Դա մեկ տարվա հավելյալ հնարավորություն էր` բոլորին պարզ էր, որ մեկ օր փակվելու է

Դա մեկ տարվա հավելյալ հնարավորություն էր` բոլորին պարզ էր, որ մեկ օր փակվելու է

«Սա նոր բան էր: Այնպես չէ, որ Հայաստանը երկար տարիներ վերաներմուծում էր կատարում, այսինքն` որոշակի ապրանքներ բերում էր Հայաստան եւ տանում Ռուսաստան։ Դա ընդամենը մեկ տարվա գործողություն էր, որը հավելյալ արժեք էր ստեղծում մեր տնտեսության համար»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով Հայաստանից Ռուսաստան զուգահեռ արտահանման արգելքին՝ ասաց «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, գործարար Սամսոն Գրիգորյանը։

«Շատ ցավալի է, որ հնարավոր է այլեւս չլինի, բայց գլոբալ խնդիրների չի բերի, որովհետեւ սա ընդամենը մեկ տարվա հավելյալ հնարավորություն էր, որն օգտագործվեց, եւ բոլորին պարզ էր, որ մեկ օր սա փակվելու էր՝ միշտ չէր լինելու։ Իհարկե, Հայաստանը շատ լավ տնտեսական օգուտներ կարող էր քաղել սրանից, բայց, ինչ արած, հետեւանքները պարզ էին, որովհետեւ սա ունեցել էինք սանկցիաների պատճառով եւ հիմա զրկվում ենք նույն այդ սանկցիաների պատճառով»,- ասաց Գրիգորյանը։

Իսկ ի՞նչ է մտածում գործարարը Ռուսաստան հայկական արտադրության կաթնամթերքի ներմուծման արգելքի մասին, ի՞նչ այլ տնտեսական պատժամիջոցներ կարող է մեր դեմ կիրառել Ռուսաստանը, եւ ի՞նչ ազդեցություն դա կունենա Հայաստանի տնտեսության վրա: Սա այլ ուղղություն է՝ սա մեր հիմնական տնտեսական գործունեության մի ճյուղն է, դեպի Ռուսաստան Հայաստանի արտադրանքի արտահանման մեծ հատվածը, որն արդեն գործում էր երկար տարիներ եւ գնալով զարգանում էր։ Գրիգորյանի կարծիքով` դա կորցնելու դեպքում տնտեսության մեջ մենք շատ լուրջ խնդիրներ կունենանք, քանի որ Հայաստանի գյուղմթերքի արտադրության առյուծի բաժինն արտահանվում է հենց ՌԴ։ «Եթե մենք սրանից զրկվենք, չունենալով դիվերսիֆիկացված արտահանում, մեր արտադրողները, մեր գյուղանտեսությունը շատ լուրջ խնդիրներ կունենան»,- ասաց Գրիգորյանը։ Ինչպե՞ս կարտահայտվեն այդ խնդիրները: Մեր զրուցակցի կարծիքով, հայկական արտադրանքը կլճանա Հայաստանում, կլինի գնանկում, մուլտիպլիկատիվ էֆեկտով չեն մուծվի հարկեր, չեն տրվի աշխատավարձեր, արտադրողները, գյուղացիական տնտեսությունները սնանկության կգնան, եւ Հայաստանը կկանգնի լուրջ խնդիրների առջեւ։

«Դրա համար Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում գոնե հիմա պետք է շատ զգուշավոր լինենք մեր քայլերի մեջ, քանի որ այսօր մենք չենք կարող միանգամից կապը խզել Ռուսաստանի հետ եւ հետեւանքներից չտուժել։ Հետեւանքները կանդրադառնան հենց այդ առումով, Ռուսաստանը կկիրառի սանկցիաներ, եւ մեր գյուղմթերքը, որի մեծ մասը գնում է Ռուսաստան, այլեւս չի գնա»,- ասաց Սամսոն Գրիգորյանը։ Հետաքրքրվեցինք, թե արդյոք Ռուսաստանի նկատմամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը, արտաքին քաղաքականության կուրսի փոփոխությո՞ւնն է հանգեցրել այս վիճակին, եւ դա ավելի շատ անփորձություն կամ արկածախնդրությո՞ւն է, թե՞ փորձում են այլ տնտեսական գործընկերներ գտնել, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչն ասաց․

«Որոնումների մեջ լինել եւ հստակ ծրագիր, սցենար չունենալով նման բան անելը ես կգնահատեմ թեթեւամտություն, որովհետեւ նման քայլի գնալու, տարածաշրջանային նման հեգեմոնին ձեռնոց նետելու դեպքում մենք պետք է ունենանք շատ լուրջ, շատ մտածված պլան, գործողությունների սցենար, այսինքն՝ պետք է պատրաստ լինենք նրան, որ մեր արտահանումը դադարեցվելու է այդ ուղղությամբ, որ մեզ համար որոշակի ապրանքներ` Ռուսաստանից ներմուծվող, թանկանալու են կամ ընդհանրապես կտրվելու են։ Այսինքն՝ մենք պետք է կոնկրետ գործողությունների պլան ունենանք։ Պետք է կոնկրետ երաշխիքներ ունենանք նման քայլերի գնալուց: Հուսով եմ, կառավարությունը որոշ գաղտնի պլաններ ունի, որոնք չի կիսում մեզ հետ, այլապես սա շատ տխուր հետեւանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության տնտեսության համար»։

Եթե Միացյալ Նահանգների ու Եվրոպայի հետ արդեն պայմանավորվածություններ չունեն, եթե չգիտեն` ինչպես են պաշտպանելու ներքին արտադրողին, եթե չգիտեն, թե դեֆիցիտն ինչպես են լրացնելու պատժամիջոցների դեպքում ու նման քայլեր են անում, ուրեմն պատրաստ եղեք շատ վատ հետեւանքների՝ եզրափակեց մեր զրուցակիցը։