Ինչից ուր հասանք

Ինչից ուր հասանք

Իհարկե, անցյալում էլ են եղել իրավիճակներ, երբ տարբեր պետություններ փորձել են խառնվել մեր ներքին գործերին եւ ինչ-որ բաներ թելադրել: Այո, Նժդեհի արձանի մասին որոշ ռուս գործիչների արտահայտած կարծիքներից պարզ էր դարձել, որ Ռուսաստանում կան շրջանակներ, որոնք Նժդեհի արձանի տեղադրումն անընդունելի են համարում եւ կարծում են, որ Հայրենական պատերազմի ժամանակ նրա կենսագրության հայտնի դրվագը մերժելի է դարձնում հայ ազգային գործչի կերպարն իրենց համար: Մեկ այլ դեպք հիշենք` ԱԱԾ նախկին ղեկավար Գորիկ Հակոբյանը կառավարության նիստում անհարգալից էր արտահայտվել վրացիների հասցեին, եւ դա կարող էր խնդիր դառնալ հայ-վրացական հարաբերություններում:

Իսկ Սերժ Սարգսյանի կողմից Միխայիլ Սահակաշվիլուն մեդալ շնորհելն էլ որոշակի խնդիրներ էր առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում: Նման դրվագներ շատ երկրների փոխհարաբերություններում են եղել: Ժամանակին Հայաստանը, օրինակ, շատ ծանր տարավ Հունգարիայի իշխանությունների կողմից մեր սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը Ադրբեջանին, եւ դրան անգամ դիվանագիտական հարաբերությունների դադարեցում հաջորդեց: Բայց դրանից ո՛չ Հունգարիան կործանվեց, ո՛չ էլ Սաֆարովի արտահանձնումը չեղարկեցին:

Տարիներ անց երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեցին: Մյուս դրվագներում եւս ո՛չ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացան, ո՛չ Վրաստանի հետ: Բայց նաեւ` ո՛չ մեդալը հետ կանչվեց, ո՛չ Նժդեհի արձանն ապամոնտաժվեց: Հիմա թուրքական իշխանությունների կողմից մեզ ուլտիմատում են տալիս Նեմեսիսի արձանի հետ կապված` պահանջելով ապամոնտաժել: Եվ մեր իշխանությունները վախվորած ու անհանգիստ շարժումներ են անում` գրեթե պատրաստ արձանը հանելուն: Ինքնիշխանության կորուստը սա է: