Մտավորականությունը՝ ըստ Լիխաչովի

Մտավորականությունը՝ ըստ Լիխաչովի

Հայ ժողովրդի համար այս օրհասական, ողբերգական ժամակահատվածում շատերը կարծում են, թե հայ մտավորականները կրավորական դիրքորոշում են դրսեւորում, անհաղորդ են հայ ժողովրդի համար ճակատագրական զարգացումներին: Նման ընկալումներին կարելի է ըմբռնումով մոտենալ եւ դրանք համարել մտավորականության դերի թյուրըմբռնման արդյունք: Որքան էլ որ հայ մտավորականները ջանք գործադրեն՝ բացատրելու ինչ-որ բաներ, դժբախտաբար, մեր հասարակությունը, հատկապես՝ հետխորհրդային, չի ընդունում ոչ մի մեկնաբանություն, ոչ մի բացատրություն: Այս առումով շատ ուշագրավ նյութ է խորհրդային, ռուսաստանցի գրականագետ Դմիտրի Լիխաչովի՝ «Новый мир» ամսագրի խմբագրությանը հղված նամակը, որից մի հատված ներկայացնում ենք ձեզ (1993 թ.):

«Ներկա իրավիճակն ինձ ստիպում է խմբագրություն դիմել նամակով, որում, եւ արդեն ոչ առաջին անգամ, ես արձագանքում եմ այն բանին, թե ինչպիսին է, այնուամենայնիվ, դրությունը, ինչպիսին է մտավորականության դերը եւ նշանակությունը մեր հասարակությունում: Այսպիսով, ի՞նչ է մտավորականությունը: Ինչպե՞ս եմ նրան տեսնում եւ հասկանում: Հասկացությունը զուտ ռուսական է, իսկ դրա բովանդակությունը՝ հիմնականում ասոցիատիվ-զգայական։ Բացի այդ, ռուսական պատմական անցյալի առանձնահատկություններից ելնելով, մենք՝ ռուսներս, հաճախ նախընտրում ենք հուզական կոնցեպտները տրամաբանական սահմանումներից։ Ես շատ պատմական իրադարձություններ եմ ապրել, շատ զարմանալի բաներ եմ տեսել, հետեւաբար, կարող եմ խոսել ռուս մտավորականության մասին՝ առանց դրա հստակ սահմանումը տալու, այլ միայն անդրադառնալով նրա լավագույն ներկայացուցիչներին, ովքեր, իմ տեսանկյունից, կարող են վերագրվել մտավորականների դասին: 

Անտարակույս, իրավացի է Ա. Ի. Սոլժենիցինը. մտավորականը ոչ միայն կրթված մարդն է, առավել եւս՝ ոչ նա, ում տրվել է «образованец»… Ալեքսանդր Իսաեւիչն այդ նշանակմամբ հասկանում է կրթված, բայց ծախու, ուղղակի հոգով թույլ մարդկանց: Մինչդեռ մտավորականը մասնագիտության ներկայացուցիչն է՝ կապված մտավոր աշխատանքի հետ (ճարտարագետ, բժիշկ, գիտնական, նկարիչ, գրող), եւ այն մարդը, ով օժտված է մտավոր պարկեշտությամբ… Մարդը, ով որոնում է, դասավանդում, արարում արվեստի գործեր, սակայն դա անում է պատվերով, կուսակցության ոգու, պետության պահանջների կամ ինչ-որ պատվիրատուի հանձնարարությամբ՝ «գաղափարական կողմնորոշմամբ», իմ տեսանկյունից, ոչ մի կերպ մտավորական չէ, այլ վարձկան է: 

Մտավորականությանը, ըստ իմ կենսափորձի, պատկանում են միայն իրենց համոզմունքներում ազատ մարդիկ, որոնք կախված չեն տնտեսական, կուսակցական, պետական պարտադրանքից, զերծ են գաղափարական պարտավորություններից: Մտավորականության հիմնական սկզբունքը մտավոր ազատությունն է, ազատությունը՝ որպես բարոյական կատեգորիա: Մտավորական մարդն ազատ չէ միայն իր խղճից եւ իր մտքից: …Խիղճը ոչ միայն մարդկային պատվի պահապան հրեշտակն է, այլեւ նրա ազատության ղեկը վարողը, նա հոգ է տանում այն բանի համար, որ ազատությունը չվերածվի կամայականության, այլ կյանքի խճճված հանգամանքներում, հատկապես՝ ժամանակակից, մարդուն ցույց տա իրական ուղին:

Մտավորականության բարոյականության հիմքերի հարցն այնքան կարեւոր է, որ ես ցանկանում եմ անդրադառնալ դրան: Ամենից առաջ կցանկանայի ասել, որ գիտնականները ոչ միշտ են մտավորականներ (բարձրագույն իմաստով, իհարկե)։ Նրանք ոչ մտավորականներ են այն ժամանակ, երբ չափից ավելի պարփակվելով իրենց մասնագիտության մեջ, մոռանում են նրա մասին, թե ով եւ ինչպես կարող է օգտվել իրենց աշխատանքի պտուղներից: Եվ այդ դեպքում, ամեն ինչ ենթարկելով իրենց մասնագիտությանը, զոհաբերում են մարդկանց շահերը կամ մշակութային արժեքները:

«Երբ թշնամին չի հանձնվում, նա ոչնչացվում է». ասել է Գորկին: Մի անգամ այս հայտարարությունը դարձավ կանխատեսում, սա փաստ է, բայց արդյոք դա իսկապե՞ս գործում է մինչ մեր ժամանակները: Չէ՞ որ մեր ժամանակներում ազգային մի մտավորականություն ոչնչացնում է մյուսին, զենքը ձեռքին: Նաեւ մեր ժամանակներում է մտավորականությունը ենթարկվում ծաղրի ու ոչնչացման եւ ո՞ւմ կողմից։ Մտավորականության մյուս մասի կողմից, եւ եթե այո, ապա դա նշանակում է, որ այդ «մյուսն» անհիմն կերպով սեփականացրել է «մտավորականություն» բուն սահմանումը։ Քննարկումները, աշխարհի եւ նրա ապագայի տարբեր տեսլականները, իհարկե, բնորոշ են մտավորականությանը, բայց փոխադարձ ոչնչացումն այդ միջավայր բերվեց նույն Գորկու, նույն կիսագիտակների եւ «образованец»-ների կողմից, էլ չասեմ ЧК-ГПУ-НКВД-КГБ-ի մասին։ Մի՞թե նաեւ այժմ բեռի ողջ ծանրությունը, պատմական բոլոր խնդիրները, որոնք դրվել են մտավորականության վրա, նա կարող է լուծել միայն անվերջանալի պառակտումների եւ փոխադարձ չարության ճանապարհով, ինչը նրան դուրս է բերում մտավորականության շրջանակներից, այն դեպքում, երբ մշակույթի ողջ պատմությունը, նմանապես՝ մեր ոչ վաղ անցյալի գործնական փորձը հուշում են բոլորովին այլ, հակառակ ուղի՞ն: Մի՞թե մենք առաջվա նման՝ «բոլշեւիկորեն» կթերագնահատենք մտավորականությանը եւ նրա դերը մեր ժողովուրդների կյանքում»: