը ՀԱՊԿ-ից հրաժարվելն էր։ Եվ իր երկու նպատակներին հասնելու համար, վարչապետ կոչեցյալը զոհաբերում է հազարավոր կյանքեր։ Հիշեցնեմ, որ անցյալ տարվա սեպտեմբերյան երկօրյա պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերը ոչ մի դիմադրություն ցույց չտվեցին, վարչապետ կոչեցյալը դիմեց ՀԱՊԿ-ին, քաջ գիտակցելով, որ մասնավորապես Ռուսաստանը կխուսափի երկրորդ ճակատ բացելուց, էլ չխոսենք ՀԱՊԿ անդամ մյուս երկրների մասին։ Այս ամենին հետևեց իշխանական տարբեր գործիչների կողմից ՀԱՊԿ-ի, իրականում՝ Ռուսաստանի վարկաբեկումը։ Վարչապետ կոչեցյալը հեևողականորեն շարունակում է 2018թ․ սկսած, Հայաստանի և Արցախի համար շատ վտանգավոր խաղը։

Ամեն ինչ սկսվեց 2018թ․-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելուց, մինչև Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն Հ1-ով հարցազրույցի հրավիրելը։ 2020թ․ պայմանավորված պատերազմի հրահրման նպատակն էր վերջնականապես ազատվել Արցախից, որը թույլ չտվեց Ռուսաստանի նախագահը՝ ստիպելով կողմերին կնքել զինադադար։ Որոշ ժամանակ լռելուց հետո վարչապետ կոչեցյալը նորից անցավ հակառուսական հռետորաբանության։ Հիշեցնեմ միայն վերջին օրերինը․ մամլո ասուլիս, La Repubblica իտալական թերթին տված հարցազրույցը, ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարում, ՀԱՊԿ-ից Հայաստանի ներկայացուցչի հետկանչ և հիմա էլ հայ-ամերիկյան զորավարժություններ։ Ի դեպ, Ադրբեջանի ղեկավարությունն ավելի հակառուս է, բայց հիանալի հասկանում է, որ չի կարելի բացահայտ թշնամանալ միջուկային գերտերության հետ։ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասաց, որ ռուս-ադրբեջանական խնդիրները լուծվում են ոչ թե հրապարակային խոսքերով, այլ բանակցություններով։ Ունենալով երկու թշնամի, Ռուսաստանին նույնպես դարձնել թշնամի, անմտություն չէ, այլ նույն թշնամի երկրների պատվերը։ Այս նախատեսվող զորավարժություններն ուղղված են ոչ միայն Ռուսաստանի, այլև առաջին հերթին՝ Իրանի դեմ։ Արձանագրենք, որ ադրբեջանական-թուրքական հերթական հարձակումը Հայաստանի վրա, խոչընդոտում է հիմնականում Իրանը, ամեն առիթով ասելով, որ թույլ չի տա տարածաշրջանում սահմանների փոփոխություններ։ Եթե չլիներ Իրանի գործոնը, ապա Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների երազած Զանգեզուրի միջանցքն արդեն իրողություն կլիներ։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ հայ-ամերիկյան զորավարժություններն ուղղված են առաջին հերթին Հայաստանի դեմ։ Հարց է առաջանում, արդյոք վարչապետ կոչեցյալն իր հերթական արկածախնդրությամբ, չի՞ գնում դեպի նոր պայմանավորված պատերազմի, հանձնելու Զանգեզուրի միջանցքը, մանավանդ, որ այդ մասին նա հիացմունքով «Մենք ու մեր շահերը» վերնագրով հոդված է հրապարակել դեռևս 2001թ․։ Հոդվածի իրական վերնագիրը պետք է լիներ «Ես ու իմ շահերը»։ Վարչապետ կոչեցյալը հետևողականորեն կատարում է այն օտար ուժերի հանձնարարությունները, որոնց գործակալն է դարձել դեռևս 90-ականների վերջերին։

-Աննա Հակոբյանն օգնություն տարավ Ուկրաինա: Դա համացանցում վրդովմունք առաջացրեց, մարդիկ հիշեցին, որ Ուկրաինան ֆոսֆորային զենք է տվել Ադրբեջանին։ Ո՞րն է Կիեւ մեկնելու նպատակը:

-Հայտնի փաստ է, որ հայ-ադրբեջանական ողջ հակամարտության ընթացքում Ուկրաինան անթաքույց պաշտպանել է Ադրբեջանին։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից մանակցում էին ուկրաինացի օդաչուներ և դիպուկահարներ։ 2020թ․ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակն առաջինը շնորհավորեց Ուկրաինայի նախագահը։ Կիևի փողոցները ողողված էին ադրբեջանամետ պաստառներով։ Այս ամենն իմանալով, գնալ Ուկրաինա, ի աջակցություն Ուկրաինայի, առնվազն ազգային արժանապատվության բացակայություն է։ Բայց, կարծում եմ, որ վարչապետ կոչեցյալի համար հարցը Ուկրաինան չէ, այլ հերթական հակառուսական քաղաքականության հրապարակային դրսևորումը։ Ի դեպ, Կիևում հիմնական մեծ միջոցառման ժամանակ վարչապետուհին նստած էր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կողքին։ Նման բաները պատահական չեն լինում։ Վարչապետուհին Կիևում «սգաց» պատերազմում զոհված երեխաների համար։ Բայց նրա համար հայ երեխաների, զինվորների մահերը հանուն ոչնչի են։