Եթե այս ամենը խաղ չլիներ, Նիկոլը վաղուց հեռացած կլիներ․․․

Եթե այս ամենը խաղ չլիներ, Նիկոլը վաղուց հեռացած կլիներ․․․

Հայաստանն այսօր դարձել «հրաձգության դաշտ» և նշանակետը, թիրախը  Նիկոլ Փաշինյանն է։ Եթե դա իրական հրաձգություն լիներ ու ոչ համակարգչային  խաղ, իրական կյանքում անհնարին էր արդյունքի չհասնել։ Բոլորը գոռում են, որ կրակում վառվում ենք, բայց ոչ մեկը կրակը հանգցնելու փորձ չի անում։ Բոլորը գոռում են, որ կործանվում ենք, բայց ոչ մեկը քայլ չի անում, որ կործանումից փրկվենք։  Հայաստանը կործանման տանող բոլոր որոշումների  հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։  

Դա ես չեմ ասում, Հայաստան աշխարհն է բարբառում՝ ահել, ջահել, գիտակ, անգիտակ բոլորն աղեղները  ուղղել են Փաշինյանի դեմ, նրան են համարում արհավիրքի այս պատասխանատուն։ Նետահարում թիրախի  դեմ՝ ծծկեր երեխայից մինչև զառամյալը լարել են աղեղները․․․ Նետը տեղ չի հասնում։ Իրական կյանքում նման բան լինու՞մ է։ Սա կոմպյուտերային խաղ է, որտեղ թիրախին խոցու՜մ, խոցու՜մ են, բայց նա անսասան շարունակում է կատարել իր սև գործը։ Որտեղ թիրախին «անշնչացնում, սպանում են» ,  բայց հաջորդ փուլում ինքը նորից խաղի մեջ է և ավելի զորեղ հարվածներ է հասցնում։

Սա խաղ է, ժողովուրդ, համակարգչային խաղ․ կազմակերպիչներն այնպե՜ս են խաղը կառուցել, որտեղ բոլորը կարող են խաղալ, գոռալ, ոգևորվել, լիցքաթափվել ու խաղից հետո գնալ ու հանգիստ ճաշել կամ մի այլ վայելքով զբաղվել։ Մենք ամենքս մեծ խաղի մասնակից ենք, որտեղ հայրենիք ենք պահում՝ աղեղներս լարելով ու նետեր արձակելով, չհասկանալով, որ համակարգչային խաղի ենք վերածել Հայաստան պետությունը ու տանուլ ենք տալիս․․․ Եթե այս ամենը խաղ չլիներ, Նիկոլը վաղուց հեռացած կլիներ․․․

Սա վերաբերվում է այն քաղաքական ուժերին, որոնք խաղի մեջ են վեց տարի շարունակ ու կարուսելային պտույտի, խաղի, վանդակի   մեջ են պահում ժողովրդին։ Եվ սուտ է, թե ժողովուրդը ոտքի չի կանգնել, ոտքի չի կանգնում։