Շախմատ՝ ոչ շախմատային կանոններով

Շախմատ՝ ոչ շախմատային կանոններով

Հայրենիքի փրկության շարժումը պարտվեց, քանի որ անօրեն երկրում փորձում էր շարժվել օրինական ճանապարհներով: Իսկ երկիրն անօրեն է, քանի որ արդեն 3 տարի է՝ հաստատվել է օրենքների եւ օրինականության համատարած բացառման պրակտիկա: Սովորաբար դա տեղի է ունենում, երբ փողոցային շարժման միջոցով իշխանության եկած թիմը կամ, ավելի ճիշտ՝ դրա առաջնորդը, հեղափոխական տրամադրությունները ձգում է ժամանակի մեջ: Իսկ հեղափոխությունը, ինքնին, անօրինականությունների շղթա է՝ թեկուզ բնորոշվի որպես թավշյա, խաղաղ կամ ոչ բռնի: Ի դեպ, հեղափոխության նշված հատկանիշներով բնութագրվող իրավիճակը պայմանավորված է ոչ թե շարժման մասնակիցների, այլ տվյալ պահին գործող իշխանության վարքագծով: Եթե իշխանությունը գնում է շարժումը բռնի ուժով ճնշելու ճանապարհով, ապա, որպես հակազդեցություն, ստանում է այրվող մեքենաների ու խանութների պատկեր: Եթե իշխանությունը նահանջողի դերում է, ապա, ի վերջո, պարտվում է խաղաղ կամ ոչ բռնի շարժմանը: Դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ 2018-ի ապրիլ-մայիսին Երեւանում:

Վերհիշենք․ շարժման առաջնորդ Նիկոլը հայտարարել էր, որ «կա՛մ ինքը պետք է լինի վարչապետ, կա՛մ Հայաստանում վարչապետ չպիտի լինի ընդհանրապես»: Սա անօրինականության գագաթնակետ էր: Սակայն դրանից հետո ինքը գնաց ձեւական օրինական ճանապարհով՝ փողոցի բռնի ուժով ԱԺ-ին պարտադրելով իրեն ընտրել վարչապետ: Այդ օրվանից Հայաստանում գոյատեւում է իրար հաջորդող անօրինության ու ձեւական օրինականության շքերթը: Օրինակները բազմաթիվ են՝ ԱԺ-ի կողմից ընդունվող որոշումներ կամ օրենքներ եւ միաժամանակ պետական այդ կառույցի գիշերային պաշարում վարչապետի կոչով՝ ամբոխի կողմից: Կամ էլ, կրկին նույն անձի կոչով, դատարանների համատարած շրջափակում ոստիկանների աչքի առաջ: Եվ կամ ՀՀ Սահմանադրության դրույթների խախտումներով փոփոխություններ՝ արդեն «հեղափոխական» ԱԺ-ի կողմից: Էլ չեմ խոսում 2020թ. նոյեմբերի 9-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից առանց Ազգային ժողովի եւ Սահմանադրական դատարանի վավերացման միջազգային պայմանագիր համարվող եռակողմ հայտարարություն ստորագրելու մասին: Ասվածը բավարար է ցույց տալու համար, որ իշխանությունն անընդհատ շարժվել է հակաօրինական լայն ճանապարհով, սակայն ինքը եւ իր կամակատարներն ընդդիմությունից պահանջել են չշեղվել սահմանադրականության նեղ արահետից: Իսկ նման խաղի կանոններով ընդդիմությունը միշտ լինելու է պարտվողի դերում, որից դուրս գալու համար անհրաժեշտ է գործող իշխանությանը հեռացնել ճիշտ այնպես, ինչպես ինքը հաստատվեց: Ընդդիմությունը չգնաց դրան եւ ընդունեց իշխանության օրակարգը՝ մասնակցել արտահերթ ընտրություններին: Եթե դրանք անցկացվեն օրինականության հիմքով, ապա դժվար չէ կանխատեսելը, որ արտաքին թշնամու դեմ պատերազմում խայտառակ պարտություն կրած կողմը չի կարող վերարտադրվել: Հատկապես հաշվի առնելով հետպատերազմյան՝ մեզ համար բավական տհաճ զարգացումները: Հաշվի առնելով նաեւ հանուն հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած անձանց մարմինների նկատմամբ իշխանության անբարո վերաբերմունքի բացահայտումները: Սակայն ողջ խնդիրն այն է, որ այդ իշխանությանն օդ ու ջրի նման անհրաժեշտ է վերարտադրվել, այլապես նրա շատ ներկայացուցիչներ եւ հատկապես առաջին դեմքը կանգնելու են դատարանի առջեւ: Ինչը նշանակում է, որ իշխանությունն էն գլխից մտադրություն չունի օրինական ընտրություններ անցկացնելու: Սա, իր հերթին, նշանակում է, որ ընդդիմությունը պետք է պատրաստ լինի շախմատ խաղալուն, սակայն ո՛չ շախմատի կանոններով: 

Այսօր արդեն նշմարվում են ոչ շախմատային կանոնների առաջին նշանները. ոստիկանությունն այցելում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի շտաբներ՝ իբրեւ թե տեղեկատվություն փոխանակելու, իրականում՝ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով: Ընտրություններին մասնակից այլ քաղաքական ուժերի շտաբներ չեն այցելում: Սոցցանցերում եւ բնակչության շրջանում շրջանառվում են խոսակցություններ, թե վերը նշված դաշինքի ներկայացուցիչների կողմից ընտրողներին առաջարկվելու են ընտրակաշառքներ: Այլ քաղաքական ուժերի առումով նման տեղեկատվություն չի տարածվում: Թե ուր կհասնի նիկոլական իշխանության երեւակայությունը՝ դժվար է կանխատեսել, սակայն այդ ամենին պատրաստ լինելը պարտադիր անհրաժեշտություն է: Անհրաժեշտություն է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար: Ինչը, իր հերթին, անհրաժեշտ է, որպեսզի մեր հայրենիքը դուրս բերենք պարտության շարունակվող շղթայից: