Տաշեղի պես

Տաշեղի պես

Անշուշտ, տեղեկացվածության պակասն իր դերը խաղում է, եւ մենք չենք կարող միանշանակ եզրահանգումներ անել, թե ինչքանով է Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն այս պահին ճիշտ, ուր է այն մեզ տանելու, ինչ վտանգներ են այս պահին եւ առաջիկայում մեզ սպասվում, այդ վտանգներից որոնք են լուրջ եւ իրական, որոնք` մտացածին եւ հակահայկական քաղաքականությունը հիմնավորելու նպատակով հորինված: Եվ դա մեզ զրկում է ամբողջական պատկերը տեսնելու եւ ըստ այդմ` հետեւություններ ու քայլեր անելու հնարավորությունից:

Ասենք, եթե մենք 2018 թվականի կամ 2020 թվականի սկզբին հաստատապես իմանայինք, թե 5 տարի կամ 6 ամիս անց մեզ ինչ է սպասվում, ապա բոլորովին այլ կերպ կպահեինք մեզ` 2018-ին փողոց դուրս չէինք գա եւ Նիկոլ Փաշինյանին իշխանության չէինք բերի, 2020-ի սկզբին` դուրս կգայինք եւ նրան ամեն գնով կճանապարհեինք: Նույնը` այսօր. մենք չգիտենք, թե առջեւում մեզ էլի ինչ արհավիրքներ են սպասվում, եւ որն է ճիշտ վարքագիծը` որպես հանրույթ եւ որպես անհատներ: Ասում են` արհեստական ինտելեկտն աշխարհի առաջիկա քարտեզն է կազմել, եւ 2030 թվականի քարտեզում Հայաստանն ուղղակի բացակայում է: Իհարկե, իշխանությունը եւ իշխանամերձ շրջանակներն այն կարծիքին են, որ մենք ոչինչ չէինք որոշում` ո՛չ 2018-ին, ո՛չ 2020-ին, ո՛չ էլ, առավել եւս այսօր:

Բայց ես վստահ եմ, որ մենք՝ ինքներս, եւ մեր իշխանությունն է նեղացրել մեր ինքնուրույնության, մեր սուվերենության, որոշումների վրա ազդելու հնարավորությունները: Այնքան է նեղացրել մեր մանեւրելու դաշտը, որ Հայաստան պետությունը վերածվել է անկամ, անդեմ, անգույն մի փետուրի, պետականություն չունեցող մարդկանց մի հավաքատեղիի, որտեղ անհատ մարդիկ ավելի մեծ դերակատարում ունեն, քան պետությունը եւ նրա ղեկավարները: