Վերադարձ Արցախ հնարավոր է․ դրան կարող են նպաստել հենց ԵՄ-ն, ՌԴ-ն ու ԱՄՆ

Վերադարձ Արցախ հնարավոր է․ դրան կարող են նպաստել հենց ԵՄ-ն, ՌԴ-ն ու ԱՄՆ

«Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ Սենատն ընդունում է օրինագիծ, որով դատապարտվում է Ադրբեջանը ու Ադրբեջանի դեմ սանկցիաներ են կիրառվում։ Մենք տեսնում ենք, որ Եվրախորհրդարանն ընդունում է օրինագիծ ու պարտադրում է եվրոպական կառավարություններին և Եվրոպական հանձնաժողովին Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել Արցախը հայաթափելու համար, ուստի ոչ մի կոնսենսուս չկա: Կոնսենսուսի մասին խոսում է միայն այս իշխանությունը, որը, այո, կոնսենսուս ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ու փորձում է մնացածին խաբել, որ կա համաշխարհային կոնսենսուս: Այդպիսի կոնսենսուս չկա, մի խաբնվեք»։

Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։
 
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն իր այսօրվա՝ դեկտեմբերի 4-ի նիստում , հիշեցնենք, քննարկում է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագիծը:

Նախաձեռնությունը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր միացել են նախաձեռնությանը՝ մասնակցելով ստորագրահավաքին ի աջակցություն նախագծի, նույն ժամին լինել Ազգային ժողովի դիմաց։ 

«ԱՄՆ-ում գործում է 907 բանաձեւը, որը նախատեսում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չեն կարող որևէ ռազմական օգնություն հատկացնել։ Հետագայում այդ բանաձևը ճշգրտվել է, ամեն տարի ԱՄՆ նախագահը իրավունք ուներ Կոնգրեսի համաձայնությամբ այդ բանաձևի  գործողությունը մեկ տարով չեղարկել: Հիմա Սենատը ընդունել է նոր օրինագիծ, որով ԱՄՆ նախագահի այդ իրավունքը վերացվում է: 907-րդ բանաձևը պետք է միարժեք գործի, ԱՄՆ-ն այլևս իրավունք չի ունենալու Ադրբեջանին որևէ ռազմական օգնություն հատկացնել, որովհետև այդ օգնությունը օգտագործվում է փաստացի խաղաղ հայ բնակչության դեմ: Ուստի ես կարծում եմ՝ բոլորովին չի բացառվում, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ապագայում նաև ՌԴ-ն, փոխեն իրենց դիրքորոշումները ու առնվազն նպաստեն, որ Արցախի հայ բնակչությունը վերադառնա ու նորից վերսկսվեն բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում ու հենց Արցախի իքնորոշումը ճանաչելու տրամաբանությամբ: Պարզապես մեզ պետք է ազատվել այն իշխանություններից, որոնք ցանկանալով օր առաջ առևտուր սկսել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, պատրաստ են դրա համար զոհաբերել Արցախը»,-ասաց Չալաբյանը: